ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՏԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան քառօրյա, ապա 44-օրյա պատերազմն ու նրան հետեւող իրադարձությունները մեզնից խլեցին մեր եղբայրներին, ամուսիններին ու ընկերներին, մեզնից տարան մեր ամենաթանկերին՝ մեր որդիներին: Ոչինչ չէր մնում անելու, քան պահել նրանց պաշտպանած հայրենիքն ու անընդհատ, անդադար խոսել, հիշել մեր հերոսներին ու նրանց կատարած սխրագործությունները: Բոլոր տղաներն էլ մերն են, մեր միս ու արյունը, բայց, ինչ-որ պահից սկսած, նրանք եւս բախվեցին անհավասարությանը:

 

Կան զինվորներ, որոնց մասին անընդհատ խոսվում է, նրանց մասին պարբերաբար մամուլում հրապարակումներ են տեղի ունենում, համացանցում նրանց նկարներն են, եւ դա գովելի է եւ դեռ մի բան էլ քիչ՝ իրենց կատարած սխրանքների համար, որոնց շնորհիվ այսօր մենք ապրում ենք: Սակայն զուգահեռ իրականության մեջ կան տղաներ, որոնց մասին չի խոսվում, նրանց չեն հիշում կամ հիշում են քիչ, ծնողներն էլ, խեղճ ու կրակ իրենց որդուն բաժին հասած մի բուռ հողն ու տան մի անկյունը սուրբ դարձրած, շարունակում են ապրել իրենց բաժին հասած կյանքն ու ճակատագիրը:

Անհավասար այս պայմանները տղաների համար պետք է պետական մակարդակով վերահսկվի՝ կա՛մ բոլորին, կա՛մ ոչ մեկին, կա՛մ բոլորը, կա՛մ ոչ մեկը: Նման անհավասարության հերթական դրսեւորումներից մեկի հետքերով է գնացել «Ժողովուրդ» օրաթերթը: Խոսքը վերաբերում է մայրաքաղաքի տարբեր շենքերի ու տների պատերին զինվորների նկարներով գրաֆիտիի պատկերմանը:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն դիմում են բազմաթիվ ծնողներ՝ խնդրանք-բողոքով, որ այս անհավասարությունը վերանայվի պետական մակարդակով: Քանի որ նման դեպքեր մեծամասամբ դիտվում են մայրաքաղաքում, «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Երեւանի քաղաքապետարանի հետ՝ պարզելու՝ արդյոք որեւէ կերպ վերահսկվում կամ կարգավորվում է այս երեւույթը, սակայն մեզ տեղեկացրին, որ այս մասով օրենքի տեսանկյունից որեւէ կարգավորում չկա:

«Իհարկե, սա չի նշանակում, որ ով ուզենա, կարող է պատին սրտի կամեցածը նկարել, սակայն զինվորների պարագայում այլ է. որեւէ մեկը մերժողական դիրքորոշում ունենալ չի կարող այս պարագայում»,- տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանից:

Փաստացի ստացվում է, որ կա օրենքի բաց, ըստ այդմ՝ կարգավորել այս ամենը չի ստացվում: Այն ծնողները, որոնք հնարավորություն ունեն իրենց որդիների նկարները շենքերի պատերին նկարելու, կնկարեն, որոնք ոչ, այդպես էլ թող նայեն հնարավորություն ունեցողներին:

 

 

 

ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆ ՈՒ ԳՈՎԱԶԴԸ

Նախընտրական քարոզարշավի մեկնարկին հաջորդել են գովազդային վահանակների բաշխման աշխատանքները։

Ըստ թեկնածուների՝ բաշխումը կատարվել է վիճակագրության սկզբունքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի համապատասխան որոշմամբ։  Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ում են վճարելու թեկնածուները գովազդային վահանակներին իրենց պաստառները փակցնելու համար։ «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ գործակալությունն այն կազմակերպություններից է, որին դիմել են նախընտրական գործընթացում գովազդային վահանակների վրա գովազդ ապահովելու համար։

«Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ն պատկանում է ՀՀԿ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանին։ Հաջորդ գործակալությունը, որը զբաղվում է նախընտրական քարոզարշավի պաստառների տեղադրմամբ, «ԷԳԱ» ՍՊԸ-ն է, որի տնօրենն է Թամարա Հակոբյանը։

2018 թվականին օրենսդրական մեծ փոփոխության արդյունքում ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված բոլոր գովազդային վահանակների համար օրենսդիրը նախատեսել է վճարել ճանապարհային հարկ, ինչի պատճառով ապամոնտաժվեցին ընկերության մի քանի վահանակ։ Գովազդային գործակալությունների շարքում է նաեւ «Միկմետալ» ՓԲԸ-ն, որը ամրաններ արտադրող եւ վճառող ընկերություն է, որի  75 %-ի բաժնետեր է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանը, իսկ մնացած 25 %-ի բաժնետերը նրա հայրն է՝  Միխաիլ Հարությունյանը։Հաջորդ կազմակերպությունը «ԲԻ ԲԻ Գրուպ» գովազդային գործակալությունն է, որի խորհրդականը Երեւանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյա Արազ Բաղդասարյանն է։ Քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության նախկին պետ Արազ Բաղդասարյանը հանդիսանում է նաեւ «Արբա Մեդիա» ՍՊԸ գովազդային գործակալության սեփականատիրոջ որդին։ Հավելենք նաեւ, որ  Երեւան քաղաքում գերակշռում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պաստառները, փոքրամասնություն են համարվում մյուս կուսակցությունները։

«Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը պտտվել է քաղաքում եւ ֆիքսել, որ քաղաքը, մանավանդ՝ Կենտրոն վարչական շրջանը, ամբողջովին պատված է ավինյանական կապույտով, իսկ մյուս կուսակցություններին հատկացված են քաղաքի ոչ այնքան տեսանելի անկյուններում գտնվող վահանակները։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս