Արարատի մարզպետարանում անցկացվել է 2023-2024 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը։
Կրթական համակարգի բարեփոխումների, նոր ուսումնական տարվանից կիրառվելիք նորարարական մոտեցումների վերաբերյալ քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը, նախարարության եւ մարզպետարանի պաշտոնատար անձինք, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մարզի դպրոցների եւ նախադպրոցական հաստատությունների տնօրեններ։
Խորհրդակցությանը քննարկվել են 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում նոր չափորոշիչների ներդրմանն առնչվող մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են ուսուցիչների վերապատրաստմանը եւ նոր դասագրքերի ստեղծմանը։
Արաքսիա Սվաջյանը նշել է, որ որոշ դասագրքեր փորձաքննության արդյունքում երաշխավորվել են, սակայն մի քանի դասագրքերի վերաբերյալ կան բողոքարկումներ, որոնք ուղարկվել են լրացուցիչ փորձաքննության։
«Պետք է վստահ լինենք, որ այս կամ այն դասագիրքը, որը երաշխավորվել կամ չի երաշխավորվել, հիմնավոր է։ Պետք է վստահ լինենք, որ դպրոց մտնող ցանկացած դասագիրք իսկապես համապատասխանում է բոլոր սահմանված չափանիշներին»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ դասագրքերը տպագրման փուլում են։
Նշվել է նաեւ, որ սեպտեմբերից մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցների, ինչպես նաեւ Հայաստանում ԲՏՃՄ առարկաների (բացառությամբ մաթեմատիկական առարկաներ դասավանդողների) ուսուցիչները կստանան հավելավճար։
Քննարկվել են նաեւ պարտադիր եւ կամավոր ատեստավորմանը, ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանն առնչվող հարցեր:
«Դպրոցն այն միջավայրն է, որը ոչ միայն գիտելիքներ, հմտություններ պետք է տա երեխաներին, այլեւ արժեքներ պետք է ձեւավորի, ապահովի անվտանգ միջավայր, որտեղ երեխաները կկարողանան արդյունավետ ուսումնառություն իրականացնել։ Ցավոք, դպրոցներում համընդհանուր ներառման հետ կապված խնդիրներ կան, եւ այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանենք»,- նշել է Արաքսիա Սվաջյանը եւ հավելել, որ առաջիկա սեպտեմբերից ներդրվող ֆինանսավորման նոր մոդելով բոլոր դպրոցներում պարտադիր է լինելու հոգեբանի հաստիքը։
Առանձին խորհրդակցություն է անցկացվել նաեւ նախադպրոցական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ։
Նախարարի տեղակալը ներկայացրել է պարզաբանումներ նախադպրոցական կրթության համակարգի բարեփոխումների վերաբերյալ: Այս համատեքստում նշվել է, որ ներդրվել է ղեկավարման իրավունքի հավաստագրման համակարգ: Ըստ այդմ՝ նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավակնորդները պետք է հանձնեն հավաստագրման քննություններ, ձեռք բերեն ղեկավարման իրավունքի հավաստագիր: Նախադպրոցական հաստատությունների այն տնօրենները, որոնք աշխատում են աշխատանքային անժամկետ պայմանագրերով, մինչեւ 2024 թվականի հունիսի 1-ը պետք է հասցնեն ձեռք բերել ղեկավարման իրավունք: Տնօրենների հավակնորդների հավաստագրման գործընթացը կազմակերպում է ԿԳՄՍ նախարարությունը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման եւ ատեստավորման, ներառական կրթության համատեքստում ձեռնարկվելիք միջոցառումներին առնչվող մի շարք այլ հարցեր։ Խորհրդակցության ավարտին նաեւ հարց ու պատասխան է անցկացվել։
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ԿԱՇԱՌՔ Է ՎԵՐՑՐԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետի կողմից շուրջ 4 տասնյակ քաղաքացիներից կաշառք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Իրականացված քննչական եւ վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետը, 2014-2019թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, իրավասու լինելով նշանակել ու վերահաշվարկել կենսաթոշակները եւ նպաստները, իրեն ի պաշտոնե դիմած շուրջ 4 տասնյակ քաղաքացիներից պահանջել եւ ստացել է տարբեր չափերի կաշառք՝ իր իշխանական եւ ծառայողական լիազորություններն ու դրանով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով, աշխատանքային ստաժի տարիները պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ավելացնելու, քաղաքացիների կենսաթոշակը, 65 տարեկանը լրանալու փոխարեն, 63 տարեկանից ձեւակերպելու, աշխատանքային ստաժը ավել գրի առնելու միջոցով կենսաթոշակը բարձր ձեւակերպելու, որոշ անձանց իրեն ենթակա ստորաբաժանումում աշխատանքի ընդունվելու գործընթացը կազմակերպելու, տարիներ շարունակ կենսաթոշակը վճարված չլինելու հիմքով դադարեցված հաշմանդամության, ինչպես նաեւ կուտակված կենսաթոշակները միանվագ տրամադրելու եւ վերականգնելու, ապագայում ստացվելիք կենսաթոշակը բարձր ձեւակերպելու նպատակով քաղաքացիների աշխատանքային գրքույկում ակնհայտ ապօրինի կեղծ տեղեկություններ ներառելու գործողություններ կատարելու դիմաց:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (32 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով եւ 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Կաշառք տալու համար մեղադրանքներ են ներկայացվել նաեւ վերոնշյալ քաղաքացիներից 5-ին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
ՋԱՐԴՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ «ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ»
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչները ահազանգում են, որ զբոսաշրջային քաղաքի ամենակենտրոնը վերածվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի շենքի մոտ կայանած, վթարների հետեւանքով ջարդված ավտոմեքենաների «ցուցահանդեսի»։ Մյասնիկյան փողոցում՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի շենքի դիմաց՝ «Ծիրան», «Նյու Սիթի» հանրախանութների, Դիլիջանի կենտրոնական դեղատան, «VivaCell»-ի Դիլիջանի գրասենյակի հատվածում առկա տարածքը ՀՀ ոստիկանությունը դարձրել է «Տուգանային հրապարակ», դրան ավելացրած՝ քաղաքի կենտրոնական ճանապարհին մշտապես երկկողմանի կայանած թվով 12-15 մարդատար եւ բեռնատար մեքենաները խոչընդոտում են երթեւեկությանը։ Նման իրավիճակում պարեկային ծառայությունը չի զլանում բարձրախոսներով «սպառնալիքներ» հնչեցնել կայանած ավտոմեքենաների պատճառով ստիպված ավտոճանապարհի 2-րդ գիծ կայանած վարորդներին։ Այս ամենին գումարվում է վերոհիշյալ սուպերմարկետների հաճախորդների՝ ավտոմեքենաներով հոսքը, ուստի նշված հատվածում մշտապես առաջանում են տրանսպորտային խցանումներ։
Դիլիջան քաղաքի բնակիչները բողոքում են, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի տուգանային հրապարակում կայանած ավտոմեքենաների պատճառով քաղաքի կենտրոնը վերածվել է ավտոմեքենաների գերեզմանոցի, վթարված մեքենաների տեսքը տգեղ է, այդ ավտոմեքենաներից տարածվող զզվելի հոտը տհաճ անակնկալ է Դիլիջան քաղաք այցելող արատասահմանցի եւ հայաստանցի հազարավոր զբոսաշրջիկների համար:
Դիլիջանցիները ասում են, որ նշված հատվածում մշտապես կայանած ավտոմեքենաների պատճառով «Ծիրան» եւ «Նյու Սիթի» հանրախանութներ այցելած գնորդները իրենց ավտոմեքենան կայանելու համար շուրջ կես ժամ ազատ տեղ են որոնում, իսկ «Նյու Սիթի» սուպերմարկետի առաջ գտնվող տարածքը մշտապես զբաղեցնում են այդտեղ կայանած դիլիջանցի տաքսիստները։
Դիլիջանի քաղաքապետարանի շենքի կողքին գտնվող անցումի վրա կայանած է ավտոմեքենայի «շառավոյը» ջարդած ավտոմեքենա։ Դիլիջանի բնակչուհի Էմմա Վարդանյանը հայտնում է, որ ինքը գնացել է ոստիկանության Դիլիջանի բաժին եւ բաժնի աշխատակիցներին հարցրել, թե ինչու են ջարդված ավտոմեքենաները կայանած քաղաքի կենտրոնում: Բաժնի ոստիկանները պատասխանել են, որ դա օրինական է։
Դիլիջանի բնակիչներից շատերը տուրիստական քաղաքի ամենակենտրոնում տիրող նման վատ իրավիճակի համար մեղադրում են վիճակն իր աշխատասենյակից տեսնող, սակայն իրավիճակին չարձագանքող, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին եւ ոստիկանության Դիլիջանի բաժնի ղեկավարությանը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ