Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսին: Այդ մասին հայտնում են գերատեսչությունից:
Հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Ադրբեջանի հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ` նախարարը հույս է հայտնել, որ թե՛ Եվրոպական միությունը, թե՛ միության անդամ պետությունները համարժեք գնահատականի կարժանացնեն Ադրբեջանի գործողությունները և խստագույնս կդատապարտեն դրանք:
Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Եվրոպական միությունը չափազանց մտահոգված է ռազմական էսկալացիայի կապակցությամբ։ Դեսպանը շեշտել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունն ու հույս հայտնել, որ իրավիճակը շուտափույթ կկարգավորվի և բարենպաստ միջավայր կստեղծվի կարգավորմանն ուղղված հետագա բանակցությունների համար։ Մարագոսը նշել է, որ պատվիրակությունն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացումներին և անընդմեջ կապի մեջ է գտնվում ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին՝ Գրիգոր Մինասյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը լարվածության թուլացման և սահմանային անվտանգայնության բարձրացման տեսանկյունից:
Կողմերն անդրադարձել են նաև արդարադատության ոլորտում ԵՄ հետ համագործակցությանը, դրա շրջանակներում ձեռք բերված արդյունքներին և նախանշվող ծրագրերին: Դեսպան Մարագոսը առանձնակի նշել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումները չեն սահմանափակվում միայն դատաիրավական ոլորտով, այլ տարածվում են պետական կառավարման գրեթե բոլոր ոլորտների վրա:
Կողմերն ամփոփել են համատեղ ջանքերով իրականացված և ընթացող ծրագրերն ու նախարարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների օրակարգը: Մասնավորապես ընդգծվել է համատեղ ձեռքբերումներն օրենսդրական դաշտի բարեփոխումների և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ոլորտում, անդրադարձ է կատարվել Պրոբացիայի ծառայության այլընտրանքային խափանման միջոցների՝ տնային կալանքի և վարչական հսկողության ինստիտուտների ներդրման, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ներդրման, թվայնացման օրակարգի և մի շարք այլ ուղղությունները: Առանձնակի անդրադարձ է կատարվել «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրին, և դրա բացառիկ կարևորությանը ընթացիկ դատաիրավական բարեփոխումների գործընթացում:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (ՀԸԳՀ), դրա շրջանակներում համագործակցության ընդլայնման և վերահսկողական մեխանիզմների ամրապնդման հարցերին: Այս համատեքստում նախարարն ու դեսպանը քննարկել են հետագա քայլերը, մասնավորապես՝ ՀԸԳՀ Կոմիտեի և Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի հերթական նիստերի կազմակերպման հարցերը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: