Ի՞ՆՉ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում օրերս ակտիվորեն շրջանառվում են նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին տեղեկություններ:

 

Ի՞նչ մտադրություն ունի Արայիկ Հարությունյանը, պատրաստվո՞ւմ է արդյոք հրաժարական տալ, եւ ովքե՞ր են նրա հրաժարականը պահանջողները. այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:

-Մենք կանգնած ենք շատ ծանր խաչմերուկին եւ պիտի անենք հնարավոր ամեն բան, որ ցանկացած որոշում, որը կընդունվի, լինի համապարփակ, լինի լավ մտածված պետական կառույցների եւ լուրջ քաղաքական ուժերի մասնակցությամբ: Սա չպետք է լինի նաեւ գործող նախագահի անձնական էմոցիոնալ որոշումը: Նա այդ իրավունքը չունի, հետեւաբար եթե մենք, հատկապես՝ այդ ծանր պայմաններում, գալիս ենք մի ընդհանուր եզրակացության՝ լինի դա գործող նախագահի լիազորությունների շարունակման, թե դադարեցման վերաբերյալ, սա պետք է լինի համապարփակ: Անթույլատրելի է իրականացնել էմոցիոնալ որոշումներ՝ ինչ-որ պրովոկատորների կամ ինչ-որ անհայտ շրջանակներ սպասարկող անձանց կարիքների հիման վրա, որովհետեւ սրանից կախված է մի ողջ ազգի ճակատագիր:

-Իսկ Դուք տեղյա՞կ եք՝ երբ ու ում կողմից  սկսվեցին այս խոսակցությունները: Ովքե՞ր են այն շրջանակները, որոնք ցանկություն ունեն իրավիճակը լարել, ի՞նչ տեղեկություններ ունեք:

-Ժամանակը կգա, ամեն ինչի մասին կխոսենք: Հիմա դրա մասին խոսել պետք չէ: Արցախում բոլորն էլ գիտեն՝ ով ով է: Բոլորի վարկանիշն էլ պարզ է, եւ այստեղ կարեւոր չէ, թե ով է բղավում ամենաուժեղը. բոլորը բոլորին գիտեն, եւ սա լավ է, քանի որ հասարակության համար ամեն ինչ պարզ է: Խնդիրը սրա մեջ չէ: Խնդիրը նրանում է, որ մենք պետք է պահպանենք պետական համակարգը: Այստեղ խնդիրը անհատներն էլ չեն. եթե որոշում է կայացվում, համապարփակ պետք է կայացվի, որ հանկարծ պետական համակարգը չքանդվի:

-Պարո՛ն Բաբայան, երեկ Ադրբեջանը  հերթական կեղծ մարդասիրական քայլն է արել եւ Աղդամի ճանապարհով հումանիտար բեռներ է Արցախ ուղարկել: Ի՞նչ մտադրություն ունի Ադրբեջանը՝ ըստ Ձեզ:

-Հասարակությունը շատ վատ է տրամադրված ընդհանուր առմամբ: Գիտե՞ք՝ ինչու. խնդիրը այդ ճանապարհը չէ, այլ այն, որ այդպես չեն անում մարդասիրական օգնությունը: Ռուսաստանը՝ որպես երաշխավոր, եւս պետք կատարի իր վրա վերցված պարտականությունները: Որեւէ պայմանագրում գրվա՞ծ է, որ Ադրբեջանը կարող է օկուպացնել այդ միջանցքը: Ոչ մի տեղ: Հետեւաբար առաջնահերթ պետք է վերականգնվի այդ շնչերակը՝ միջանցքը: Մնացած հարցերը՝ ուզում են ուղարկել, ուզում ենք ընդունել, այլ խնդիր է:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԹՈՎՄԱՍՅԱՆԸ՝ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է. «Միջազգային գործընկերներիս ահազանգել եմ, որ Ադրբեջանը խաղաղ բնակիչների է առեւանգել. սա միջազգային տարբեր կոնվենցիաների ուղիղ խախտում է: Դեռ 2021 թվականից ահազանգում եմ ՀՀ իշխանություններին՝ պահանջելով կոնկրետ քայլեր իրականացնել իրավական հավասարակշռությունը վերականգնելու համար:

Ադրբեջանը հարյուրավոր հայերի, այդ թվում՝ Արցախի Հանրապետության նախագահի, արտաքին գործերի նախարարի, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների նկատմամբ վաղուց միջազգային հետախուզում է հայտարարել։

Մինչդեռ ես՝ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ նախկին եւ ներկա գլխավոր դատախազներին թե՛ ամբիոնից, թե՛ գրավոր նամակներով բազմիցս դիմել եմ պահանջով՝ հստակ քայլեր իրականացնել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու ուղղությամբ, սակայն այս առումով մինչ օրս ոչ մի քայլ չի իրականացվել։

Եթե ՀՀ իշխանությունները հետախուզում հայտարարեին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, շարունակական դարձած առեւանգման դեպքերն այսպիսի հանդգնությամբ գուցե չկրկնվեին:

Առեւանգված քաղաքացիները պետք է անհապաղ ազատ արձակվեն, Ադրբեջանն այս հանցավոր վարքագծի համար խստորեն պետք է պատժվի, ՀՀ իշխանություններն, ի վերջո, պետք է գործեն՝ ի շահ հայի եւ հայկական երկու պետությունների:

Հ. Գ. Ելույթս հնչեցրել եմ 2021 թ. մարտի 23-ին»:

 

 

 

ՇԱՌԼ ՄԻՇԵԼՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այս մասին X-ի (նախկին` Twitter) էջում հայտնել է նախարար Ջոլին։

Նա նշել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ են կատարել տարբեր տարածաշրջաններում առկա հարցերի։

«Մենք քննարկել ենք Բալկաններում ընդլայնվելու նրա տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ Հայիթիի ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,- գրել է նախարար Ջոլին:

Նա շեշտել է, որ այս զրույցներն առանցքային են գործընկերային աշխատանքի համար։

Նշենք նաեւ, որ հանդիպումը կայացել է Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում, որին մասնակցում է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

 

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՆԱԽԱԳԱՀԸ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անցած գիշեր Ազգային ժողովում ավելի քան 6 ժամ խորհրդակցություն է անցկացրել, որից հետո Վերածննդի հրապարակում հավաքվածներին ներկայացրել է այդ քննարկման արդյունքները։ Նա հայտնել է, որ քննարկվել է 3 հարց` անցակետից երեկ առեւանգված 3 երիտասարդների ճակատագիրը, հացի խնդիրն ու առաջիկա օրերին իր հնարավոր հրաժարականի հարցը։ Նա նշել է, որ 6 ժամ տեւած քննարկման արդյունքում միասնական որոշման հասնել չեն կարողացել։ «Այսօր քննարկվել է նաեւ նախագահի պաշտոնում իմ մնալ-չմնալու հարցը։ Վաղը, մյուս օրը ավելի նեղ կազմով կորոշենք՝ եթե պետք լինի, ես հրաժարական տամ»,-ասել է Հարությունյանը։

 

 

 

ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթին  հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել՝ հարցաքննության։ Նրա հարցաքննությունը տեւել է 10 րոպե, որի ընթացքում նա ասել է՝ ինչ ցուցմունք տվել է նախկինում, պնդում է, ապա հեռացել է կոմիտեից։ Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին հրաժարական տալ։ Աղմկոտ զրույց-պահանջը տեղի էր ունեցել ընթրիքի սեղանի շուրջ, որին ներկա են եղել ոչ միայն Վարդազարյանն ու Ջհանգիրյանը, այլ նաեւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։ Հրապարակված ձայնագրությունից հետեւում էր, որ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում անձամբ խոստովանել է, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ՝ հրաժարական տալուն տրամադրելու համար։

Ավելին՝ հայտարարել է, որ ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ, ու ինքը հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ տվել»։ Աղմկահարույց ձայնագրությունից եւ առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ եւ ենթարկվել է վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը այդ խայտառակ ձայնագրությունից հետո առողջական խնդիրների քողի ներքո պատրաստվում էր հրաժարական տալ: Եւ, ահա, հուլիսի 1-ին արդեն պաշտոնապես հաստատվեց Ջհանգիրյանի հրաժարականը: ՀՀ քննչական կոմիտեում նշված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը դեկտեմբերին կարճվել էր՝ հանցանքի բացակայության հիմքով։ ՔԿ-ում վկայի կարգավիճակով վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաեւ ԲԴԽ արդեն նախկին անդամներ Ստեփան Միքայելյանը, Սերգեյ Չիչոյանը եւ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը: Ընդ որում` վերջին երկուսի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշում էր կայացվել: Նշված որոշման դեմ Վարդազարյանը բողոք էր ներկայացրել, սակայն մինչ բողոքը կստացվեր, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը սեփական նախաձեռնությամբ վերացրել էր քննիչի որոշումը՝ ըստ քննչական ենթակայության գործը Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու որոշում կայացնելով։ Միեւնույն ժամանակ դատախազն արձանագրել է, որ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո ժամկետները չեն պահպանվել, քանի որ ավարտ հայտարարելու մասին տեղեկացնելուց հետո քննիչը ժամանակ չի տրամադրել բողոքարկման համար: Վարույթը Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխվելուց հետո փաստացի սառեցված վիճակում պահվել է երեք ամիս, ապա՝ կարճվել՝ հանցանքի բացակայության հիմքով։ Գործի վարույթը կարճելու որոշումը դատական կարգով վիճարկվել է։ Արդյունքում Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, բավարարել է Վարդազարյանի ներկայացուցիչների բողոքը՝ վերացնելով գործի վարույթը կարճելու որոշումը։ Դատական ակտը չի վիճարկվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչի կողմից, ըստ այդմ՝ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել։ Այժմ վարույթը վերսկսվել է։

 




Լրահոս