ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ՝ ԱՄՆ ՍԵՆԱՏՈՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ:

 

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը:

Թագուհի Թովմասյանը նշել է, որ հայերը գտնվում են ծանր ժամանակաշրջանում: «Պատմության դասագրքերից գիտենք, թե ինչպես են 1915 թվականին մարդկանց գնդակահարել, ցեղասպանել, որի արդյունքում մեծացել է հայկական սփյուռքը: Սեպտեմբերի 19-ին ականատես եղանք, թե ինչպես շրջափակվեց Լեռնային Ղարաբաղն ու ռմբակոծվեց: Մարդիկ փախչելու տեղ չունեին»,- մանրամասնել է Թագուհի Թովմասյանը` խոսելով բազմաթիվ զոհերի, տեղահանվածների, գերեվարված ու առեւանգված քաղաքացիների մասին: Նա նշել է, որ ակնկալում են առավել ազդեցիկ երկրների աջակցությունը հայրենիքն ու ժողովրդավարությունը պահպանելու համար: Պատգամավորը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո հաջորդ դաժանությունները, հնարավոր է, կատարվեն Հայաստանում, եւ դրանք կանխելու համար անհրաժեշտ է գործել` պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի եւ նրա նախագահի նկատմամբ:

Լիլիթ Գալստյանը նշել է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանություն է, ինչը կարող էր կանխվել, եթե միջազգային հանրության վերաբերմունքը լիներ համարժեք: Նա նշել է, որ թեեւ ԱՄՆ-ն բազմաթիվ սենատորների, կոնգրեսականների մակարդակով դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, սակայն Հայաստանն ակնկալում էր ավելի հստակ, հասցեական գործողություններ: Խոսելով անվտանգության խնդիրների մասին` «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշել է, որ միջազգային հանրությունը եւ հատկապես ԱՄՆ-ն պետք է որոշակի երաշխիքային մեխանիզմներ մշակեն` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի բնակիչների, եւ անհրաժեշտության դեպքում երաշխավորեն նրանց փրկության ճանապարհը: «Ես բազմիցս բարձրաձայնել եմ 907-րդ բանաձեւի մասին, որը վերաբերում է Ադրբեջանին ԱՄՆ կողմից ռազմական աջակցությանը: Այդ բանաձեւով ագրեսորի համար կանաչ լույս բացվեց»,- հավելել է Լիլիթ Գալստյանը` համոզմունք հայտնելով, որ ԱՄՆ-ն բավարար ջանքեր կգործադրի խաղաղության եւ անվտանգային երաշխիքներ ապահովելու համար:

Աննա Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանը չպատժվեց 2020 թվականի ագրեսիվ գործողությունների համար եւ այսօր էլ շարունակում է նույն ձեռագիրը: Նա խնդրել է գործել` նշելով, որ հակառակ դեպքում էթնիկ զտումն ու ցեղասպանությունը կշարունակվեն:

«Ձեր ուղերձները շատ հստակ էին. գիտակցում եմ, որ պատմական պահ է այս երկրի համար: Ուզում եմ նշել, որ ինքս ԱՄՆ-ում ձեր նշած գործողությունների վերաբերյալ օրենսդրական նախագծի նախաձեռնող եմ: Դրանցից մեկն էլ ԱՄՆ նախագահին լիազորություններ տալն է, որպեսզի նա կարողանա պատժամիջոցներ կիրառել այնպիսի դերակատարների նկատմամբ, ինչպիսին Ադբեջանն է: Այդ օրենսդրական նախաձեռնությամբ հղում կկատարվի նաեւ 907-րդ բանաձեւին` Ադրբեջանին աջակցությունը սահմանափակելու վերաբերյալ: Օրենսդրությունը նաեւ նախատեսելու է ֆինանսավորում` հումանիտար օգնության համար»,- ասել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը: Նա նաեւ տեղեկացրել է, որ այցելել է Լաչինի միջանցք եւ հանդիպելու է բռնի տեղահանված անձանց հետ:

 

 

 

ԺԱՄԱՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ

ՌԴ ՆԳՆ ղեկավար, ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցեւը ժամանել է Երեւան՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների միավորված կոլեգիայի նիստին:

«Նախատեսված են նաեւ մի շարք այլ միջոցառումներ»,- հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

 

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնողափրկարարական աշխատանքները սեպտեմբերի 21-ից շարունակվում են ԼՂ ամբողջ տարածքում։

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԼՂ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ մանրամասնելով, որ  սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից հայտնաբերվել է քաղաքացիական 1 անձի մարմին։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ սեպտեմբեր 22-ին իրականացված որոնումների արդյունքում Շուշիի շրջանի Ղայբալիշենի տարածքից հայտնաբերվել եւ տարհանվել է վիրավորում ստացած մեկ զինծառայող, իսկ Չարեքտարից` զոհված 2 զինծառայողի մարմին։

Սեպտեմբերի 23-ին տարհանվել է 68 մարմին, որից 4-ը` քաղաքացիական անձինք են Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից, ընդ որում` 2 երեխա եւ տարեց ամուսիններ։

Նույն օրը Նախիջեւանիկ եւ Սարուշեն գյուղերի տարածքից հայտնաբերվել է 2 քաղաքացի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Սեպտեմբերի 24-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է ընդհանուր 34 մարմին, իսկ Ասկերանի շրջանի Շոշ գյուղից քաղաքացիական 3 անձ է հայտնաբերվել։

Որոնողակափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը պարբերաբար կհրապարակի տեղեկություններ։

Գործում են  Օպերատիվ շտաբը՝  /047/ 95- 75 -51 հեռախոսահամարով, եւ ԱԻՊԾ թեժ գիծը` 911։

 

 

 

ՊԵՍԿՈՎԸ ՄԵԿՆԱԲԱՆԵՑ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր եռակողմ հանդիպման կոնկրետ ուրվագծեր դեռ չկան։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Առայժմ եռակողմ հանդիպման վերաբերյալ հստակ ուրվագծեր չկան»,- հայտարարել է նա:

 

 

 

ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության բոլոր գործընկերների հետ. այս մասին հայտարարել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը «Իննոպրոմ. Ղազախստան» արդյունաբերական ցուցահանդեսի լիագումար նիստին։

«Ռուսաստանը բաց է Եվրասիական տնտեսական միության բոլոր գործընկերների հետ փոխգործակցության ընդլայնման համար: Տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդումն այսօր դառնում է եվրասիական տարածքում համատեղ աշխատանքի նշանակալի վեկտորներից մեկը»,- ??նշել է ՌԴ կառավարության ղեկավարը։

Միշուստինի խոսքով՝ այսօր կարեւոր է միավորել ռեսուրսներն ու իրավասությունները՝ ապահովելու արտադրական համալիրների կայունությունը արտաքին գործոնների նկատմամբ եւ պաշտպանելու տնտեսությունն ու քաղաքացիներին աշխարհում աճող տուրբուլենտության եւ մրցակցության աճի պայմաններում:

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԲԱՔՈՅԱՆԸ ԳՐՈՒՄ Է

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը սոցցանցի իր էջում գրում է. «Վերջին օրերին հասարակության մեջ առկա ատելության խոսքի բարձր աստիճանը, բռնության եւ անհանդուրժողականության ակնհայտ դրսեւորումները հասել են վտանգավոր չափերի։

Հայրենիքի հանդեպ զգոնությամբ եւ նվիրումով ծառայող, մարդու եւ քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների եւ ազատությունների հարգման եւ պաշտպանության սկզբունքներով առաջնորդվող շատ ոստիկաններ, որոնք նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ անձնվիրաբար պայքարել են թշնամու դեմ, այսօր էլ փաստացիորեն պայքարում են մեր պետականության խարխլման դեմ, առավել քան երբեւէ հասարակության կողմից առնվազն հարգանքի եւ պատշաճ վերաբերմունքի կարիք ունեն։

Հայաստանի Հանրապետության՝ որպես իրավական պետության բնորոշ գծերից է օրենքի գերակայությունը, եւ յուրաքանչյուր ոք պարտավոր է հարգել Հայաստանի Հանրապետության օրենքները, իսկ իրավահպատակ ուղուց շեղվող ցանկացած անձ անխուսափելիորեն յուրաքանչյուր դեպքում արժանանալու է պատշաճ իրավական գնահատականի։

Ուշադիր հետեւում եմ տեղի ունեցող իրադարձություններին եւ հարկ եղած դեպքում պատրաստ եմ օրենսդրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակում գործել՝ հանուն մարդու իրավունքների հարգման եւ պաշտպանության»։

Սիրելի՛ ՀՀ քաղաքացիներ, կոչ եմ անում հեռու մնալ սադրանքներից, մանիպուլյատիվ գործողություններից եւ ձեր քայլերով չվնասել ՀՀ պետականությանը»։

 




Լրահոս