ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի`յուրաքանչյուր ոք ունի տեղեկատվություն ստանալու իրավունք: Մասնավորապես հարցման հասցեատերը պետք է կա՛մ 5-օրյա ժամկետում պատասխանի հարցերին, կա՛մ նշի մերժման պատճառները, կա՛մ պահանջի 30-օրյա ժամկետ՝ հավելյալ աշխատանքի համար: Այս հոդվածների մասին տեղյակ չլինելը ամոթ չէ, բայց օրենսգրքի էջերը չթերթելը գոնե հավելյալ հուշումներից հետո էլ․ մեղմ ասած անհասկանալի է, հատկապես այն դեպքում, երբ դու իշխող ուժ ես կամ ուժի ներկայացուցիչ:
Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը օգոստոսի 3-ին տեղեկատվություն ստանալու մասին հարցում էր ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել այն մասին, թե հուլիսի 31-ին «Դվին» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ՔՊ կուսակցության դրամահավաքի նվիրատուներն ովքե՞ր են: 5-օրյա ժամկետն անցավ՝ լռություն: Ենթադրելիք 30 օրյա ժամկետն անցավ՝ լռություն: Սեպտեմբերի 13-ին «Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է կուսակցությանը, որ հարգելի գործընկերներ, նամակ ունեք, վերանայեք: Կրկին լռություն:
Դեպքի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ՝ հասկանալու համար, թե ինչ հնարավոր ելքեր կան նման պարագայում: Փաստացի արհամարհվում է օրենքն իշխող ուժի կողմից: Պարզվում է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ թե որեւէ իքս լրատվամիջոցի չի պատասխանում, այլ բոլորին: ԻԱԿ-ը ևս 2023 թվականի օգոստոսի 23-ին հարցում է ուղարկել «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությանը՝ նույն թեմայով, նույն մեռյալ լռությանն արժանանլով փորձը կրկնել է սեպտեմբերի 11-ին: Լռության հերթական ալիքից հետո հիշեցրել են սոցցանցերով:
Նշենք, որ օրենքի որևէ կետով սահմանված չէ, որ պետք է հարցումն ուղարկելուց հետո անընդհատ նաև հիշեցումներ անել սոցիալական տարբեր էջերով: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ իշխող քաղաքական կուսակցությունը կա՛մ խուսափում է նվիրատուների ու իրենց հավաքի մասին հարցերից, կա՛մ արհամարհում է օրենքը:
ArmLur.am-ի կողմից հիշեցում․
ՀՀ Սահմանադրություն
Հոդված 51
1.Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:
…
3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք
6-րդ հոդված
1.Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։
11-րդ հոդված
3.«Գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնօրինողն այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր հայտնում է դիմողին՝ նշելով մերժման հիմքը (օրենքի համապատասխան նորմը), ինչպես նաև դրա բողոքարկման կարգը»։