ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փախնախագահ Թագուհի Ղազարյանը 2022 թվականին մայրաքաղաք Երեւանում բնակարան է գնել հիփոթեքով այնպես, ինչպես իշխանական խմբակցության պատգամավորների 99 տոկոսը: Չնայած դրան՝ Թագուհի Ղազարյանը շարունակում է Ազգային ժողովի բյուջեից ստանալ տան վարձավճարի փոխհատուցում: ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը, որ 2019 թվականին պատգամավոր դարձավ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ընտրացուցակով, հանրությանը առավել հայտնի էր նախ իր մազերի կապույտ գույնով, ապա նաեւ իր ծննդավայրով. Թագուհի Ղազարյանը Արմավիրի մարզի Արշալույս համայնքից է: Նա, լինելով սոցիալապես անապահով ընտանիքի ներկայացուցիչ, Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորությունն է վայելել, համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանը նրա ուսման վարձավճարն է փոխհատուցել թերեւս համայնքապետարանի կամ այլ միջոցներից: Երբ Թագուհի Ղազարյանը դարձավ ԱԺ պատգամավոր, առաջին բողոքի ակցիան իրականացրեց հենց Զարզանդ Գրիգորյանի դեմ, բայց դա էական չէ: Կոռուպցիան, հովանավորչությունը, պետության միջոցների վատնումը մերժող հայտարարություններով եւ արժեքների քարոզով իշխանության եկած Թագուհի Ղազարյանը 2019 թվականից ԱԺ ֆոնդից տան վարձավճարի փոխհատուցում է ստանում, այսինքն՝ նրա Երեւանի տան վարձը վճարում են ՀՀ քաղաքացիները իրենց հարկերից: Ու սա՝ այն դեպքում, երբ նա 2022 թվականին տուն է գնել: Ե՛ւ տան վարձավճարի, ե՛ւ բնակարան գնելու մասին տեղեկությունները «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է պաշտոնական աղբյուրներից: Նկատենք, որ Թագուհի Ղազարյանն այժմ նաեւ հեռուստահաղորդավար է Բուն TV-ում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը հանդիսանում է նաեւ «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ նախագահ, Davit & Partners իրավաբանական ընկերության համահիմնադիրը, նոր աշխատանք ունի։ Մեր տեղեկությունների համաձայն՝ նա ստանձնել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի իրավաբանական հարցերով պատասխանատուի պարտականությունները, որտեղ նրա ամուսինը՝ Արշակ Մնացականյանը եւս աշխատում է: Նա «Աստղիկ» բժշկական կենտրոնի փոխտնօրենն է եւ պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավարը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանից ճշտել, թե ճիշտ է արդյոք, որ նա հանդիսանում է «Աստղիկ» ԲԿ-ի իրավաբանական բաժնի պատասխանատու, եւ արդյոք այլ բժշկական կենտրոնների հետ համագործակցում է, թե ոչ: Նա պատասխանեց. «Ոչ, ես իմ մասնագիտական գործունեության տիրույթում իրավաբանների թիմի հետ իրավաբանական ծառայություններ եմ մատուցում տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, որոնց թվում կան նաեւ մի շարք բժշկական հաստատություններ»: Այլ դետալներ տիկին Հովհաննիսյանը չմանրամասնեց:
Խնամի-ծանոթ-բարեկամի միջոցով աշխատանքի տեղավորվելը մշտապես մերժող ու թափանցիկության մասին աղաղակող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ԽԾԲ-ն նոր ծաղկունք է ապրում: Պարզվում է, որ թավշյա հեղափոխականների օրոք այս արատավոր երեւույթն այնքան է աճել ու մասսայական բնույթ ստացել, որ մտել է ոչ միայն պետական կառույցներ, դպրոցներ կամ մանկապարտեզներ, այլ նաեւ մշակութային կենտրոններ: Երեկ հայտնի դարձավ, որ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը նոր տնօրեն ունի. այդ պաշտոնում նշանակվել է Արմենուհի Ավետիսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանի կինն է: Քաղաքապետարանի պաշտոնյան իր կնոջը բարձր պաշտոնի է նշանակել տվել՝ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի բարձր հովանու ներքո:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով նախաքննական մարմնի կողմից նշանակված հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննությունը մոտեցել է ավարտին, եւ առաջիկայում հանձնաժողովի եզրակացությունը կտրվի նախաքննական մարմնին: Ասել է թե՝ գնդակը իրավապահների դաշտում է՝ Ջալալ Հարությունյանի գործը կուղարկվի դատարան, թե կկարճվի: Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել էր։ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ քրեական վարույթի նախաքննության օբյեկտիվությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, ուստի կայացվել է քրեական հետապնդումը կասեցնելու որոշում։ Ջալալ Հարությունյանը մեղադրվում է երկու դրվագով, երկուսն էլ 44-օրյա պատերազմին են առնչվում: