ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ԿՍՏԱՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ Արագածոտնի մարզից մեկնարկեցին ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ։

 

Հանրակրթության ոլորտի բարեփոխումների, նոր ուսումնական տարվանից կիրառվելիք նորարարական մոտեցումների վերաբերյալ խորհրդակցությունը վարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարության եւ մարզպետարանի հանրակրթության ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մարզի 118 դպրոցների տնօրենները:

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ողջունելով ներկաներին, նախ ամփոփ տվյալներ ներկայացրեց Արագածոտնի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին մասնակցած դիմորդների արձանագրած ցուցանիշների մասին՝ հղում կատարելով ԳԹԿ ներկայացրած տվյալներին։

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ նախարարի տեղակալն անդրադարձավ նաեւ պետական նոր չափորոշչի ներդրման, հանրակրթության կազմակերպման գործընթացի լավարկմանը, կրթական միջավայրի արդիականացմանը, ուսուցչի դերի վերաիմաստավորմանը, նրա աշխատանքի խրախուսմանը, կարողունակությունների զարգացմանը, կրթության ներառականության ընդլայնմանն ու, ընդհանուր առմամբ, կրթության որակի բարձրացմանն ուղղված բաղադրիչներին, որոնք արդեն իսկ կգործարկվեն 2023-2024 ուսումնական տարվանից։

Նշվեց նաեւ, որ սեպտեմբերից նոր չափորոշիչը ներդրվելու է 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում, իսկ 10-րդ դասարանում այն կգործի հաջորդ ուսումնական տարվանից։ Սեպտեմբերից մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչները, ինչպես նաեւ Հայաստանում ԲՏՃՄ առարկաների (բացառությամբ մաթեմատիկական առարկաներ դասավանդողների) բոլոր ուսուցիչները կստանան 25 % հավելավճար։ Ի հավելումն նախարարի տեղակալի պարզաբանումների՝ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները խոսեցին աշակերտների կրթական իրավունքի իրացումն արդյունավետ կազմակերպելու կարեւորության մասին՝ շեշտադրելով թե՛ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար լավագույն պայմանների ապահովման եւ թե՛ բուլինգի, ընտանիքում երեխայի բռնության եւ այլ արատավոր երեւույթների վերահսկման եւ կանխարգելման բացառման կարեւորությունը։ Հնչած հարցերի շուրջ տնօրենները հարցադրումներ են ներկայացրել, որոնց վերաբերյալ ծավալվել է քննարկում։

Արագածոտնի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը  տեղեկացրեց, որ մինչեւ 2024 թվականը Արագածոտնի գրեթե բոլոր դպրոցները կունենան ԲՏՃՄ առարկաների լաբորատորիաներ, այդ թվում՝ 13-ը կգործարկվեն այս ուսումնական տարվա սկզբին։ Նա անդրադարձել է նաեւ ՀՀ կառավարության՝ «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրին՝ նշելով, որ Արագածոտնի մարզում 1-ին փուլով 22 դպրոց է կառուցվելու կամ վերակառուցվելու։ Օհանավանի, Լուսակնի եւ Գառնահովիտի դպրոցների շինաշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Սասունիկի եւ Արագածավանի թիվ 1 դպրոցների կառուցման աշխատանքները մեկնարկել են, ուստի նոր ուսումնական տարվանից այս դպրոցների աշակերտների ուսումնական գործընթացը մինչեւ դպրոցների կառուցման ավարտը կկազմակերպվի մոտակա այլ դպրոցներում։

Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ ներկայացուցիչները հանդիպեցին նաեւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ՝ նրանց իրազեկելով նախադպրոցական կրթությանն առնչվող նորամուծությունների մասին։ Ընդգծվեց, որ նախադպրոցական կրթությունը՝ որպես կրթության առաջնային օղակ, ոչ պակաս կարեւորվում է ՀՀ կառավարության կողմից, ուստի մեկնարկած մեծածավալ բարեփոխումների թիրախը նաեւ այս ոլորտի զարգացումն է։ «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով մարզերում շուտով կհիմնվեն նոր մանկապարտեզներ, կվերակառուցվեն գործողները: Բացի շենքային արդի պայմաններ ապահովելուց, ընթացքի մեջ են նաեւ բովանդակային փոփոխություններ, որոնք նախատեսում են նախակրթարանների եւ մանկապարտեզների մանկավարժական կազմի կարողությունների զարգացում եւ ֆինանսական նոր մոդելի կիրառում։

Հիշեցնենք, որ խորհրդակցությունների նպատակն է, նոր ուսումնական տարվան ընդառաջ, ոլորտի խնդիրները քննարկել տեղերում տնօրենների, հանրակրթության մարզային պատասխանատուների հետ:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՊԱՀՊԱՆԻ ԱՃԻ ՏԵՄՊԸ

Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում տնտեսական աճի տեմպերով 2023 թվականին կպահպանի իր առաջատարությունը:

Լրագրողների հետ հանդիպմանը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ արդյունաբերական արտադրությունը ԵԱՏՄ-ում 2023 թվականի 5 ամսում աճել է գրեթե 2%-ով, Հայաստանում՝ 3%-ով։

Մանասերյանը հավելեց, որ ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի աճի ցուցանիշով Հայաստանը 3%-ով երկրորդ տեղում է, առաջին կիսամյակի մաքսատուրքերի միջոցով նրան փոխանցվել է 34,3 մլրդ դրամ։

Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ Հայաստանի տնտեսության աճի ներուժը կավելանա Ռուսաստանից ներգաղթյալների եւ արտադրողականության բարձրացման հաշվին։ «Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները գրանցելու տնտեսական ակտիվության առնվազն 9 տոկոս, հնարավոր է՝ 11-12 տոկոս աճ։ Արտաքին եւ փոխադարձ առեւտրաշրջանառության ծավալը 2023 թվականի հունվար-հունիսին, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 72,9%-ով։ Հայաստանում հարկային եկամուտների եւ պետական տուրքերի ծավալն առաջին կիսամյակում աճել է 16,4 տոկոսով»,- հավելեց փորձագետը։

Նա մեջբերեց Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները, ըստ որոնց՝ 2023 թվականի հունվար-հունիսին տնտեսական ակտիվությունը, 2022 թվականի հունվար-հունիսի համեմատ, կազմել է 11,4 տոկոս։ «Այս տարվա վեց ամիսների արդյունքներով աճ է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում՝ բացառությամբ էլեկտրաէներգիայի արդյունաբերության եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի։ Առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը, 2022 թվականի հունվար-հունիսի համեմատ, աճել է 1%-ով։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2 տոկոսով»,- ընդգծեց նա։

Թաթուլ Մանասերյանը նշեց, որ 2023 թվականի վեց ամիսներին, 2022 թվականի հունվար-հունիսի համեմատ, շինարարության ծավալն աճել է 17 տոկոսով, ներքին առեւտրի շրջանառությունը՝ 23,6 տոկոսով, ծառայությունների ոլորտի ծավալը՝ (առանց առեւտրի) 16,8 %-ով, իսկ միջին աշխատավարձը՝ 13,7%-ով։

Նրա խոսքով՝ արտաքին քաղաքական գործոնները բացասաբար են ազդում Հայաստանի տնտեսության վրա։

«Հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջանյանն ասաց, որ Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել Հայաստանի տնտեսական աճի 10-20%-ի կորստի հանքարդյունաբերության վրա բացասական ազդեցություն թողնող գործընթացների պատճառով։ Այս գործոնը նվազեցնում է Հայաստանի արդյունաբերության տնտեսական ակտիվության աճը։ Հայաստանում 2023 թվականի հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 23,3%-ով»,- եզրափակեց տնտեսագետը։

 

 

 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ՝ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԻՑ

Տավուշի մարզում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը լիակատար ձախողվել է, որի ապացույցն են մարզպետարանից ստացված փաստական տվյալները։ Տավուշի մարզպետարանից հայտնեցին, որ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում է 1577 ուսուցիչ, ընդհանուր առմամբ, 2021 եւ 2022 թվականներին կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչներից 72-ը արձանագրել են 70 եւ ավելի տոկոս արդյունք: Մարզի դպրոցներում աշխատող, միջին մասնագիտական կրթություն ունեցող 133 ուսուցիչներից 68-ը հայտ է ներկայացրել կամավոր ատեստավորման համար: Կամավոր ատեստավորման համար 2023 թվականի հայտագրման վերաբերյալ մարզպետարանից տվյալներ չտրամադրեցին՝ պատճառաբանելով, որ գործընթացը դեռ չի ավարտվել:

 

 

 

 

ՊՆ-Ն ԷՔՍԿԱՎԱՏՈՐՆԵՐ ՉՈՒՆԻ՞

Բերդի համայնքապետարանի ինտերնետային կայքում տեղադրված է հետեւյալ հայտարարությունը. «Ի պատասխան ներբնակավայրային եւ դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքների հետ կապված ձեր բազմաթիվ հարցերի ու անհանգստության՝ տեղեկացնում ենք. Բերդ համայնքի տեխնիկական պարկում առկա երկու էքսկավատորները միաժամանակ մեկամսյա ժամկետով գտնվում են ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրության տակ: Համայնքի բնակավայրերում իրականացվող ներբնակավայրային եւ դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքների շրջանակում առաջացող խնդիրներն ու թերացումները, սահմանված ժամանակացույցից հնարավոր շեղումները պայմանավորված են տեխնիկայի բացակայությամբ: Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառվող անհանգստության համար»։ Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարար դառնալուց  հետո   կարողանում է  հայտնի  «Փարավոն» ռեստորանում շքեղ հարսանիք անել, իր  համար Երեւանում շքեղ բնակարան գնել, սակայն նրա գլխավորած Պաշտպանության նախարարությունը սահմանագոտում աշխատանքների համար պահանջվող էքսկավատորները սահմանամերձ, հոգսաշատ Բերդ համայնքից է վերցնում, համայնքի աշխատանքները մնում են չիրականացված։

 

 

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ Դիլիջան համայնքի ղեկավար  Դավիթ Սարգսյանը որոշում է կայացրել 2023 թվականի օգոստոսի 4-ից Ադամ Սարգսյանին նշանակել Դիլիջան համայնքի ղեկավարի օգնական։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում տեղեկություներր կան համայնքապետարանի բոլոր աշխատողների մասին, նույնիսկ համայնքապետարանի հավաքարարների մասին, սակայն համայնքի ղեկավարի նորանշակ օգնականի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս