ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ղարաբաղի հայ խաղաղ բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին»,- ասել է Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

 

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Եվրամիությունը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ եւ ցավում է այս սրման հետեւանքով առաջացած զոհերի եւ մարդկային կորուստների համար։ Մենք ի գիտություն ենք ընդունել համապատասխան հայտարարությունները, որ ձեռք է բերվել հրադադարի համաձայնություն։ Մենք ակնկալում ենք ռազմական գործողությունների անհապաղ եւ ամբողջական դադարեցում եւ հրադադարի պահպանում։

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին թույլատրել անհապաղ եւ անարգել հումանիտար  օգնության մուտքը կարիքավոր բնակչությանը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական վերաբացման միջոցով: ԵՄ-ն եւ նրա անդամ երկրները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել։ ԵՄ-ն կոչ է անում Բաքվին եւ Ղարաբաղի հայերին անհապաղ ներգրավվել համապարփակ եւ թափանցիկ երկխոսության մեջ։

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում՝ ապահովելու ղարաբաղցի հայերի իրավունքները եւ անվտանգությունը, այդ թվում՝ առանց ահաբեկման եւ խտրականության իրենց տներում ապրելու իրավունքը։ Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին։ ԵՄ-ն պատրաստ է ձեռնարկել համապատասխան գործողություններ իրավիճակի հետագա վատթարացման դեպքում։

ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր միանշանակ հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն։ ԵՄ-ն պատրաստ է հետագայում էլ աջակցել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին՝ երկրում ժողովրդավարական բարեփոխումների կայունությանը, անվտանգությանը եւ շարունակմանը: Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (EUMA) կշարունակի դիտարկել եւ զեկուցել Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմում անվտանգության իրավիճակի մասին։

ԵՄ-ն կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր առկախ հարցերի շուրջ՝ հաշվի առնելով խաղաղության պայմանագրի կնքումը, եւ լիովին հավատարիմ է մնում նման բանակցություններին աջակցելուն։ Եվրամիությունը լիովին հավատարիմ է կողմերի միջեւ երկխոսությունը հեշտացնելուն, հատկապես՝ Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո, ԵՄ հատուկ ներկայացուցչի աջակցությամբ երկարատեւ խաղաղություն ապահովելու համար՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց»:

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԼՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դինամիկ ու փոփոխական է: Այս մասին սեպտեմբերի 22-ին՝ կառավարության նիստին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն տեղեկությունը, որ մենք ունենք, կես ժամից կարող է փոխվել, բայց շատ կարեւոր է, որ ամեն պահի ունենանք ճշգրտված տեղեկություն այդ պահի մասին ու նաեւ որոշակի պատկերացումներ դինամիկայի մասին»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, թե հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ որոշակի դրական հույսեր կան. չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնի Լեռնային Ղարաբաղ։

«Ավելի մանրամասն չեմ կարող ասել, որովհետեւ կան որոշակի պայմանավորվածություններ, այս պահին դրանց իրագործումը պետք է մեկնարկի: Կմեկնարկի, թե ոչ, ես չեմ կարող ասել, բայց որ կան պայմանավորվածություններ, դա հստակ է»,-ասաց նա:

Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Բաքուն Ստեփանակերտ է ուղարկել «հումանիտար օգնության որոշակի խմբաքանակ»։

 

 

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունը գումար կհատկացնի ութ մարզպետների աշխատակազմերին՝ քսան համայնքների երեսուն  սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 22-ին գումարված նիստում:

Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով նախագիծը, շեշտեց՝ Արագածոտնի մարզի երկու ծրագրի համար նախատեսվում է տրամադրել 42 մլն դրամ,  Արմավիրի մարզի երկու ծրագրի համար՝ 12,5 մլն դրամ,  Գեղարքունիքի մարզի 4 ծրագրի համար՝ 307 մլն դրամ,  Լոռու մարզի 6 ծրագրի համար՝  347 մլն դրամ, Կոտայքի մարզի 8 ծրագրի համար՝ 503 մլն դրամ, Շիրակի մարզի երկու ծրագրի համար՝ 124 մլն դրամ, Սյունիքի մարզի երկու ծրագրի համար՝ 173 մլն դրամ, եւ Տավուշի մարզի  4 ծրագրի համար՝ 289 մլն դրամ:

«Նախագծի ընդունմամբ, հունվարի 1-ից սկսած, ՀՀ կառավարությունը 17 մլրդ 116 մլն դրամ կվճարի սուբվենցիոն ծրագրերի համար»,- շեշտեց Սանոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստեց, որ ծրագիրը մեկնարկում է Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքից, որը եզդիաբնակ է: Նա հիշեցրեց, որ փոփոխությունը սուբվենցիոն ծրագրերի բանաձեւերում իրականացրել են, երբ ազգային փոքրամասնությամբ բնակչություն ունեցող  համայնքներին ավելի մեծ չափով են ֆինանսավորում:

Գնել Սանոսյանն էլ ընդգծեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ որոշակի ուղիղ ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատում են, նախագծման որոշ աշխատանքներ են իրականացվում:

Հայաստանի վարչապետը կարեւորեց համայնքներում աշխատանքները, քանի որ համայնքների մեծ մասը չի խոշորացվել: Ըստ Փաշինյանի՝ սուբվենցիոն ծրագրերի հետ կապված նրանց կարողությունները էականորեն պակաս են, եւ պետք է աջակցել:

 

 

 

ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱԽԱԶԻՆ

2014թ. օգոստոսի 7-ին՝ Վերին Կարմիրաղբյուրի այգիներում «Եղվարդշին» ԲԲԸ-ի կողմից  ոռոգման ջրագծի ապամոնտաժման ժամանակ, անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով եռակցման ապարատից թռած կայծից հրդեհ է բռնկվել, որը մեծ վնաս է պատճառել 37 ընտանիքին պատկանող 6.8 հա այգուն: «Եղվարդշինը» աշխատանքները կատարել է առանց շինթույլտվության, այդ ընկերությունը հրդեհից 15 օր հետո Վ. Կարմիրաղբյուրի համայնքապետարանից ստացել է  952 գծամետր խողովակաշարի ապամոտաժման շինթույլտվություն: Վ. Կարմիրաղբյուրի բնակիչ Վազգեն Մանուչարյանը հրդեհից իր կրած վնասների համար  5 անգամ նախագահ Սերժ Սարգսյանի  նստավայր  է գնացել, այնտեղ  4 անգամ  նամակ հանձնել: Նա հայտնեց, որ հրդեհից ոչնչացել են իր 8 տարեկան թվով 31 ծառերը, որոնցից 25-ը՝ կեռասի, 6-ը դեղձի ծառեր էին։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանն  իր կայացրած  վճռով արդարացրել է «Եղվարդշին» աշխատակցին, որը  հրդեհի պատճառ դարձած  զոդման աշխատանքներ է   կատարել, վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել այդ վճիռը, իսկ վճռաբեկ դատարանը  բողոքը վարույթ չի ընդունել։ Վ. Մանուչարյանը հայտնեց, որ 6 տարբեր դատարաններում արդարություն է փնտրել, սակայն այն չգտնելով՝ հայտնվել է եւս 8 միլիոն դրամ պարտքերի տակ, ստիպված արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան։ Նա ասաց, որ «Եղվարդշինի»  ապամոնտաժած ոռոգման խողովակաշարն Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի միջնամասում էր՝  սահմանի եզրին, ոռոգման մեծ խողովակները բետոնյա մեծ ամրակների վրա էին, դրանք կազմում էին   պաշտպանական գիծ, որը քանդել են, տեղի է ունեցել մոտ 2 միլիոն  դոլար արժեքով խողովակների գողություն։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում հաստատվել է, որ 147 գծամետր նախատեսվածից ավել մոնտաժված խողովակներն  ի պահ են հանձնվել «Ուտիք» ՋՕԸ-ին։ «Եղվարդշին» ԲԲԸ-ի կողմից ոռոգման ջրի խողակաշարի գողության վերաբերյալ Արթուր Լոբյանի կողմից (նա այժմ ոստիկանության Բերդի բաժնի պետն է) 2016թ. ապրիլի 25-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասով, քրեական գործ է հարուցվել, սակայն գործը քննած քննիչն այն փակել է: Մանուչարյանը հայտնեց, որ «Ուտիք»   ՋՕԸ-ի տնօրեն Աշոտ Գեւորգյանը Ջրային պետական կոմիտեի ԾԻԳ-ից   56 միլիոն դրամ արժեքով  կեղծ  ծրագիր է բերել գողացած խողովակներով   Բերդ քաղաքից Տավուշ գյուղ ջրագիծ կառուցելու համար: Դա՝  այն դեպքում, երբ նշված հրդեհից երկու տարի առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է այդ հատվածում  արդեն գործող ջրագծի բացմանը։ Մանուչարյանն այժմ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի ոռոգման խողովակների գողութան վերաբերյալ  կրկին քրեական գործ հարուցվի։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս