19-րդ դարի տասնյակ անզուգական հայկական գորգերը՝ մեկ տեղում: Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ձայներ հավաքական անցյալից» 19-րդ դարի հայկական գորգարվեստը, նմուշներ Ջեյմս Թուֆենկյան հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ցուցադրությունը բացվել է Հայաստանի պատմության թանգարանում՝ թանգարանի եւ «Թուֆենկյան գորգեր» ընկերության համագործակցությամբ:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, շնորհավորելով բոլորին յուրահատուկ ցուցադրության բացման կապակցությամբ, ընդգծեց, որ ցուցադրվող 19-րդ դարի տասնյակ անզուգական հայկական գորգերը, որոնք Ջեյմս Թուֆենկյանը հավաքել է տարիներ շարունակ, արտացոլում են հայկական գորգագործական լավագույն ավանդույթների բազմազանությունը:
«Այս ցուցադրությունը մշակութային ժառանգության պահպանման, ներկայացման եւ գաղափարի շուրջ համախմբման խորհուրդ է իր մեջ պարունակում: Մայր հայրենիքում՝ մեր հանրապետության սրտում, առաջին անգամ կներկայացվի Ջեյմս Թուֆենկյանի՝ երկար տարիների աշխատանքի արդյունքը:
Արցախի, Սյունիքի, Լոռվա, Արեւմտյան Հայաստանի եւ hայկական տարբեր շրջանների տիպաբանությամբ ընտրված շուրջ 30 գորգերը, մի մասը՝ նաեւ արձանագիր, հատուկ փոխադրվել են ԱՄՆ-ից այս ցուցադրության համար:
Թանգարանի շուրջ 400 քմ ցուցադրական տարածքում վերանորոգման աշխատանքների իրականացմամբ, նորարարական հայեցակարգերով եւ համադրություններով յուրահատուկ այս ցուցադրությունը շուրջ մեկ տարի բաց կլինի եւ կներկայացվի Հայաստանի պատմության թանգարանի այցելուներին»,- ասաց թանգարանի տնօրենը:
Դավիթ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց Ջեյմս Թուֆենկյանին հայկական գորգերի հրաշալի հավաքածուն կազմելու եւ Հայաստանում դրա հետ հաղորդակցման հնարավորությունը ապահովելու համար:
Հավաքածուի հեղինակ Ջեյմս Թուֆենկյանը նշեց, որ, ցավոք, ցեղասպանությունից հետո թուրքերն ու ադրբեջանցիները շարունակում են ջնջել հայկական հետքերը: Ըստ նրա՝ այս դեպքում էլ արել են ամեն ինչ, որպեսզի ամբողջ աշխարհում խոսվի, որ գորգերը արտադրվել են Թուրքիայում, Ադրբեջանում, Անատոլիայում, բայց ոչ երբեք՝ Հայաստանում:
«Ցեղասպանությունից հետո թուրքերի համար շատ անհարմար էր, որ տարբեր տեղերում բացահայտվում էր հայկական ժառանգությունը. գործվել են հայերի կողմից: Եվ այդ պատճառով նրանք սկսեցին ոչնչացնել նաեւ այդ ամենը՝ նույնիսկ գիտական աշխարհից ունենալով իրենց կողմից գիտնականներ, որոնք համաձայնել են վերացնել հայկական ժառանգությունը: Եվ այս ամենին հակադարձելու առաջին քայլը եղավ հայկական գորգերի այս ցուցադրության իրականացումը: Ես սկսել եմ այդ գործընթացը, բայց դա ավարտված չէ, եւ հաջորդ քայլը պետք է լինի ուսումնասիրությունը. հայկական գորգագործության տակ պետք է դնել գիտական հենք, որովհետեւ ադրբեջանցիները ամեն տեղ խոսում են եւ փորձում են ապացուցել, որ գորգագործությունը սկսվել է Կենտրոնական Ասիայում սելջուկների կողմից, բայց կան վկայություններ, որ հայերը գործել են գորգեր դրանից դեռեւս 1000 տարի առաջ: Եվ սա առաջին քայլերից է դա աշխարհին ապացուցելու համար»,-ասաց Թուֆենկյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության թանգարանում հայկական գորգերի յուրահատուկ ցուցադրությունը այցելուները վայելելու հնարավորություն կունենան մեկ տարի:
ՇԱԽՄԱՏԻ ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ
Երեւանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) մեկնարկել են Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառումները, որի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ կազմակերպվող շախմատի 4-րդ ամենամյա մրցաշարը եւ Մոսկվայի պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացումը։
«Դոմ Մոսկվի» կենտրոնից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնում են, որ 150 շախմատիստներ մրցել են 13 տուրերում՝ շրջանաձեւ մրցակարգով։ Եզրափակչում էին 6 մարզիկներ, որոնք մրցեցին 8 միջազգային գրոսմայստերների հետ: Մասնակիցների թվում էր շախմատիստ, գրոսմայստեր (2017), մինչեւ 16 տարեկան պատանիների աշխարհի չեմպիոն (2016) Հայկ Մարտիրոսյանը, որը վերջերս Ալմաթիում կայացած կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում գրավեց երրորդ տեղը եւ երկրորդ տեղը՝ Timisoara Grand Prix Rapid մրցաշարում:
«Հաճելի է մասնակցել նման մրցաշարերի։ Ի վերջո, սա եւս մեկ հնարավորություն է խաղալու եւ մրցելու ընկերների հետ» ,- նշեց Հայկ Մարտիրոսյանը։
«Տարեցտարի մրցաշարի անցկացման մասշտաբները մեծանում են։ Արդեն 4-րդ տարին է՝ սերտ գործակցում ենք Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի հետ։ Եզրափակիչ անցած մասնակիցները խաղում էին Հայաստանի ուժեղագույն շախմատիստների հետ: Ուրախ եմ, որ հնարավորություն կա անցկացնելու նման միջոցառումներ, որոնց միջոցով մեծանում է հետաքրքրությունը շախմատի նկատմամբ»,- նշեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը։
Մրցաշարի կիսաեզրափակչում իր ուժերն է փորձել նաեւ ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը:
«Արդեն 50 տարի շախմատ եմ խաղում, բայց ոչ այնքան պրոֆեսիոնալ, որքան այստեղ ներկա շախմատիստները։ Շախմատի հանդեպ իմ սերը դեռ մանկուց է։ Հայաստանը եզակի երկիր է, որտեղ ծնվում են հրաշալի շախմատիստներ», – նշեց Ալեքսանդր Կոնյուկը։
Նշենք, որ համառ պայքարում հաղթեցին Էմին Օհանյանը (1-ին տեղ), Տիգրան Պետրոսյանը (2-րդ տեղ) եւ Հայկ Մարտիրոսյանը (3-րդ տեղ): Մասնակիցները պարգեւատրվել են պատվոգրերով, գավաթներով եւ մեդալներով:
«Մեծ պատիվ է, որ նման պրոֆեսիոնալները եւ ճանաչված վարպետները մասնակցում են մեր մրցաշարին: Փորձում ենք անել հնարավորը, որպեսզի մրցաշարի կազմակերպումը լինի բարձր մակարդակով։ Հուսով ենք, որ Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ գործակցությունը կշարունակի զարգանալ, եւ տարեցտարի մեր մրցաշարի մասնակիցների թիվը կավելանա»,- նշեց Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Հավելենք, որ մրցաշարի բոլոր մասնակիցները ծանոթացան կենտրոնում բացված ցուցահանդեսին, որը ներկայացնում է Մոսկվայի տեսարժան վայրերը։ Ռուսական աշխարհագրական ընկերության հետ բացված ցուցահանդեսը ներկայացնում է քաղաքի ճարտարապետությունը, փողոցները, բնակիչների սովորություններն ու ավանդույթները, տրանսպորտաին ցանցերը։
«Այսօր Մոսկվան աշխարհի ամենաարագ զարգացող մեգապոլիսներից է։ Այն իրավամբ համարվում է ամենագեղեցիկ եւ հարմարավետ քաղաքներից մեկը, որն իր մոտ է տանում շատ տաղանդավոր մարդկանց։ Նրանց թվում քիչ չեն հայերը, որոնք Մոսկվայի պատմության ընթացքում իրենց ներդրումն են ունեցել նրա բարգավաճման գործում։ Իզուր չէ, որ մինչեւ օրս մայրաքաղաքում կարելի է տեսնել բազմաթիվ պատմական շենքեր, որոնք կառուցվել են հայերի կողմից», – ասաց Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
«Իր տեսակի մեջ եզակի ցուցահանդես է. այստեղ կարելի է տեսնել, թե ինչպես է փոխվել Մոսկվան, ծանոթանալ արխիվային նյութերի։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրն իր համար նոր, հետաքրքիր փաստեր կբացահայտի Մոսկվայի մասին»,- ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպանի ատաշե Դենիս Նազարովը։
Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Մոսկվայի օրվան նվիրված տոնական միջոցառումներն անցկացնում է Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի դեպարտամենտի հովանու ներքո եւ ՀՀ-ում ՌԴ դեսպանության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:
ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է «Եվրո-2024»-ի որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին Թուրքիայի եւ Խորվաթիայի հավաքականի դեմ։
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Սպերցյանը Championat-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Հայաստանի հավաքականին առաջիկայում երկու շատ բարդ խաղ է սպասվում։ «Հավանաբար, դրանք ամենակարեւոր խաղերն են, որովհետեւ մենք մրցաշարային աղյուսակում երկրորդն ենք։ Մենք երեք միավորով ենք զիջում Թուրքիային։ Մեզ համար այս խաղը շատ սկզբունքային է եւ շատ մեծ նշանակություն ունի»,- ասել է Սպերցյանը։
«Եվրո-2024»-ի որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին մրցակցի հարկի տակ կխաղա Թուրքիայի, իսկ սեպտեմբերի 11-ին սեփական հարկի տակ կմրցի Խորվաթիայի ընտրանում հետ։ Հայաստանի հավաքականը երեք խաղերից հետո վաստակել է 6 միավոր եւ զբաղեցնում է աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ 3 միավորով զիջելով Թուրքիային, որը 4 խաղ է անցկացրել։ Խորվաթիայի հավաքականը երկու խաղերում վաստակել է 4 միավոր եւ մրցաշարային աղյուսակում երրորդն է։
ԿԼՈՊԸ՝ ՍԱԼԱՀԻ ՄԱՍԻՆ
Անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չի տեղափոխվի Սաուդյան Արաբիա։
«Երբեք կասկածի տակ չեմ դրել Սալահի նվիրվածությունն ակումբին։ Չեք պատկերացնի, թե ինչ աղմուկ էր մեր շուրջն այս օրերի ընթացքում, բայց մենք շատ հանգիստ ընդունեցինք իրավիճակը։ Սալահը մեր ֆուտբոլիստն է եւ ցանկանում է խաղալ այստեղ»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադը» պատրաստ է 233 միլիոն եվրո առաջարկել անգլիական «Լիվերպուլին» Մոհամեդ Սալահի տրանսֆերի համար։
«Ալ Իթիհադը» 31-ամյա ֆուտբոլիստին առաջարկել էր տարեկան 80 միլիոն եվրո աշխատավարձով երեք տարվա պայմանագիր։
Մոհամեդ Սալահը 2017 թվականից է հանդես գալիս գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում, որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ. հունիս։