ՖՈՏՈ. Հանգուցյալի կտակ, սիրուհիներ, դագաղում նկարահանվելու բարդություններ. ինչ է ապասվում «Սևազգեստ կանայք»-ի պրեմիերային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 15-ից մեծ էկրաններին կհայտնվի «Սևազգեստ կանայք» կատակերգությունը։ Ֆիլմի պրեմիերան նախատեսվում էր դեռևս մեկ տարի առաջ,սակայն մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ հետաձգվեց։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ պրեմիերան հետաձգվել էր նախ իրավիճակով պայմանավորված, ապա՝ ժամանակային առումով ֆիլմարտադրողների ու կինոթատրոնների հետ ունեցած իրար չխանգարելու պայմանավորվածության, ավելի նպատակահարմար ժամանակ ընտրելու հետ կապված։

Ֆիլմի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերի 15-ը նշանակալի օր է իր համար և լավագույնը «Սևազգեստ կանայք»-ի պրեմիերայի համար, քանի որ իր առաջին ֆիլմը՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում»-ը 17 տարի առաջ հենց այդ օրն է տեղի ունեցել։

Նա նաև նշեց, որ ֆիլմի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել այս ընթացքում, նախնական տարբերակով ինչպես եղել է՝ դեռ անցած տարվանից, այդպես ներկայացվելու է։

Խոսելով դերասանական կազմի մասին Գոռը նշեց, որ ընտրված են լավագույնները.

«Երբ ես դեռ ուսանող էի, իմ ռեժիսուրայի դասախոսը մի անգամ ասաց, որ լավագույն տարբերակը՝ ճիշտ դերասաններ ընտրելու, քասթինգն է։ Ինքս դերասաններին ընտրելիս չեմ առաջնորդվում նրանց հայտնիությամբ, փորձում եմ գտնել այն մեկին, որին սազում է կերպարը»։

Նշենք, որ ֆիլմի գլխավոր դերերում  նկարահանվել են Դիանա Մալենկոն, Իվետա Մուկուչյանը, Լուիզա Ներսիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ռոզի Ավետիսովան, Արտյոմ Մարկոսյանը, Ելենա Վարդանյանը, Ռոմելա Սարգսյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը և այլք։

Անդրադառնալով հատկապես դերասան Արտյոմ Մարկոսյանի՝ դագաղի հետ ունեցած «անախորժություններին» ռեժիսորը նշում է, որ դերասանը սցենարը միանգամից հավանել է, բայց անընդհատ իր մոտ եղած փոքրիկ սնահավատություններին է տուրք տվել.

«Իհարկե, ես դերասանների հետ մինչ նկարահանումը քննարկում,փորձում եմ հարթել ու հասկանալ բոլոր անհանգստությունները, որը եղավ նաև Արտյոմի դեպքում։ Ի վերջո մենք հասանք մի կետի, որ Արտյոմը խոստացավ պառկել դագաղի մեջ, հասկանալով, որ դագաղը պարզապես իրար ամրացված 4 տախտակներ են»։

Գոռի խոսքով, հասկանալն այլ է, դա անելը մեկ այլ բան ու ինքը ի սկզբանե պատկերացրել է, թե ինչքան դժվար կլինի Արտյոմի համար, մտածել է ոգևորման հետաքրքիր տարբերակ.

«Բոլորի հետ պայմանավորվեցի, որ երբ Արտյոմը կմտնի դագաղի մեջ՝ բարձր ծափահարեն ու հենց այդպես էլ եղավ»։
Խոսելով սցենարային լուծումների մասին ռեժիսորը նշեց, որ սա յուրովի պատմություն է, որևէ ֆիլմի չնմանվող։

Իրադարձությունները կատարվում են հոգեհանգստի ժամանակ, որին, բացի ընտանիքի անդամներից ու հարազատներից, ներկայանում են նաև հանգուցյալի սիրուհիները։ Ընտանիքի անդամները, բնականաբար, անակնկալի են գալիս նրա սիրուհիների գոյության մասին իմանալով, իսկ կանանցից յուրաքանչյուրը՝ բացահայտելով, որ ինքը միակը չի եղել։ Սյուժեի հետաքրքիր մասն է կազմում հանգուցյալի կտակը։

Խոսելով առաջին ֆիլմի՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում»-ի հետ ունեցած հավանական նմանության մասին, Գոռը շեշտում է, որ միակ նմանությունը հոգեհանգստի առկայությունն է, ուրիշ ոչինչ։
Կատակերգության պատմության հեղինակը Դավիթ Բաբախանյանն է, սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը եւ Գոռ Կիրակոսյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Կարո Կիրակոսյանը։

Մարիամ Ղազարյան




Լրահոս