Ադրբեջանի կառավարությունը կողջունի միջազգային դիտորդական առաքելության ուղարկումը Լեռնային Ղարաբաղ, եւ ԱՄՆ-ն այդ ուղղությամբ առաջիկա օրերին կաշխատի իր դաշնակիցների եւ գործընկերների հետ։ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Կարող եմ ասել, որ մենք ողջունեցինք քիչ առաջ՝ նախքան իմ ամբիոն բարձրանալը, Ադրբեջանի կառավարության մեկնաբանությունն այն մասին, որ նրանք կողջունեն նման միջազգային դիտորդական առաքելությունը։ Պետքարտուղարն ուղղակիորեն նախագահին (խմբ՝. Ադրբեջանի) հորդորում էր դա անել, եւ մենք ուրախ ենք տեսնել, որ նա համաձայնեց դրան։ Եվ մենք կաշխատենք մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ առաջիկա օրերին, որպեսզի վերջնական հստակ տեսք հաղորդենք այդ առաքելությանը», – ասել է Միլլերը։
Նա նաեւ կրկնել է այն մի շարք առաջնահերթ նպատակները, որոնց Վաշինգտոնը ցանկանում է հասնել տարածաշրջանում, որոնք, Միլլերի խոսքով, շեշտել են ինչպես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, այնպես էլ Հայաստանում գտնվող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը եւ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը։
«Առաջին՝ մենք ցանկանում ենք տեսնել, որ հրադադարը պահպանվում է, երկրորդ՝ մենք ցանկանում ենք տեսնել, որ բավարարվում են հումանիտար կարիքները, ինչը նշանակում է բաց պահել Լաչինի միջանցքը, ապահովել հումանիտար մատակարարումների մուտքը։ Դա նաեւ նշանակում է միջազգային դիտորդական առաքելության ուղարկում՝ երաշխավորելու, որ այդ կարիքները բավարարվեն», – նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։
Նշենք նաեւ, որ Մեթյու Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, ի վերջո, տեսնել, որ կողմերը վերադառնում են բանակցային սեղանի շուրջ, որտեղ կարող են վերջապես հասնել արժանապատիվ, կայուն խաղաղության։ Նա շեշտել է, որ ԱՄՆ պետքարտուղարն ուղիղ շփումների մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ, իսկ ամերիկյան մի շարք պաշտոնյաներ ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի վերջին օրերի բռնություններից հետո այցելել են տարածաշրջան։
Շեշտելով, որ Վաշինգտոնն արել է ամեն բան, որպեսզի խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով՝ Միլլերը նշել է, որ համաձայնության պետք է հասնեն հենց կողմերը, որոնք ունեն ուղիղ տարաձայնություններ։
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակը նաեւ անդրադարձել է Ռուսաստանի դերին վերջին օրերի ընթացքում։
«Անշուշտ, չեմ կարծում, որ Ռուսաստանն արդյունավետ դեր է կատարել վերջին շաբաթվա ընթացքում։ Մենք երբեմն տեսել ենք, որ որոշ դեպքերում նրանք նպաստել են բանակցություններին, եւ մենք դա ողջունել ենք, սակայն, անշուշտ, վերջին շաբաթվա ընթացքում նրանց դերն ադյունավետ չի եղել այս իրավիճակում», – ասել է պաշտոնյան։
Նա նաեւ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը։
«Մենք տեղյակ ենք ձերբակալության մասին։ Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին», – եզրափակել է նա։
ԿՄՆԱ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ. տեղեկացրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մարաբյանը մերժեց մեր վերաքննիչ բողոքները եւ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ»,- հայտնել է Աթանեսյանը:
ՍՏԱՏՈՒՏՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին քննարկել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ, կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, «Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին նախագիծը:
Այն միաձայն ընդունվեց հանձնաժողովի կողմից եւ կընդգրկվի գալիք լիագումար նիստերի օրակարգ:
ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ ԿՈՒՇԱՆԱՆ
Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ այս օրերին Երեւանի հասարակական տրանսպորտի ավտոբուսների ժամանման միջակայքերը կարող են ավելանալ՝ պայմանավորված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար ավտոբուսների տրամադրմամբ. «Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:
ԿՀԱՆԴԻՊԵՆ ԵՎԼԱԽՈՒՄ
Սպասվում է, որ Եվլախում Ադրբեջանի ներկայացուցիչ Ռամին Մամեդովը կրկին կհանդիպի Ղարաբաղի հայ բնակիչների ներկայացուցիչների հետ։
Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրանք նշում են, որ մոտ ապագայում Եվլախում նախատեսվում է եւս մեկ հանդիպում՝ պատգամավոր Ռամին Մամեդովի եւ Ղարաբաղի ներկայացուցիչների միջեւ։
Նշենք, որ Ադրբեջանի կողմից իրականացրած լայնածավալ հարձակումներից հետո այնտեղ հանդիպումներ կրկին եղել են։
ՉԵՆ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ
Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների բողոքարկման ժամկետը լրացել է սեպտեմբերի 27-ին, մասնակից 14 քաղաքական ուժերից որեւէ մեկը չի բողոքարկել:
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:
«Ընտրություններն անցել են մրցակցային, բուռն, լարված պայմաններում, բայց այն փաստը, որ 14 մասնակիցներից որեւէ մեկը չի բողոքարկել ընտրության արդյունքները, ինքնին փաստում է, որ ընտրական համակարգն իր պարտականություններն ամբողջությամբ կատարել է, եւ ազատ, արդար, թափանցիկ ու մրցակցային ընտրությունները մեզանում արդեն կայացած իրողություն են: Դա նաեւ ընդունում են քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են ընտրություններին»,- ասաց Հովակիմյանը:
ՉԻ ՀԱՆԴԻՊԵԼ
Ամենայն հայոց կաթողիկոսը ընդդիմադիրների հետ որեւէ հանդիպում չի ունեցել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին ասացին Մայր Աթոռից:
Նշենք, որ մամուլում տեղեկություն է շրջանառվում, թե վերջերս Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հանդիպել է ընդդիմադիր շրջանակների հետ:
Ըստ այդ նույն տեղեկությունների՝ նրանք քննարկել են իշխանափոխության հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Տեր Եսայի քահանա Արթենյանը հերքեց տեղեկությունը:
«Նման անհեթեթությունների չենք անդրադառնում»,-արձագանքեց նա՝ հավելելով, որ նման հանդիպում չի եղել:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՅ ՉԻ ՄՆԱ
Լեռնային Ղարաբաղի հայության ելքը Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում շարունակվում է: Այս մասին սեպտեմբերի 28-ին՝ կառավարության նիստին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլեւս հայ չի մնա։ Սա էթնիկ զտման եւ հայրենազրկման ուղղակի ակտ է եւ այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը։ Միջազգային տարբեր խաղացողների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարեւոր են, բայց եթե դրանց չհետեւեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն, որպեսզի հետագայում տարբեր երկրներ իրենց այս հանցագործությունից ֆորմալ առումով տարանջատելու հնարավորություն ունենան՝ ասելով՝ «դե մենք դատապարտել ենք»:
Եթե դատապարտման մասին հայտարարություններին համարժեք քաղաքական ու իրավական բնույթի որոշումներ չեն հետեւում, դատապարտումները դառնում են տեղի ունեցողին համաձայնելու ակտեր»,- նշեց Փաշինյանը։
ՈՐՏԵ՞Ղ Է ԲԵԳԼԱՐՅԱՆԸ
Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ անվտանգ տեղում է գտնվում։
«Քանի որ շատերն են հարցնում, թո՛ւյլ տվեք նշել, որ ես ազատ/անվտանգ եմ:
Թեեւ ես շարունակում եմ ստանալ բազմաթիվ հրապարակային/մասնավոր ատելության վիրավորանքներ/սպառնալիքներ, այնուամենայնիվ, ինձ երբեք չեն տեղեկացրել ադրբեջանական հետապնդման մասին, որի համար որեւէ հիմք չկա:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ես չեմ կարող հայտնել իմ գտնվելու վայրը»,- «X»-ում գրել է Բեգլարյանը։