Արցախը գրեթե 300 օր է շրջափակման մեջ է, օրեցօր պակասում է սնունդը, իսկ արցախցին, իր չհանձնվող տեսակով, պայքարում է։ Պայքարի օրինակներից է արցախցի փոքրիկների ստեղծած այգին, որը նախկինում ծաղկանոց է եղել։ Ըստ արցախցիների՝ ժամառժամ խորացող շրջափակման դժվարություններն արդեն հաղթահարելի են։
Արցախցի երեխաները դպրոցական առօրյայից զատ զբաղվում են այգեգործությամբ։ Արցախ թաղամասի բնակելի շենքերի ծաղկանոցները վաղուց դարձել են բանջարաբոստանային այգի։
Արցախցի Անահիտ Արզումանյանը ArmLur.am-ին պատմում է, թե ինչպես են իրենց բակի ծաղկանոցները վերածվել բերքատու հողամասի։ Նա խոսել է փոքրիկ այգեգործների հետ, պատմել, թե ինչպես են շրջափակված Արցախում զարկ տալիս սեփական նախաձեռնությանը և դիմագրավում շրջափակման մարտահրավերներին։
Այգեգործ և գաղափարի հեղինակ 14-ամյա Սյոմա Ավանեսյանը Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղից է։ Հայրենի գյուղում ծնողներին օգնողի դերում էր, իսկ այստեղ արդեն սեփական նախաձեռնության տերը։
Ծաղկանոցը բանջարաբոստանային այգի դարձնելու գաղափարը իրենն է, իսկ հետո գաղափարի իրագործման մասնակից դարձան նաև թաղամասի մյուս բնակիչները։ Սյոմա Ավանեսյանը պատմում է, թե ինչպես առաջացավ շրջափակման պայմաններում սեփական այգի ունենալու միտքը։
«Քանի որ շրջափակում է և ինչ-որ մթերքներ պակասում են, դա է պատճառը, որ սկսել եմ զբաղվել այգեգործությամբ, բանջարեղեն եմ աճեցնում։ Ինձ օգնել են տատիկս և պապիկս, որ կարողանամ բանջարեղեն աճեցնել»։
Դպրոցական այգեգործի խոսքով՝ արդեն հասցրել է լոլիկ, վարունգ, կանաչիների տեսականի ցանել և նույնիսկ անդրանիկ բերքը համտեսել։ Ուրախ է և հպարտ, հպարտ են նաև իր ծնողները։ Ներկայումս դժվարություններ են առաջացնում միայն այգին ջրով մատակարարելու հարցը։ Սյոմա Ավանեսյանը մանրամասն ներկայացնում է, թե ինչպես են բնակելի շենքի բարձր հարկերից խողովակով ջուր վերցնում ու այգին ջրում։
«Դժվարություն է դառնում հողամասը ջրելը, բայց մենք հարևաններին խնդրում ենք՝ երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ հարկերից իրենց ծորակից ջուր են տալիս և խողովակով ջրում ենք մեր բոստանը, իսկ մենք նրանց տալիս ենք մեր հողամասի բարիքներից»։
Այգին ընդլայնելու պլաններ ունի։ Սպասելու է մինչև վերջին բերքի հասունանալուն, այնուհետև կրկին ոռոգելու է հողն ու թողնի հանգստանա մինչև հաջորդ տարի։
Սյոմայի բակի ընկերներից Մելսիկը Հադրութ քաղաքից է։ Հայրենի գյուղի կարոտն առնում է այդ փոքրիկ ծաղկանոցում՝ հողի հետ աշխատելով։ Լոբու սերմերը հայրն է տվել, ուղորդել՝ ինչպես ցանի։ Շուկայից գնել է կանաչիի սերմեր, իսկ վարունգի սածիլները գյուղի բարեկամն է տվել։ Նրա խոսքով՝ մինչ դասերի սկսվելը ողջ օրն անց էր կացնում բանջարանոցում՝ քաղհան անում(մոլախոտերից մաքրում հողակտորը), այգին մաքրում, ջրում և հիանում սերմերի ծիլ տալու ընթացքով։ Դասերից հետո շտապում է բանջարանոց՝ նույնիսկ այն դեպքում, երբ այնտեղ աշխատանք չկա անելու։ Մելսիկի համոզմամբ՝ շրջափակման պայմաններում սովորելը նրանը չէ, բանջարանոց ունենալն է ճիշտ։
Նշված այլընտրանքային միջոցները դեռ ամենը չեն, Սյոման և Մելիսկը շրջում են նաև հացի ու կաթի հերթերում։ Հերթ են կանգնում և իրենց բաժին հացն ու կաթը ստանում։ Նրանց պես հազարավոր երեխաներ այսօր ծնողների հետ համատեղ արժանապատիվ պայքարում են շրջափակման դեմ, միջոցներ փնտրում, օրը նպատակային ու արդյունավետ դարձնելու և այս իրավիճակից և՛ս պատվով դուրս գալու համար։
Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում և ապացուցում է արցախցու ուժեղ կամքի ու միասնականության գաղափարը։
Էմմա Միքայելյան, Աննա Արզումանյան