168.am -ը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ իշխանական շրջանակներում քննարկվում է առաջիկայում Հայաստանում գործող կուսակցությունների քանակը զգալիորեն կրճատելու հարցը, ինչի նպատակով Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրը պատրաստվում է լուրջ օպտիմալացում անցկացնել: Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ Հայաստանում գրանցված կուսակցությունների քանակը կարող է առաջին փուլում հասցվել մինչև 10-ի՝ ստուգումների արդյունքում, թե որքանո՞վ են պահպանված 2002թ. ընդունված «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջները, ըստ որի՝ պետական գրանցման պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2 հազար անդամ, ընդ որում ոչ պակաս, քան 100 անդամ՝ ՀՀ յուրաքանչյուր մարզում, տարածքային ստորաբաժանումներ ՀՀ բոլոր մարզերում, ներառյալ՝ Երևան քաղաքում, որի մասին գրավոր տեղեկացնում է պետական լիազորված մարմնին: Իհարկե, լավ է, որ մեր երկրում ՀՀ գործադիր մարմինը՝ ի դեմս Արմեն Ռուստամյանի կողմից հայտնի որակմանն արժանացած Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, փորձ է անում կանոնակարգել իրավահարաբերությունները և օրենքի դաշտ երել բոլորին՝ անկախ կարգավիճակից: Լավ է նաև, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, թեկուզ իր նախարարների միջոցով, չի վախենում մտնել քաղաքական հարթություն՝ այնտեղ ևս խոսելով իրավաբանների լեզվով: Հատկապես որ իրականում շատ կուսակցություններ պարզապես գրանցված են թղթի վրա. չունեն անդամներ, գրասենյակներ, նիստեր չեն անում, ըստ էության պարապուրդի մեջ են և այլն: Իսկ ի՞նչ արդյունքի է ցանկանում այս քայլով հասնել ՀՀ վարչապետը: Նա իրականում ցանկություն ունի փոքր՝ մարդ կուսակցություններին զրկել ինքնուրույն, ամեն համապետական ընտրության ժամանակ քաղաքական բիզնես անելու հնարավորությունից, միաժամանակ իր համար ստեղծելով ավանդական կուսակցություններից ձևավորված մի քաղաքական միավոր: Հիշո՞ւմ եք՝ վարչապետի օգնական Նարեկ Գալստյանը կայծակնային որոշում կայացրեց հրաժարվել այդ պաշտոնից և դառնալ դեռևս անհայտ հնարավորությունների տեր ՍԴՀԿ ատենապետ: Սա իմիջայլոց: Հիմա դառնանք ՀՀ վարչապետի՝ կուսակցությունները խոշորացնելու ծրագրին՝ արձանագրելով մեկ ճշմարտություն, որ Տիգրան Սարգսյանը ամեն ինչի խոշորն է գերադասում է: Մեր երկրում մանր ու միջին բիզնեսը նրա գործունեության արդյունքում գրեթե վերանում է՝ հավակնելով գրանցվել «Կարմիր գրքում»: Փոխարենը առավել են խոշորանում խոշորները՝ զարկ տալով օլիգոպոլիաների աճին: Այսպիսով, ՀՀ վարչապետը խոշորացնելով նաև կուսակցություններին, նպատակ ունի քաղաքական դաշտի ներկապնակում առկա գույները պակասեցնել՝ այնտեղ թողնելով միայն իշխանական կերակրամանին մոտ կանգնածներին, որոնք ի վիճակի են կուսակցություն պահել: Այսինքն՝ կուսակցության սեփականատերեր կլինեն մարդիկ, որոնք լիովին վերահսկելի կլինեն: Սա նշանակում է, որ շատ շուտով մեր երկրում կարող են մնալ մեկ ձեռքի վրա հաշվելի կուսակցություններ՝ դրանից բխող հետևանքներով: Ինչպես ասում են՝ կեցցե միակուսակցական համակարգը: Ուռա-ուռա-ուռա…
Թամարա Միքայելյան