Ռաֆայել Երանոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսել է մայրիկի մահից հետո չկոտրվելու, բարեգործությունների, սպասվելիք ամուսնության, ստեղծագործական կյանքի բուռն շրջանի միայն:
-Եթե անկեղծ, երկար ժամանակ մտածում էի, թե Ձեզ ինչպես ճիշտ ներկայացնեմ, որովհետեւ Դուք սովորաբար ասում եք, որ դերասան եք եւ զբաղվում եք դերասանությամբ, իսկ այն, ինչ անում եք, «կողքից գործեր» են՝ ապրելու եւ գոյատեւելու միջոցներ: Ծնվելուց հետո՝ առաջին ամսին, կոչվել եք Սեւակ, անձնագրով՝ Ռաֆիկ, հանրային տիրույթում՝ Ռաֆայել Երանոսյան, ընկերների շրջանում՝ Ռաֆո: Ի վերջո, ո՞վ է հենց հիմա իմ զրուցակիցը:
-Նայե՛ք, վերջերս հորս հետ էի զրուցում այդ թեմայով. պարզվում է, որ չնայած ես ի սկզբանե իմացել եմ, որ իմ անունը Սեւակ են դրել, դա այդքան էլ այդպես չէ: Գնացել էինք հանգստանալու հայրիկիս հետ, հարցրի, թե ինչու են հենց Սեւակ անունը նախընտրել, ասաց. «Տղա ջա՛ն, ոչ թե Սեւակ, այլ Սիմոն»: Փաստորեն, ի սկզբանե Սիմոն է եղել, հետո ծննդական են հանել, դրել Սեւակ 1-2 օրվա ընթացքում, հետո պատռել են ծննդականը, ես էլ մոտ վեց ամիս առանց ծննդականի ու անունի եմ մնացել, ի վերջո, Ռաֆիկ եմ դարձել:
Այս 42 տարիներիս ընթացքում ինչ կերպար որ մարմնավորել եմ թե՛ թատրոնում, թե՛ հեռուստաեթերում, տարբեր անուններ են ունեցել, ու մինչեւ այսօր ինձ ամեն մեկը մի անունով հիշում է՝ ընկեր Կարո, Բաբալ, Զուլալ եւ այլն: Շատ անուններ են տվել, ու այդ կերպարները իմ կյանքն են դարձել, ես իրենց հետ ինչ-որ էտապ եմ ապրել, իմ երեխայի պես սիրել եմ իրենց եւ հրամցրել եմ հանդիսատեսիս: Ահա սրա համար էլ ինձ հոգեհարազատ է ամեն մի անունը, ամեն մի կերպարը, չնայած վերջերս ամեն բան փոխվել է. մարդիկ երբ տեսնում են ինձ փողոցում, նկատել եմ, որ սկսել են դիմել «պարոն Երանոսյան»-ով. երեւի արդեն մեծ մարդ եմ՝ դրանից է:
-Եկեք հետ գնանք այն ժամանակաշրջանը, երբ տարիներ առաջ արմավիրցի Ռաֆիկը եկավ Երեւան հստակ նպատակով՝ դառնալու դերասան: Իհարկե, մենք երբ ունենում ենք հստակ նպատակ, շատ հաճախ անհողդողդ գնում ենք դեպի այդ նպատակը՝ չշեղվելով, բայց կան ընկալումներ կենցաղային, որոնք շատ հաճախ ազդում են մեր նպատակասլացության վրա: Շատերս ենք հասկանում, թե Արմավիրը (ավելի հասկանալի ասված՝ Հոկտեմբերյանը) ինչի հետ է ասոցացվում, հոկտեմբերյանցի տղան՝ առավել եւս: Այդ կաղապարների մեջ արդյոք դժվար չէ՞ր գալ ու դառնալ դերասան Երեւանում:
-Երբ որ այստեղ կամ հյուրախաղերով Հայաստանից դուրս եմ գալիս, ու գալիս են, կես կատակ-կես լուրջ ուզում են ինչ-որ բաներ, որոնք իմ հետ որեւէ առնչություն չունեն, ես պաշտոնապես ասում եմ, որ ես ընդհանրապես այդ գործում չեմ եղել ու չկամ. դա կփաստեն նաեւ ինձ ճանաչողները: Միանշանակ դժվար էր սկիզբը, երբ որ ես պետք է գայի քաղաք. ես ունեի հստակ նպատակ՝ ուզում էի դառնալ դերասան…
Զրույցն ամբողջությամբ՝ ArmLur.am
կայքում
Զրուցեց ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԸ
ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Քարդաշյանների հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը Գեղարդի վանքում արված լուսանկարների շարք է հրապարակել։ Ամերիկահայ հայտնի ոճաբանն իր աղոթքներում հիշատակել է Արցախի մասին։
«Մեր հայկական սրտերում մենք կրում ենք գոյատեւածների ժառանգությունը՝ ճկունության, ուժի եւ անսասան ջանքերի վկայությունը։ Մենք բարձրացնում ենք մեր ձայնը, որպեսզի ոչ թե անդրադառնանք անցյալի վշտին, այլ լույս սփռենք ներկա սարսափի վրա, որը չպետք է կուլ տանք։ Ադրբեջանի կողմից շրջափակումը դաժան եւ անսիրտ արարք է, որը կտրել է կյանքի ճանապարհն Արցախից՝ մեր սուրբ հողից, որտեղ քրիստոնյա հայերը կանգնած են ձեռք ձեռքի։ Տարիներ շարունակ մենք ապավինում էինք Լաչինի միջանցքին օգնության, ապրուստի եւ բժշկության համար, բայց հիմա նրանք դա օգտագործում են իրենց խաղում։ Ադրբեջանի կողմից սովի մարտավարությունը ամոթալի է»,-հրապարակման մեջ գրել է Հրուշը՝ անդրադառնալով նաեւ 2020 թ-ի արցախյան 44-օրյա պատերազմին։ Նա հավելել է, որ վիշտը դեռ մեր սրտերում է։
«Հրադադադարի պայմանագիր է եղել, բայց հարձակումները շարունակվում են։ Հայ զինվորները կանգնած են անզիջում պայքարի առաջ։ Արմենաֆոբիան շարունակվում է։ Ադրբեջանի կառավարության քաղաքականությունը անհոգի ժխտում է։ Տարածաշրջանի խաղաղությունը չպետք է այսպիսի գին պահանջի։ Արցախի ինքնիշխանությունը մի գիծ է, որը մենք չենք կարող խախտել։ Այս շրջափակումը հակասում է մարդասիրության բոլոր օրենքներին»,-հավելել է նա։
Հավելենք, որ բանաստեղծական ոճով իր գրառման մեջ Աճեմյանը շեշտել է՝ հայերը շարունակում են մնալ միասնական եւ ուժեղ՝ հանուն արդարության եւ ազատության եւ ի հեճուկս բոլոր սխալների։
«ՕՍԿԱՐ»-Ի ՀԱՎԱԿՆՈՐԴԸ
Հայաստանը 2024 թվականի «Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» հավակնորդ է ընտրել «Ամերիկացի» ֆիլմը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Armenian Film Society-ի ֆեյսբուքյան էջից։
Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը Մայքլ Գուրջյանն է։ «Ամերիկացի»-ն այժմ ցուցադրվում է Լոս Անջելեսի եւ Նյու Յորքի կինոթատրոններում։ Ֆիլմի պրոդյուսերը People of Ar Productions ընկերությունն է:
«Ոչինչ չի կարող ինձ է՛լ ավելի մեծ հպարտություն պարգեւել, քան այն, որ ներկայացնելու եմ հայկական կինոն եւ օգնելու եմ լույս սփռել մեր փոքրիկ երկրի հսկայական տաղանդի վրա», – ասել է Միքայել Գուրջյանը:
Հավելենք, որ «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 10-ին, իսկ անվանակարգերը կհայտարարվեն 2024 թվականի հունվարի 23-ին:
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ ՀԱՂԹԵՑ
«Եվրո-2024»-ի ընտրական մցրաշարի վեցերորդ տուրի խաղում Պորտուգալիայի հավաքականը տարել է ամենախոշոր հաշվով հաղթանակն իր պատմության մեջ։
Պորտուգալացիները 9:0 հաշվով պարտության էին մատնել Լյուքսեմբուրգի թիմին։
1994 եւ 1999 թվականներին Պորտուգալիան երկու անգամ 8:0 հաշվով հաղթել էր Լիխտենշտեյնին, 2003 թվականին 8:0 հաշվով պարտության էր մատնել Քուվեյթի թիմին։
«Եվրո-2024»-ի ընտրական մցրաշարի J խմբում Պորտուգալիան 6 խաղում վաստակել է տասնութ միավոր եւ առաջինն է։ Պորտուգալացիները 24 գոլ են խփել, ոչ մի գոլ բաց չեն թողել։
Որակազրկման պատճառով Լյուքսեմբուրգի դեմ խաղը բաց թողեց Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» երեսունութամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
ՀԵՌԱՑԱՎ ՊԱՇՏՈՆԻՑ
Հիսունվեցամյա ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է ռուսական «Կուբանի» գլխավոր մարզիչի պաշտոնից. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ակումբի մամուլի ծառայությունից։
«Հեռանում եմ, որպեսզի ճանապարհ ազատեմ «Կուբանին» ինչ-որ բան տալու հնարավորություն եւ կարողություն ունեցող մարդու»,- ասել է մարզիչը։
Գրիգորյանն այս տարվա մայիսին էր գլխավորել թիմը։ Ռուսաստանի առաջին լիգայի առաջնության ինը տուրից հետո «Կուբանը» 5 միավորով նախավերջին տեղում է։
ՆՎԱՃՈՒՄՆԵՐ՝ ԾԱՆՐԱՄԱՐՏՈՒՄ
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանն աշխարհի առաջնությունում դարձավ փոքր ոսկե մեդալակիր:
«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 89 կգ քաշային կարգի տղամարդկանց պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը «Պոկում» վարժությունում նախ բարձրացրեց 150 կիլոգրամ ու այնուհետ` 175 կիլոգրամ:
Այս վարժությունում նա նվաճեց փոքր ոսկե մեդալ: «Հրում» վարժությունում հայ ծանրորդը երկու մոտեցմամբ բարձրացրեց 192 կիլոգրամ եւ 202 կիլոգրամ: Երկամարտի 377 կգ արդյունքում նա չորրորդն է:
Մինչ այս Հայաստանի հավաքականի կազմում վաթսունյոթ կիլոգրամ քաշում Գոռ Սահակյանը դարձել էր ԱԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ: