ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 11-ին մեկնարկած ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է ««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է նպաստել հանրապետությունում ներառական կրթության բարելավմանը:

 

Քննարկվող նախագծով, մասնավորապես, առաջարկվում է մանկավարժական աշխատողների պարտականություններում ամրագրել պարտավորություն՝ ուղղված կրթական գործընթացում բոլոր սովորողների ակտիվ մասնակցությունը խթանելուն, այդ թվում՝ արտադասարանական եւ արտադպրոցական միջոցառումներում, եւ խտրականությունից զերծ միջավայր ապահովելուն: Բացի այդ, կսահմանվի դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների փոխօգնության խումբ ստեղծելու իրավունքը՝ երեխայի կրթության իրավունքի իրացման, մանկավարժների եւ ծնողների հետ արդյունավետ փոխգործակցության համար:

Նշենք նաեւ, որ առաջարկվում է նաեւ ծնողի պարտականություններում ամրագրել մասնակցությունը երեխայի անհատական ուսուցման ծրագրի իրականացմանը, աջակցությունը դասապատրաստմանը եւ այլն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ, որպես հարակից զեկուցող, հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարությանը ներկայացրած մի շարք առաջարկություններ ներառված են նախագծում: Կարեւորելով օրենքի ընդունումը՝ նախարարը փաստել է, որ այն առավելապես արժեքային շեշտադրումներ է պարունակում:

«Նախագծով ընդգծվում է փոփոխությունները կյանքում կիրառելու կարեւորությունը: Ներառական կրթությունը եւ ներառական միջավայրն առաջին հերթին կրթության համակարգում ներգրավված բոլոր կողմերի՝ ուսուցիչների, ծնողների, աշակերտների եւ բոլոր մարդկանց մոտեցումների եւ վերաբերմունքի մասին է: Այդ իմաստով ծնողների փոխօգնության խմբերի, նրանց առավել ակտիվ ներգրավվածությունն անհատական ուսուցման պլանների մշակման եւ իրականացման գործում, ինչպես նաեւ ուսուցիչների կողմից ոչ խտրական վերաբերմունքի եւ արժեքային շեշտադրումների ամրապնդումը կարող է էական ազդակ լինել այս ուղղությամբ աշխատանքների ինտենսիվ իրականացման համար: Կարծում եմ՝ սա նաեւ կամրապնդի այս ուղղությամբ ներկայում վարվող պետական քաղաքականությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ սեպտեմբերից գործում է ներառականության ֆինանսավորման նոր մոդելը, որը միտված է բարելավելու իրավիճակը:

Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ օրենքի նախագիծն ամբողջությամբ համահունչ է Կառավարության՝ ոլորտում իրականացրած քաղաքականությանը եւ բխում է կրթության՝ մինչեւ 2030 թ. զարգացման պետական ռազմավարությունից:

Հավելենք, որ նախագծի հեղինակը ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանն է:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:

 

 

 

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ

Հայաստանում բենզինը եւ հեղուկ գազը շարունակում են ինտենսիվ կերպով թանկանալ. նախկին՝ 350 դրամով մեկ լիտր բենզին գտնելն այսօր արդեն երազանք է: Մասնավորապես՝ «Ռեգուլյար» տեսակի բենզիները դարձել է 510, «պրեմիումը»՝ 540 դրամ, դե իսկ հեղուկ գազը նախկին 100 դրամի փոխարեն այսօր արժե 160 դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ պարզելու, թե ինչ հիմնավորմամբ են բարձրանում արժեքները, եւ թե հանձնաժողովը ինչ քայլեր է անում:

ՄՊՀ-ի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը մեզ ուղղորդեց դեպի ֆեյսբուքյան էջի իրենց հրապարակումը, որը կատարվել էր դեռեւս օգոստոսի 18-ին:

Ըստ հրապարակման՝ ներկայումս ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացնում բենզինի շուկայում գների բարձրացման հիմնավորվածությունը պարզելու նպատակով։

«Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջազգային շուկաներում եւս տեղի են ունեցել գների բարձրացումներ։ Եթե ուսումնասիրության ընթացքում բացահայտվեն գնի չհիմնավորված բարձրացման երեւույթներ, ապա հանձնաժողովի կողմից կհարուցվեն համապատասխան վարչական վարույթներ»։

Անի Սմբատյանը հավելել է, որ հանձնաժողովն ամենօրյա մոնիտորինգ է իրականացնում մի շարք սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների շուկաներում: Ապրանքների գների 5 տոկոսից ավել փոփոխության դեպքում, եթե դրանք համահունչ չեն արտաքին գործոնների փոփոխություններին, նախնական ուսումնասիրություն է սկսվում:

Փաստացի ՄՊՀ-ն պարբերաբար կատարում է «ուսումնասիրություններ», որին հաջորդում են ոչ թե գնի նվազումներ կամ բացատրություններ, թե ինչու են բարձրանում գները, այլ թանկացումներ՝ լռության մթնոլորտում:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԴԱՍԵՐ՝ ԱՌԱՆՑ ԳՐՔԻ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դպրոցներում աշակերտները դեռ գրքեր չունեն։ Ծնողներն ահազանգում են, որ ո՛չ ուսուցիչներն են պատրաստ այս փոփոխությանը, ո՛չ աշակերտները։ Հայաստանի գյուղերից մեկի դպրոցի 2-րդ դասարանում, քանի որ ծրագիր կա, սակայն դասագիրք չկա, ուսուցիչը թղթեր է բաժանում, երեխաներին հանձնարարում նկարել իրենց ընտանիքը, ապա փորձում են, ըստ դրա, նոր բառեր սովորել։ Մեկ այլ  դեպքում էլ 5-րդ դասարանցիներն ուսանողների պես լեկցիաներ են գրում, թղթերի վրա համառոտագրում դասերը հաջորդ ժամերի համար։

Այսպիսով, ամեն ինչ գնում է դեպի այն, որ այս նոր եւ փոփոխված ծրագրերի պատճառով կրթության որակն ու մակարդակը կտրուկ անկում են ապրում։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՑԱԾՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ ԶԻՆՂԵԿՆԵՐ

Նոր ուսումնական տարում հանրակրթական դպրոցների զինղեկներին տհաճ անակնկալ էր սպասում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդեասյանը սեպտեմբերի 4-ին թիվ 112 հրամանով փոփոխություններ եւ լրացումներ է կատարել  ԿԳՄՍ նախարարի՝ 2022 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 79-Ն հրամանում։ Ըստ նոր  հրամանի՝ այն հիմնական դպրոցները, որոնք չունեն  «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան սովորող նվազագույնը 6 դասարան, այն միջնակարգ դպրոցները, որոնք այդ առարկան  սովորող նվազագույնը 8 դասարան չունեն, այդ դպրոցների զինղեկների աշխատավարձը կիսով չափ նվազել է: Տավուշի գյուղական դպրոցների զինղեկները հայտնեցին, որ նախկինում իրենց աշխատավարձը գոյանում էր « Նախնական զինվորական պատրաստություն» առարկան դասավանդելու համար ուսուցչի մեկ դրուքաչափի՝ 116 հազար դրամի եւ «Քաղպաշտպանություն» առարկայի համար նվազագույն աշխատավարձի կես չափի՝ 37 500 դրամի գումարումից։ Այս ուսումնական տարում ՆԶՊ առարկայի համար Տավուշի մարզի գյուղական դպրոցների ուսուցիչները կվճարվեն կես դրույքաչափով՝ 58 հազար դրամով, իսկ «Քաղաքացիական պաշտպանություն» առարկայի համար՝ նվազագույն աշխատավարձի 30 տոկոսի՝ 22 հազար 500 դրամի չափով։ Երբ զինղեկի աշխատավարձից կհանեն հարկերը,ապա իրական աշխատավարձը կստացվի մոտ 65 հազար դրամ, որը 10 հազար դրամով քիչ է, քան դպրոցների հավաքարարների ռոճիկը։ Տավուշի մարզի զինղեկներն այդ կապակցությամբ հիշել են 2018թ.-ին կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ Իջեւանում արած հայտարարությունն այն մասին,որ հանրակրթական դպրոցներում «Նախնական զինվորական պատրաստություն» եւ « Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների դասավանդումը կդադարեցվի։ Տավուշի դպրոցների շատ զինղեկներ աշխատավարձի կիսով չափ կրճատումից հետո մտադիր են դպրոցից դուրս գալ, որպեսզի այլ աշխատանքով  ընտանիքի ապրուստը հոգան։ Սահմանամերձ գյուղերի դպրոցների զինղեկները ՄՕԲ-ի դասակի հրամանատարներ են, նրանք զինվորական վարժական հավաքների ժամանակ մոբլիզացվում են, սահմանագոտում դասակներ ղեկավարում. նրանց՝ աշխատանքից դուրս գալը բացասաբար է ազդելու Տավուշի սահմանագոտու պաշտպանության վրա։

 

 

 

Համայնքապետարանը գումար չունի՞

«Ժողովուրդ» օրաթերթը Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին տեղեկատվական հարցում է ուղարկել՝ հետաքրքրվելով, թե զբոսաշրջային Դիլիջան քաղաքի կենտրոնում Աղստեւի հունը երբ են մաքրելու այնտեղ աճած ծառերից, թփերից, այլ բաներից։ Համայնքապետը պատասխանել է. «Բյուջեի սղության պատճառով Աղստեւ գետի հունի մաքրման աշխատանքները ներառված չեն 2023թ. տեղական բյուջեի ծախսերում, համապատասխան միջոցների առկայության դեպքում այն կներառվի 2024թ. տեղական բյուջեում»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 Տավուշ




Լրահոս