ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՔՊ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը եւ նրա ընկեր, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը քաղաքական հաշվեհարդար են տեսնում դատավորների հետ: ՔՊ-ի հետ չհամագործակցելու համար քաղաքապետի թեկնածուներից մեկի փեսային փաստացի ստիպել են ազատման դիմում գրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս Կարեն Անդրեասյանը եւ Գրիգոր Մինասյանը փաստացի (ճնշման տարբեր օղակներ գործի դնելով) ստիպել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին, որպեսզի աշխատանքից ազատման դիմում գրի կամավոր: Պատճառը Երեւանի ավագանու ընտրությունների մասնակից, «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանն է: Պարզվում է՝ այս ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարբեր օղակներով փորձում է հնարավոր թեկնածուների հետ հանդիպել, խոստումներ ստանալ, թե ընտրություններից հետո արդյոք պատրաստվում են ՔՊ-ի հետ կոալիցիա-դաշինք ձեւավորել եւ քաղաքապետ ընտրել ՔՊ թեկնածուին: Վիկտոր Մնացականյանը քանի որ կտրուկ մեժել է համագործակցությունը ՔՊ-ի հետ, նրա փեսային՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանին, ստիպել են ԲԴԽ-ից ազատման դիմում գրել հեռանալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորի ազատման դիմումն արդեն ԲԴԽ-ում է: Իհարկե, փորձեցինք այս տեղեկությունը ճշտել երկու կողմերից. դատավոր Ռուբեն Ներսիսյանը երեկ ողջ օրն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խոսնակի միջոցով փոխանցեց. «Բացառիկ հորինվածքներն ու բամբասանքները զվարճալի կլինի մեկնաբանել»:
 

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որ բակ առ բակ ընկած քարոզչություն է իրականացնում՝ հավակնելով կրկին դառնալ համայն հայության մայրաքաղաքի ղեկավարը, թերեւս մոռացել է իր աշխատանքը: «Ժողովուրդ» օրաթերթը շատ է գրել այն մասին, որ Հայկ Մարությանն ամենաանպատասխանատու քաղաքապետերից է եղել, քանի որ ամենաշատն է բացակայել աշխատանքից,  արձակուրդում ամենաշատը եղած պաշտոնյան է եղել: Իհարկե, Կորոնավարակի օրերին հեռավար աշխատանքը դարձել էր սովորական երեւույթ, բայց Մարությանը մինչ այդ վարակը եւ դրանից հետո շատ հաճախ է հեռակառավարել կամ բարձիթողի վիճակում թողել քաղաքապետարանը: Հայկ Մարությանը պարբերաբար եղել է Չեխիայում: Եւ դեռ այդ օրերին քաղաքապետարանի աշխատակիցները դժգոհում էին, որ որեւէ թուղթ ստորագրելու համար օրերով հերթագրվում են քաղաքապետի մոտ ընդունելության: Հիմա, կարծես թե, Հայկ Մարությանի հավեսը տեղն է եկել, նորից ուզում է քաղաքապետ դառնալ, սակայն պարզ չէ, թե քանի օր նա նույն ինտենսիվությամբ աշխատանքի կգնա:

 

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի ազատումը բավականին խորը արմատներ ունի: Սարգիս Հովհաննիսյանի աշխատանքից Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ դժգոհություններ է ունեցել, եւ ներքին քննարկում է եղել նրան փոխարինող գտնելու վերաբերյալ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը կասկածներ է ունեցել , որ Հովհաննիսյանի կողմից իր ընտանիքի, կնոջ մասով արտահոսք է եղել, որից հետո որոշել են կոնկրետ քայլերի գնալ: Մասնավորապես, Աննա Հակոբյանի անվտանգության պետ Արթուր Գասպարյանը սկսել է ակտիվանալ ՊՊԾ-ում, ու Հովհաննիսյանի շուրջ օղակը սկսել է սեղմվել: ՊՊԾ-ում մթնոլորտը թեժացել է, եւ Սարգիս Հովհաննիսյանին աշխատանքից ազատելու պահը հասունացել է սեպտեմբերի 9-ին՝ «Դվին մյուզիք հոլ»-ի բակում հնչած հրավառության պայթյուններից հետո: Ըստ լուրերի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս վախեցել է հրավառության պայթյունի նմանվող ձայներից, քանի որ «Դվին»-ը գտնվում է կառավարական ամառանոցի հարեւանությամբ: Երբ Նիկոլ Փաշինյանն իր անմիջական անվտանգության պատասխանատու Սարգիս Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե ինչ ձայներ են, ով է հրավառության կազմակերպիչը, արդյոք ունի թույլտվություն, թե ոչ, Սարգիս Հովհաննիսյանը զեկուցել է, որ թույլտվություն ունեցել է ախալքալաքցի Էդգարը, որը հարսանիքի առիթով պատվիրել է թանկարժեք հրավառությունը: Երբ ՀՀ ոստիկանապետից Նիկոլ Փաշինյանը բարկացած հետաքրքրվել է, թե ով է թույլ տվել այդ ժամին նման հրավառություն կազմակերպել, զեկուցվել է, թե թույլտվություն չեն ունեցել կազմակերպիչները, ինչի համար ՀՀ ներքին գործերի նախարարությունը «Գոլդ Ֆայեր» ՍՊԸ ընկերությանը տուգանել է 100 հազար դրամով: Ստացվում է, որ Սարգիս Հովհաննիսյանը խաբել է Նիկոլ Փաշինյանին: Իրականում «Դվին» հյուրանոցի թիկնապահը զանգահարել եւ հրավառության համար բանավոր թույլտվություն ստացել է ՊՊԾ-ից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին, վարչապետ Փաշինյանի որոշմամբ, Սարգիս Հովհաննիսյանը գիշերով ազատվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։ Գեներալ-մայորն այդ պաշտոնում նշանակվել էր մոտ չորս ամիս առաջ՝ ապրիլին։ Մինչ այդ՝ 2020 թվականի դեկտեմբերից, Սարգիս Հովհաննիսյանը ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետն էր: Հավելենք, որ իրավապահ համակարգում ակտիվ քննարկվում է, որ Սարգիս Հովհաննիսյանին առանց պաշտոն չեն թողնի, քանի որ նա ահռելի ծավալի տեղեկության է տիրապետում։
 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող Քրեակատարողական ծառայության պետերին արդեն գործադիրից հասկացրել են, որ Քրեակատարողական ծառայության նոր պետ նշանակելուց հետո բանտապետերի փոփոխություններ էլ են լինելու, հետեւաբար պետք է պատրաստ լինել հնարավոր ազատումներին կամ տեղափոխություններին։ Ասել է թե՝ գրեթե բոլոր բանտապետերի գլխին սեւ ամպեր են կուտակվել։ Իսկ թե երբ կնշանակվի ՔԿ ծառայության ղեկավար, եւ ով կնշանակվի, մեծ հարց է, քանի որ համապատասխան կադր դեռ չի գտել Նիկոլ Փաշինյանը:




Լրահոս