ՈՒՐՈՒԳՎԱՅԻՑ՝ Ի ՍԱՏԱՐ ԱՐՑԱԽԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Ուրուգվայի նախորդ իշխող քաղաքական ուժը՝ «Լայն ճակատ» կուսակցությունը, հանդես է եկել Արցախին սատարող հայտարարությամբ։

 

«Լայն ճակատ» կուսակցությունը նախ արձանագրել է, որ 2022 թվականի դեկտեմբերից ի վեր Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքն արգելափակված է, ինչի հետեւանքով 120,000 մարդ ապրում է մեկուսացված, լայնածավալ եւ արյունալի հումանիտար ճգնաժամի, գոյատեւման համար անհրաժեշտ հիմնական պարագաների՝ սննդի, դեղորայքի գրեթե լիակատար բացակայության պայմաններում:

Նշենք, որ հայտարարությունը փաստում է, որ Ադրբեջանի կողմից ագրեսիայի գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի եռակողմ համաձայնագրի, «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի կոպիտ խախտում, Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման դրույթների արհամարհում, որը սահմանում է, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ երաշխավորելու մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով։ Հայտարարության հեղինակները վկայակոչել են իրավիճակի հանգուցալուծման հետ կապված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բացարձակ եւ անվիճելի մեծամասնության պահանջները։

Հայտարարության մեջ եւս մեկ անգամ փաստվում է այն իրողությունը, որ Արդարադատության միջազգային դատարանի նախկին դատախազ, դոկտոր Լուիս Մորենո Օկամպոն փորձագիտական եզրակացության միջոցով 2023 թվականի օգոստոսի 7-ի ամփոփ զեկույցում որոշում է կայացրել հարցի վերաբերյալ՝ դատապարտելով տեղի ունեցածը եւ այն որակելով որպես ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ։ Լուիս Մորենո Օկամպոն վկայակոչել է «Ցեղասպանության մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածի «գ» կետը, որը վերաբերում է էթնիկ խմբի կենսապայմանները միտումնավոր կերպով խաթարելուն՝ նրա ֆիզիկական ոչնչացումը հրահրելու համար։ Օկամպոն նշել է, որ, առանց կտրուկ միջամտության, հայերի էթնիկ խումբը Լեռնային Ղարաբաղում մի քանի շաբաթից կվերանա։

Հավելենք, որ նշվում է, որ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Սենատը 2022 թվականի դեկտեմբերի 20-ին միաձայն հավանություն է տվել հռչակագրին, որում կոչ է արվում Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները եւ ապահովել ազատ տեղաշարժ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքով։

««Լայն Ճակատ» կուսակցությունը դատապարտում է ռազմական ագրեսիան եւ ցեղասպանությունը, որը դրսեւորվում է Ադրբեջանի կողմից Արցախի եւ  միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ՝ հակասելով միջազգային իրավունքին, իր համերաշխությունն է հայտնում Արցախի ժողովրդին Ադրբեջանի կողմից իրականացվող անօրինական շրջափակման պայմաններում, ինչը միջազգային եւ մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է, վերահաստատում է միջազգային իրավունքին համահունչ Արցախի տարածքում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությունը եւ հորդորում է կառավարությանը գործել այդ ուղղությամբ՝ հիմնվելով արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի ժողովրդի հետ Ուրուգվայի համերաշխության ավանդույթի վրա»,- ասված է հայտարարության մեջ։

 

 

 

 

ԹՈՒՆԵԼԸ ՓԱԿ Է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթեւեկության սահմանափակումներ:

Սեպտեմբերի 6-8-ը՝ ժամը 09։00-ից 18։00-ն, Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես փակ է լինելու. գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ավտոճանապարհը։

 

 

ՊԵՏԴԵՊԻ ԿՈՉԸ

ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ խորապես անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում մարդասիրական պայմանների վատթարացմամբ, որը հետեւանքն է սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների շարունակական արգելափակման:

«ԱՄՆ-ն վերջին մի քանի շաբաթների ընթացքում աշխատել է կողմերի հետ, որպեսզի հումանիտար օգնություն հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, եւ մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առեւտրային եւ ուղեւորափոխադրումների համար»,- ասել է Պատելը։

 

 

 

ԼՂ ՊՆ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է

Երեկ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց  այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6-ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Բերձորի ուղղությամբ, ինչն, իբր թե, կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում:

«Ժողովուրդ» օրաթերթը ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ սա հերթական ապատեղեկատվությունն է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից:

 

 

 

ԵՐԵՔ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ

Ուկրաինայի պաշտպանության նախարարի երեք տեղակալները՝ Վլադիմիր Գավրիլովը, Վիտալի Դեյնեգան եւ Անդրեյ Շեւչենկոն, հրաժարական են տվել։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի հայտարարությունից։

«Փոխնախարարներ Գավրիլովը, Դեյնեգան եւ Շեւչենկոն հրաժարականի դիմում են գրել»,- նշել է Գոնչարենկոն իր թելեգրամյան ալիքում։ Դեյնեգան ՊՆ-ում ղեկավարում էր թվային զարգացման հարցերը, Շեւչենկոն՝ եվրոպական ինտեգրման։

Նախօրեին Գերագույն ռադան հավանություն էր տվել պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հրաժարականին։ Սպասվում է, որ այսօր Ուկրաինայի խորհրդարանը կդիտարկի Ուկրաինայի նախագահի առաջարկած՝ Պետական գույքի հիմնադրամի նախկին ղեկավար Ռուստեմ Ումերովի թեկնածությունն այդ պաշտոնի համար։

 

 

 

ԹԱՆԴԻԼՅԱՆԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ, ըստ արդեն 2 շաբաթ տեւող նախընտրական քարոզարշավի արդյունքների, քաղաքացիների մեծ մասը չի պատրաստվում մասնակցել ընտրություններին։ Հարցին, թե վախ կա արդյոք, որ չմասնակցության դեպքում կհաղթի իշխող կուսակցության թեկնածուն, Թանդիլյանը պատասխանեց.

«Ոչ թե վախ, այլ հենց իշխանություն ընտրող զանգվածը թվաքանակ է, եւ մենք այդ թվաքանակին ծանոթ ենք, եւ չմասնակցելով՝ մարդիկ գիտակցաբար կամ անգիտակցաբար ընտրում են այս իշխանություններին։ Մենք դրա համար ենք կարեւորում յուրաքանչյուրի մասնակցությունը։ Սա լինելու են ճակատագրական ընտրություններ, նրանց մասնակցությունը պարտադիր է. ում ուզում են՝ ընտրեն։ Ես կոնկրետ ուժի մասին էլ  չեմ խոսում, միայն պետք է գնալ եւ ընտրել։ Եթե դուք դժգոհում եք եւ չեք  գնում, դժգոհը ընդդիմադիր ձայն է, իշխանության ձայն չէ, եւ այդ դժգոհ  հատվածի չգնալով՝ ընտրում են ՔՊ-ին՝ իշխանությանը։ Հետեւաբար ահազանգով եմ ասում, որ  անպայման գնան եւ մասնակցեն ընտրությունների, եւ ում ուզում են՝ ընտրեն։ Անհնարին է՝ չտեսնեն այն առաջարկը կամ նախագիծը, որն իրենք ուզում են, բայց անտարբերությունը վատագույնն է, որ կարող են անել մեր հայրենակիցները։

Մենե Թանդիլյանը մինչ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցը պարբերաբար նշել է, որ Երեւանում իշխանափոխություն անելուց հետո նրանք պատրաստ են իշխանափոխություն անել ամբողջ Հայաստանում։ Մանե Թանդիլյանն ինքն այս մասին խոսեց՝ ասելով, որ մի քանի համայնքներում տարած հաղթանակները, որոնք ՔՊ-ի նկատմամբ գրանցվել են մեկ ձայն ավել սկզբունքով, դառնալու են չափանիշ։ Ըստ Թանդիլյանի՝ համայնքներում տարած հաղթանակները կարեւոր են լինելու այս իշխանության գործունեության կազմաքանդման համար։ Նա կարծում է, որ իշխանության բուրգը պետք է քանդել, եւ այդ ճանապարհը սկսվելու է համայնքներից։ Այս ընտրություններին, Թանդիլյանը կարծում է, որ կհամագործակցեն նրանց հետ, ովքեր իրենց դիրքորոշմամբ դեմ կլինեն ՔՊ-ին։ Նա չբացառեց նաեւ Հայկ Մարությանի հետ հավանական համագործակցությունը, սակայն նշեց, որ ամեն ինչ պարզ կլինի միայն սեպտեմբերի 17-ից հետո։

 




Լրահոս