Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հետ կապված որոշակի հարցեր:

 

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ նախագծի հեղինակի հավաստմամբ գործող օրենքով, ի թիվս այլնի, ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը, որը մինչեւ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը՝ վերջին երկու տարվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել ՀՀ քաղաքացու հետ եւ այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է ՀՀ-ում կամ ունի ՀՀ քաղաքացի զավակ, կամ որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է ՀՀ քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, եւ որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:

Ռուստամ Բաքոյանն առաջարկում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելու հնարավորություն ընձեռել նաեւ ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած այն անձին, որի ծնողն ունի ՀՀ քաղաքացիություն:

Հավելենք, որ առաջարկվում է նաեւ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքերով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած անձի կողմից դիմում ներկայացնելու ժամկետային սահմանափակումը հանել, քանի որ, ըստ հեղինակի, խնդիր է առաջանում, երբ 18 տարին լրացած անձը 3 տարվա ընթացքում չի դիմում քաղաքացիություն ստանալու համար: Հեղինակը տեղեկացրել է, որ «Հայաստանում ծնված լինելու» վերաբերյալ դրույթը դուրս է գալիս գործող օրենքից, քանի որ տվյալ երկրում ծնված լինելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ քաղաքացիություն ստանալու համար:

Նշվել է նաեւ, որ Կառավարությունը ներկայացրել է առաջարկություններ, որոնք ընդունվել են, ինչի արդյունքում էլ նախագիծը լրամշակվել է:

Ըստ Ռուստամ Բաքոյանի` հարցը քննարկվել է շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ողջունել է նախագծի ընդունումը եւ գործընկերներին կոչ արել կողմ քվեարկել:

ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է Կառավարության դրական եզրակացությունը: Նա նաեւ առաջարկել է շտկել տեխնիկական բնույթի վրիպակը:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական նախաձեռնությանը: Այն քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 28-ի հերթական նիստում:

 

 

 

ՉԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ

70 500 բռնի տեղահանված մեր հայրենակիցներից այս պահին 13 922-ը արդեն իսկ հաշվառվել եւ տեղակայվել է որեւէ մարզի համայնքում՝ հյուրանոցներում, հյուրատներում, առանձնատներում: Այդ մասին սեպտեմբերի 28-ին՝  Հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնելիս, ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

ՏԿԵ նախարարը ներկայացրեց նաեւ ժամը 13:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածների բաշխվածությունը՝ ըստ մարզերի:

Ըստ այդմ՝ Արագածոտնի մարզում 820 մարդ է տեղակայվել, Արարատում՝ մոտ 2200, Արմավիրում՝ 1049, Գեղարքունիքում՝ 1349, Լոռիում՝ 527, Կոտայքում՝ 3594, Շիրակում՝ 763, Սյունիքում՝ 1918, Վայոց ձորում՝ 1027, Տավուշում՝ 678:

«Մենք հիմա ստեղծել ենք ամբողջ հանրապետության բոլոր բնակավայրերի համար մի մեծ համակարգ, որտեղ օրվա մեջ 3 անգամ մուտքագրում ենք տվյալները, թե որ բնակավայրում քանի բնակիչ ավելացավ, եւ նաեւ մուտքագրում ենք, թե որտեղ ավելացավ՝ հյուրանոցներում են, հյուրատներում են, հյուրընկալող ընտանիքում, թե վարձով տներում են»,- ասաց նախարարը՝ նշելով, որ տեղակայման պահից սկսած՝ նրանց կարիքները հոգալու են:

Գնել Սանոսյանի խոսքով՝ շատ արցախցիներ չեն նախընտրում պետության կողմից առաջարկած կեցության վայրերը, ինչն իրենց աշխատանքում խնդիրներ է ստեղծում։ Այդուհանդերձ, նա վստահեցրեց, որ բոլորին են կացարան տալու։

 

 

 

ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Կապանում իր գլխավոր հյուպատոսության աշխատանքին նախապատրաստվելիս ՌԴ ԱԳՆ-ն առաջնորդվում է 2024 թվականի սկզբին դրա բացմամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցով ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Անդրեյ Շոնինը։ Ներկայումս, հավելել է նա, ընթանում է աշխատակիցների համար ծառայողական եւ բնակելի տարածքների ընտրություն։

ՌԴ դիվանագիտական ներկայացուցչություն բացելու դրդապատճառներն ակնհայտ են, նկատել է դիվանագետը՝ հիշեցնելով, որ Սյունիքի մարզում բավականին մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են ապրում: Նրանք Մեղրիի սահմանապահ ջոկատի ծառայողներ են (Իրանի հետ սահմանին – խմբ.)։

«Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքը, Երեւանից նրա հեռավորությունը խոսում են այն մասին, որ այստեղ հյուպատոսական ներկայությունն ուղղակի անհրաժեշտ է։ Մեզ մոտ գործում է Գյումրիում գլխավոր հյուպատոսություն, եւ Հայաստանի հյուսիսում ՌԴ հյուպատոսական ծառայություններ ստանալ ցանկացողները կարող են դիմել այնտեղ»,-ասել է Շոնինը։

Հյուպատոսությունում, ասել է նա, կմատուցվի ծառայությունների նույն փաթեթը, ինչ Ռուսաստանի ցանկացած այլ հյուպատոսական հաստատությունում աշխարհի ցանկացած կետում։

 

 

 

ԸՆԴԴԵՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ

Տավուշի մարզպետի աշխատակազմը սեպտեմբերի 26-ին  «Ֆեյսբուք»-ում հայտարարել է. «Տավուշի մարզում ձեւավորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տեղավորման ու աջակցության հարցերով զբաղվող աշխատանքային խումբ»։ Այդ աշխատանքային խմբում ընդգրկված են Տավուշի մարզպետարանի, Դիլիջանի, Իջեւանի, Նոյեմբերյանի, Բերդի համայնքապետարանների պաշտոնյաներ։ Ի՞նչ է ստացվում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ ուղիղ եթերում բառացի հայտարարեց՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա, իսկ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը աշխատանքային խումբ է ստեղծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տեղավորման ու աջակցության հարցերով զբաղվելու համար։ Եթե Արցախի հայերին ուղիղ սպառնալիք չկար, էլ ինչպե՞ս են նրանք բռնի տեղահանվել։

 

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ

2021թ. փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի քոլեջի շրջանավարտ, անձնական գործում իր սեռը «արու» գրած Դավիթ Սարգսյանին նշանակեց Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Դրանից հետո վերջինիս ընտանիքը մեծացրել է իր ունեցած բիզնեսները։ Համայնքապետ  Դ. Սարգսյանի ընտանիքը Հաղարծին գյուղի հարավային ծայրին՝ գյուղը շրջանցող, սողանքի պատճառով չգործող միջպետական ավտոճանապարհի վրա, ապօրինի կերպով,առանց շինթույլտվության ավտոլվացման կետ է կառուցել. այն հիմա էլ աշխատում է։ Վերհիշյալ ավտոլվացման կետը կառուցված է միջպետական ավտոճանապարհից վտանգավոր՝ 4 մետր հեռավորությամբ։ Նախկինում Դ. Սարգսյանն ասել է, որ ավտոլվացման կետը գրանցված է անհատ ձեռներեց, իր եղբայր Սասուն Սարգսյանի անվամբ, ինքը բաժնետեր է։ Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանն իր 2019թ. օգոստոսի գրությունով ավտոլվացման կետի վերաբերյալ հայտնել է, որ իր առաջին իսկ պահանջի դեպքում ապօրինի կառուցված ավտոլվացման կետը պետք է քանդվի։ Նախկինում Դիլիջանի համայնքապետարանն ավտոլվացման կետի ապօրինի կառուցման պատճառով 200 հազար դրամի չափով տուգանք է կիրառել։ Անօրինական ավտոլվացման կետն այժմ շարունակում է գործել: Դիլիջանի համայնքապետ Դ. Սարգսյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել, թե Հաղարծնի հարավային ծայրին գտնվող, միջպետական ավտոճանապարհի վրա  կառուցված, գործող ավտոճանապարհի եզրին գտնվող ավտոլվացման կետը ունի արդյոք կադաստրային վկայական, ում է պատկանում սեփականության իրավունքով, անօրինական  ավտոլվացման կետը մինչեւ երբ է գործելու։ Դ. Սարգսյանը չի պատասխանել «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս