ԲԼՈԳԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱ՞Ծ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բլոգեր Արթուր Չախոյանը պարբերաբար բացահայտումներ է անում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ տեղի ունեցող վարչական ռեսուրսի չարաշահումների եւ մի շարք խախտումների մասին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արթուր Չախոյանը պատմում է, թե ինչպես է ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ բացահայտել, որ դրան մասնակցում են աշխատակիցներ Ջրաշխարհից, Կանաչապատման ՀՈԱԿ-ից, Մշակույթի կենտրոնից եւ այլ կառույցներից: Ինչպես Արթուր Չախոյանն է պնդում, բացահայտումներից հետո աշխատակիցներն իրեն գրում են, որ ստիպողաբար եւ առանց իրենց տեղյակ պահելու են քարոզարշավի տանում:

 

-Իհարկե, հաճախ չեն արձանագրվում դեպքեր. սա երկրորդ դեպքն է հայտնի Ծիծեռնակաբերդի դեպքերից հետո, երբ ինձ կապում էին ինչ-որ քաղաքական ուժերի հետ, իբրեւ թե նրանց պատվերներն եմ կատարում: Ավելի ուշ պաշտոնապես հայտարարեցի, որ, ասֆալտ ու «բորդյուր» նկարելուց զատ, կնկարեմ նաեւ քաղաքական տեսահոլովակներ, որ մարդիկ հասկանան, որ ես քաղաքականացված չեմ, այլ զուտ սրտացավ եմ Երեւանի խնդիրների նկատմամբ:

Ինչ վերաբերում է Գայի արձանի մոտակայքում տեղի ունեցած միջադեպին հավաքի ժամանակ, ապա կարող եմ ասել, որ տեսանյութը մոնտաժված չէր, եւ շատ հստակ երեւում էր, որ մարդկանց մոտենում եմ, նրանք պատասխանում են, թե որտեղից են եկել, քանի հոգով են եկել, նույնիսկ իրար հերթ չտալով՝ գնալիս ասում էին, որ քիչ թիվ են ասել՝ «25 չէ, այլ 27 հոգով են եղել», որ հետագայում աշխատանքի վայրում որեւէ խնդիր չառաջանա: Հարցը հիմնականում այն է, որ այդտեղ ոչ միայն մանկապարտեզների անձնակազմն էր, այլ, օրինակ, մոտ 100 հոգի եղել են Ջրաշխարհից: Հետաքրքիրն այն է, որ անցած տարի Ջրաշխարհի հատվածում ես արձանագրել էի, որ ծառահատումներ են տեղի ունեցել, թեժ գիծ էի զանգել, նկարներով  ցույց էի տվել, թե ինչ է կատարվում, բայց ընթացք չստացավ, եւ հիմա ամեն ինչ ընկնում է իր տեղը:

-Ձեր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էիք, որ արձանագրել եք մոտ 2500 վարչական ռեսուրսի չարաշահման դեպք, եւ հերթով նշել էիք մանրամասները: Սա գրանցվել է մե՞կ քարոզարշավի ընթացքում, թե՞ պարբերաբար շրջել եք իշխող ուժի հետ եւ արձանագրել խախտումները:

-Ոչ, այդ դեպքը եղել է միայն Գայի արձանի հարակից տարածքում տեղի ունեցող քարոզարշավի ընթացքում. ես մեկ քարոզարշավի ընթացքում հասցրեցի ֆիքսել մոտ 700 հոգի, բայց այնտեղ ավելի շատ էին նման դեպքերը, ու քանի որ ինձ էլ ճանաչում էին, գալիս էին ու աչք-ունքով հասկացնում էին, որ՝ մի՛ բացահայտեք ամենը, եւ հարցերին էլ չէին պատասխանում, ինչն էլ երեւում է հենց հոլովակում:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ԿԸՀ-Ն՝ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ միջադեպ էր արձանագրվել։

Բլոգեր Արթուր Չախոյանը Երեւանի Նոր Նորքի առաջին զանգվածում քարոզարշավին մասնակցող քաղաքացիներին ներկայանում էր ՔՊ շտաբից՝ հետաքրքրվելով, թե քանի հոգով որ կառույցից են ներկայացել հավաքին:

Պարզվեց՝ մեծամասնությունը «բերովի» մարդիկ էին՝ տարբեր հաստատությունների, համայնքային այլ կառույցների աշխատակազմերի ուղղորդմամբ:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ԿԸՀ-ից հետաքրքրվեց, թե այս դեպքի առթիվ ինչ է արվել։ Ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն։ Սպասենք հետագա զարգացումներին։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է

Ադրբեջանը համաձայնություն է տվել Լաչինի միջանցքի եւ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի միաժամանակյա օգտագործմանը ԿԽՄԿ միջնորդությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Մենք եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է, Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհին զուգահեռ, ԿԽՄԿ-ի միջնորդությամբ ապրանքների փոխադրման համար պայմաններ ստեղծել Լաչինի սահմանային անցակետով սահմանային եւ մաքսային ընթացակարգերի պահպանմամբ»,- ասել է Հաջիզադեն։

Նշենք, որ այս հանգամանքը բողոքի մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում, որին ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարությամբ է հանդես եկել. «Կրկնում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է պայմաններ ստեղծել բեռնափոխադրումների համար՝ պահպանելով սահմանային եւ մաքսային ընթացակարգերը՝ Աղդամ-Խանքանդի ավտոճանապարհին զուգահեռ։ Ցավոք սրտի, այն կողմը, որը խոչընդոտում է այս համաձայնագրի իրագործմանը, Հայաստանի ստեղծած դեֆոլտն է Ղարաբաղի տարածաշրջանում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ սեպտեմբերի 12-ի առավոտյան ռուսական բեռնատարը Աղդամ-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։

 

 

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը շարունակվում է։ Ընտրություններին հաշված օրեր են մնացել, եւ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչպես է տեղի ունենալու քաղաքապետի ընտրությունը, քանի որ սեպտեմբերի 17-ին քաղաքացիները ընտրելու են ավագանի, ոչ թե քաղաքապետ։ Այսպիսով, Ընտրական օրենսգրքի 2021թ.-ի փոփոխություններով՝ քաղաքապետ կարող է դառնալ Երեւանի ավագանիում ձայների մեծամասնությունը ստացած ավագանու առաջին համարը։ Մեկ այլ կարգավորմամբ՝ քաղաքապետ է ընտրում հենց ավագանին՝ կախված ձայների հարաբերակցությունից։ Եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից կամ կուսակցությունների դաշինքից մեկը ստանում է տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության կամ դաշինքի թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար: Այն դեպքում, երբ ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը հրաժարվում է, կամ ավագանու ընտրությունների արդյունքով որեւէ կուսակցություն կամ դաշինք չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է բաց քվեարկության միջոցով: Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից եւ ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից: Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, հակառակ դեպքում առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ ունենալ առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաեւ հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները: Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին: Ընդ որում՝ քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:

 

 

 

ԲԵՌՆԵՐԸ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր՝ ռուսական Կարմիր խաչի ուղարկած բեռներն Ակնայի ճանապարհով մտել են Արցախ։ Այս իրավիճակի մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:

«Իրավիճակը նորմալ է, մենք ունենք մեր սկզբունքային մոտեցումը, որ ադրբեջանական որեւէ բեռ չենք ընդունելու, որովհետեւ դա կլինի նվաստացուցիչ։ Ռուսական բեռների դեպքում այլ է, սա ռուսական մեքենաներ են, ոչ ադրբեջանցի վարորդներ են, ռուսական ապրանք է այն, ինչի կարիքը Արցախն ունի։ Սա չպետք է գնահատենք մեր սկզբունքներից հետնահան. մեր սկզբունքները միանշանակ են», – նշեց նա։

 

 

 




Լրահոս