ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ, ԸՆՏԱՆԻՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ավարտվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վստահված գույքը հափշտակելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքերի լվացում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

 

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ Ներքին Խնձորեսկ բնակավայրի ղեկավարը, 2005 թ. ստանձնելով հիշյալ պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, պաշտոնեական կեղծիք կատարելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող աշխատակիցների, համայնքի ղեկավարի տեղակալի, վիճակահանության հանձնաժողովի նախագահի եւ անդամների միջոցով, իրականությանը չհամապատասխանող գրառումներ ներառելով համապատասխան արձանագրությունների մեջ, հաստատելով համապատասխան փաստաթղթերը, իրեն վստահված խոշոր չափերով` ընդհանուր 3.063.250 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող, ընդհանուր 4.824 հա հողամասերն օտարել է դստերը։ Վերջինս իր հերթին ձեւական առուվաճառքի պայմանագրով այդ գույքը փոխանցել է եղբորը:

Բացի այդ, հանդիսանալով հիշյալ գյուղական համայնքի «Զոհված ազատամարտիկների հրապարակի բարեկարգման օժանդակ աշխատանքներ» ծրագրի պատվիրատու եւ նշված աշխատանքների կազմակերպման ու իրականացման ղեկավար՝ համայնքի վարչական տարածքում զոհված ազատամարտիկների` գոյություն չունեցող հրապարակի բարեկարգման աշխատանքները նշված ծրագրով նախատեսված ծավալով ու ժամանակահատվածում փաստացի չիրականացնելու, օժանդակ աշխատակիցների կողմից դրանց կատարմանը փաստացի չմասնակցելու պայմաններում Ներքին Խնձորեսկ բնակավայրի նախկին ղեկավարն անձամբ ստորագրել է իր հանձնարարությամբ կազմված՝ կատարվելիք աշխատանքների` իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ կատարողական ակտը, 25 աշխատակիցների նույն ժամանակահատվածի հաճախումները հավաստող ցուցակը։ Այն շրջանառության մեջ դնելով` համայնքի նախկին ղեկավարը հափշտակել է ծրագրի շրջանակում հրապարակի բարեկարգմանը հատկացված, տեղական գանձապետական բաժին փոխանցված 1.844.600 ՀՀ դրամից օժանդակ աշխատակիցների վարձատրության համար նախատեսված խոշոր չափերով` ընդհանուր 1.132.500 ՀՀ դրամ աշխատավարձի գումարը:

Քննությամբ պարզվել է նաեւ, որ նշված բնակավայրի նախկին ղեկավարը փաստացի չկայացած աճուրդների միջոցով իր ընտանիքին պատկանող ընկերության անունից հանդես եկած մորաքրոջ որդուն 4.272.000 ՀՀ դրամ եւ 2.740.800 ՀՀ դրամ արժեքներով օտարել է ընդհանուր 13.957.800 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող ընդհանուր 32.46 հա երկու հողամասերը։ Դրանք սեփականությամբ իր եւ իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերության հաշվեկշիռ ներառելու, իրենց սեփականությունը դարձնելու միջոցով նա յուրացրել է իրեն վստահված համայնքային սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով հիշյալ հողամասերը:

Բացի այդ, կեղծ որոշման հիման վրա՝ փաստացի չկայացած մրցույթի արդյունքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր 15.8654 հա հողամասերը վարձակալությամբ տրամադրվել են դրա իրավունքը չունեցող անձանց` հիշյալ համայնքի նախկին ղեկավարի որդուն, աշխատակցին եւ մրցութային հանձնաժողովի անդամին, ինչպես նաեւ փաստացի չկայացած մրցույթի մյուս մասնակիցներին` էական վնաս պատճառելով համայնքի եւ հասարակության օրինական շահերին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ներքին Խնձորեսկ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերջինիս դստերը եւ որդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել` հիշյալ ենթադրյալ հանցագործություններում ներգրավված մյուս անձանց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդումներ չհարուցելու մասին:

Գորիս համայնքին պատճառված վնասի հատուցումը, ինչպես նաեւ հանցավոր ճանապարհով ստացված գույքերի հնարավոր բռնագանձումն ապահովելու համար արգելանք է դրվել Ներքին Խնձորեսկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 19.88 հա եւ 12.58 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերի, ինչպես նաեւ 4.824 հա վարելահողի վրա:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

 

 

ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ, ԳԵՐԵՎԱՐԵԼ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին երեկ ադրբեջանական կողմը բերման է ենթարկել Լաչինի միջանցքի անցակետում. RBC-ին հայտնել է նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։

«Այսօր առավոտյան ամուսինս՝ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել եւ գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հեռանալ Արցախից»,- ասաց նա:

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԿԱՄՐՋԻ ՏԱԿ

Սեպտեմբերի 26-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Հաղթանակ կամրջի տակ կրակոցի ձայներ են լսվում: Ոստիկանությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ մեկնել է ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը:

ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախույզները եւ պահպանության բաժնի արագ արձագանքման խմբի ծառայողները Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերել, խուլիգանություն կատարելու եւ սառը զենք պահելու եւ կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել եւ Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են օդաճնշիչ ատրճանակ, պահեստատուփ՝ 7 մետաղյա գնդակով, եւ պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ օդաճնշիչ ատրճանակի համար նախատեսված մետաղյա գնդիկներ էին:

39-ամյա տղամարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

 

 

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա.Ե.-ն, այլ քաղաքացիների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով հափշտակել եւ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով գույքեր. հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ քաղաքացի Ա.Ե.-ն տեւական ժամանակ՝ 2008 թվականից մինչեւ 2011 թվականը ներառյալ, ճանաչել եւ տարբեր հարցերով շփումներ է ունեցել Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այդ ժամանակահատվածի դատավոր Ա.Մ.-ի օգնական Գ.Ս.-ի հետ:

Մասնավորապես, 2012 թվականի ընթացքում Ա.Ե.-ն եւ դատավորի օգնական Գ.Ս.-ն խաբեության եղանակով ձեռք են բերել Ավան-Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանում գտնվող 0,75 հա մակերեսով, 300 մլն դրամ շուկայական արժեքով հողամասը:

Նույն թվականին Ա.Ե.-ն 20 մլն դրամ շուկայական արժեքով, 394 քմ մակերեսով հողամասը եւ դրա վրա գտնվող 543 քմ մակերեսով շինությունը հափշտակելու նպատակով ձեռք է բերել կեղծ փաստաթղթեր:

2013 թվականի հունվարին Ա.Ե.-ն իր մտերիմ՝ փաստաբանական գործունեություն իրականացնող Ն.Հ.-ի, դատավորի օգնական Գ.Ս.-ի եւ քաղաքացի Վ.Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ ձեռք է բերել 1 մլրդ 500 մլն դրամ շուկայական արժեքով, Դավիթ Բեկ փողոցին հարող տարածքում գտնվող 2.61 հա մակերեսով հողամասը:

Նկարագրված երեք դեպքերում վերոնշյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա հողամասերն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում գրանցելու եւ տնօրինելու հնարավորություն ստանալու նպատակով փաստի հաստատման պահանջի մասին դիմում է ներկայացվել Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան. երեք դեպքում գործը մակագրվել է դատավոր Ա.Մ.-ին:

Ա.Ե.-ն, նկարագրված երեք գործարքներից երկուսի դեպքում տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքներով հողամասերի իր մասնաբաժնի իրական պատկանելիությունը եւ ծագումը թաքցնելու, խեղաթյուրելու միջոցով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 76 մլն դրամ եւ 138 մլն դրամ արժեքներով հողամասերը:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ՝ Ա.Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով:

 




Լրահոս