ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼՈՌԻՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզում գործում է մարզային ենթակայության 29 բուժհաստատություն, 5 բժշկական կենտրոն, 1 դիսպանսեր, 4 պոլիկլինիկա, 19 առողջության առաջնային պահպանման կենտրոն, հիվանդանոցային հզորությունը 461 մահճակալ է: Այս մասին նշվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Վանաձորում կայացած խորհրդակցության ժամանակ, որտեղ ներկայացվեց  Լոռու մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

 

«Ժողովուրդ» օրաթերթին վարչապետի աշխատակազմից  հայտնում են, որ ոլորտում ներդրումների ծավալը  կազմում է 1,7 մլրդ դրամ: Վանաձորի բժշկական կենտրոնում բացվել է Ֆիզիոթերապիայի եւ վերականգնողական բժշկության բաժանմունք, որը հագեցվել է «Ազնավուր հիմնադրամ»-ի աջակցությամբ: 2023թ. Սպիտակի բժշկական կենտրոնը սեփական միջոցներով ձեռք է բերել Siemens գերմանական ապրանքանիշի գերհզոր Siemens go.Up համակարգչային տոմոգրաֆ՝ 162 մլն դրամ արժեքով: Առողջապահության նախարարության կողմից 2022թ. մարզի 4 առողջապահական հաստատություններին տրամադրվել են թվային ռենտգեն սարքավորումներ, Ալավերդու բժշկական կենտրոնին անհատույց 5 տարի ժամկետով տրամադրվել է ամենագնաց շտապ օգնության ավտոմեքենա:

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի («COAF») կողմից կառուցվել է «Դսեղի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր, ժամանակակից սարքավորումներով եւ գույքով հագեցած շենք: Ներդրումների ծավալը կազմում է 168 մլն դրամ:

Միջազգային համագործակցության շրջանակում «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) կողմից շուրջ 2 մլրդ դրամի ներդրում է կատարվել գյուղական համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում: Մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել է Լոռու մարզի տնտեսական զարգացման համաժողովը: ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում՝ հանուն զարգացման Լոռու եւ Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակում շուրջ 11.6 մլն դրամի ներդրում է կատարվել:

Նշենք, որ զբոսաշրջության բնագավառում ներդրումների ծավալը 2022թ. կազմել է շուրջ 1,8 մլրդ դրամ: Հյուրանոցային տնտեսություններ թիվը 273-ն է, որից 20-ը նոր հյուրանոցային տնտեսություններ են: 2022թ. մեկնարկել են Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման 2023-2027 թթ. ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները:

Վարչապետին ներկայացնելով մշակույթի եւ սպորտի բնագավառում իրականացված աշխատանքներն ու ընթացիկ ծրագրերը՝ նշվեց, որ մարզում առկա է 19 մարզադպրոց, 3 մարզակումբ, 21 գրադարան, 8 թանգարան, 28 երաժշտական, արվեստի, գեղարվեստի պարարվեստի դպրոց: Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում վերականգնվել է շուրջ 21 հնագիտական իր: Թանգարանում կազմակերպվել են 7 թեմատիկ ցուցադրություններ: Այցելուների թիվը 2021 թ. կազմել է 2534, իսկ 2022 թ.՝ 3972: 7 դպրոցում իրականացվել են մարզադահլիճների հիմնանորոգման, շինարարական աշխատանքներ: Սպորտդահլիճներ են առկա 88 դպրոցում, որից նորոգման ենթակա են 64-ը:

Հավելենք, որ խորհրդակցության ժամանակ խոսվեց նաեւ առաջիկա ծրագրերի մասին: Մասնավորապես՝ նշվեց, որ Լոռու մարզպետարանի եւ Վանաձորի համայնքապետարանի հետ համատեղ մշակվել է Վանաձոր համայնքի կայուն զարգացման ծրագիրը: Ծրագրի ընդհանուր արժեքը 27 մլն եվրո է: Լոռու մարզպետարանի հետ համատեղ մշակվել եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից հաստատվել են Վանաձոր, Սպիտակ, Թումանյան եւ Փամբակ խոշորացված համայնքների կոմունալ եւ սանիտարական պայմանների բարելավման ծրագրերը: «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի եւ Լոռու մարզպետարանի համատեղ ջանքերով ընթացքի մեջ է «Երեւանի շոկոլադի գործարան» ընկերության ներդրումային ծրագիրը: «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից մարզի 7 համայնքներում ընթացքի մեջ է 11 «Թումո տուփ»-երի եւ Վանաձորում «Թումո» կենտրոնի կառուցման գործընթացը:

Առաջիկա ծրագրերի շարքում են նաեւ Տաշիրի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումը, Վանաձորի բժշկական կենտրոնի կազմում գործող Վարակաբանական բաժանմունքի նոր մասնաշենքի կառուցումը, Ստեփանավանի բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքի բացումը:

Շարունակելով ներկայացնել առաջիկա ծրագրերի մասին տեղեկատվություն՝ նշվեց նաեւ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասում առկա վթարային փայտյա բնակելի շենքերի փոխարեն նոր թաղամասի կառուցումը, որի արդյունքում 309 ընտանիք կունենա նոր բնակարան: Ներդրումների ծավալը 2022 թ. կազմել է 24,3 մլն դրամ: Խոսվել է նաեւ 4 համայնքներում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների մասին, որի ներդրումների ծավալը 2022 թ. կազմել է 14,8 մլն դրամ:

Վարչապետը խորհրդակցության ընթացքում անդրադարձավ դպրոցների կառուցման, ինտենսիվ այգեգործության ընդլայնման, գյուղատնտեսական տնտեսություններին անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման, այլ ճյուղերի զարգացման, ճանապարհաշինության, դպրոցների եւ մանկապարտեզների հիմնանորոգման ու կառուցման, ինչպես նաեւ այլ ծրագրերին, պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ:

 

 

 

ՆՈՐՄԱՅԻՑ ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ

Հայաստանի Հանրապետությունում գրեթե ողջ սեպտեմբերին ամառային ջերմային ֆոն կդիտվի, ջերմաստիճանն էլ նորմայից 1-2 աստիճանով բարձր կլինի։

 

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց  Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ ընդգծելով, որ  տեղումների քանակը նորմայի սահմաններում կլինի, այսինքն՝ գրեթե նույն քանակությամբ, ինչ օգոստոսի ամսին։

«Սեպտեմբերին օրացույցով տեղափոխվում ենք աշուն, սակայն ընդհանուր առմամբ կլիմայական ցուցանիշներով այն բացարձակ ամառային ամիս է։ Մինչեւ սեպտեմբերի 20-ը հանրապետության նույնիսկ լեռնային շրջաններում ամառային ջերմային ֆոն է դիտվելու։ Այս տարվա սեպտեմբերին օդի ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 1-2 աստիճանով կլիմայական նորմայից բարձր, այսինքն` ավելի տաք սեպտեմբերի կլինի»,- նշեց Սուրենյանը։ Փորձագետը նշեց, որ հարավ-արեւմուտքից օգոստոսի 28-ին ցիկլոն է ներթափանցելու ՀՀ տարածք:

«Օգոստոսի 29-ի կեսօրից հետո եւ հատկապես երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում կլինեն ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւներ։ Օդի ջերմաստիճանն էլ մոտ 4-5 աստիճանով կիջնի, սակայն դա կտեւի 1 օր»,- նշեց Սուրենյանը։ Ըստ նրա՝ օգոստոսի 30-ից այդ ցիկլոնն աստիճանաբար դուրս կգա Հայաստանից։

 

 

 

ԱՆՀԱՄՈԶԻՉ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ հարցնելով.

«1. Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից վերջին 3 տարում Աղստեւ գետի հունում կատարված ապօրինի շինարարության հետեւանքով Իջեւանի դենդրոպարկը զրկվել է ոռոգման ջրից, դենդրոպարկում չորացել են հազվագյուտ, արժեքավոր 1500 ծառ ու թուփ, 24 հազար տնկի։  Շրջակա միջավայրի նախարարությունը ե՞րբ է փորձագիտական հանձնաժողով ստեղծելու՝ դենդրոպարկին պատճառված հսկայական վնասները հաշվարկելու համար։

  1. Իջեւանի դենդրոպարկին մեծ վնասներ պատճառած Իջեւանի գինու, կոնյակի գործարանին ի՞նչ տրամաբանությամբ է դենդրոպարկի տարածքից 5,7 հեկտար տարածք վարձակալությամբ տրվել՝ հանգստի գոտի ստեղծելու համար։
  2. Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լեւոն Տեր-Սիմոնյանը Իջեւանի դենդրոպարկի 4 աշխատողներին ծանուցել է Իջեւանի դենդրոպարկի հաստիքները օգոստոսի 20-ից կրճատելու մասին։ Այդ հաստիքները լուծարելուց հետո դենդրոպարկում գտնվող հազվագյուտ, արժեքավոր ծառերի, թփերի, տնկիների խնամքը ովքե՞ր են իրականացրելու, դենդրոպարկի տարածքն ի՞նչ կազմակերպություն է տնօրինելու»։

Նախարարությունից ստացված պատասխանում նշված է.

«1. Նշված խնդիրը գտնվում է նախարարության ուշադրության տիրույթում, եւ մեկնարկել է փորձագիտական հանձնաժողով ստեղծելու գործընթաց։

  1. Դենդրոպարկի տարածքը վարձակալությամբ է տրամադրվում «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով։
  2. Դենդրոպարկի ընդհանուր տարածքը կազմում է 14,6 հա, որից 8,4964 քառակուսի մետրը 2016 թվականի մարտի 15-ից 24 տարի ժամկետով վարձակալության է հանձնվել «Կանաչ Սիմֆոնիա» ՍՊԸ-ին: Նշվածից հետեւում է, որ դենդրոպարկի ողջ տարածքը հանձնված է վարձակալության. հսկողությունն իրականացվում է վարձակալների կողմից: «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը տարվա ընթացքում առնվազն երկու (գարնանային եւ աշնանային) ստուգում է իրականացնում վարձակալված տարածքներում»։

Նախարարությանից ստացված պատասխանում այդպես էլ չի պարզաբանվում, թե ինչու անցած 3 տարում դենդրոպարկի կրած վնասները հաշվարկող հանձնաժողով այդպես էլ չի ստեղծվել, այն նոր է մեկնարկել, ինչու են «գայլին գառ պահ տվել», այսինքն՝ դենդոպարկից 5,7 հեկտար տարածք վարձակալությամբ հանձնել Աղստեւ գետի հունն ավերած, այնտեղ ապօրինի մեծ շինարարության արած, Իջեւանի դենդրոպարկը երկու տարի եւ յոթ ամիս ջրազրկած Իջեւանի գինու, կոնյակի գործարանին։ Եվ վերջապես, ի՞նչ է լինելու գինու, կոնյակի գործարանին վարձակալությամբ տրված տարածքում գտնվող ընդհանուր 50 միլիոն դրամ արժեքով տնկիների հետ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս