ԻՆՉՈ՞Ւ ՀԵՏԱՁԳՎԵՑԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երեւանում մասշտաբային ցույցեր էին սկսվել։ Ընդդիմադիրները պահանջում էին գործող իշխանությունների հրաժարականը:

 

Համաժողովրդական շարժումը համակարգելու համար ազգային կոմիտե է ձեւավորել, որում ընդգրկված են «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Ազգային կոմիտեն սեպտեմբերի 26-ին հայտարարեց, որ անորոշ ժամանակով հետաձգում են հանրահավաքները, սակայն այսօր հայտնի դարձավ, որ վերսկսում են փողոցային պայքարը եւ սեպտեմբերի 30-ին հանրահավաք են կրկին հրավիրում:

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանի հետ:

-Պարո՛ն Թեւանյան, ինչու՞ հետաձգվեցին հանրահավաքները, ո՞րն էր պատճառը:

-Ազգային կոմիտեն է այդպես որոշել:

-Այսինքն՝ միանձնյա որոշում չի՞ եղել, կոմիտեի բոլոր անդամները համամի՞տ են եղել դրա հետ:

-Այո, տարբեր տեսակետներ են հնչել: Հիմնական պատճառն էլ արցախահայության տարհանման հետ կապված հարցերն են եղել, այդ հարցերով ենք զբաղված:

-Իսկ այս օրերին կոմիտեի անդամներն ինչո՞վ են զբաղված, որքանո՞վ են ներգրավված տարհանված արցախահայության տեղավորման աշխատանքներում:

-Ով ինչ կարողանում է անել, անում է: Մեկը օգնում է տուն գտնել արցախցիների համար, մեկը օգնություն է հասցնում նրանց. ով ինչով կարողանում, օգնում է: Բոլորս էլ մտահոգված ենք ու անհանգստացած, օրինակ՝ մենք գրասենյակ ենք տրամադրել, որպեսզի աշխատակիցները կապ հաստատեն Հայաստան տեղափոխված արցախցիների հետ եւ հասկանան՝ ով ուր է եւ ինչի կարիք ունի:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՉԻ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ

Արդեն շուրջ երկու շաբաթ է՝ Երեւանը քաղաքապետ չունի:

Սեպտեմբերի 17-ին կայացած ավագանու ընտրության արդյունքում անցողիկ շեմը հաղթահարել էր հինգ քաղաքական ուժ, սակայն նրանցից որեւէ մեկին չէր հաջողվել 50 տոկոս եւ ավելի ձայն հավաքել, որպեսզի կարողանա միաձայն քաղաքապետ ընտրել:

Ընդդիմադիր թեւից հանդիսացող «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն» կուսակցությունները եւ «Մայր Հայաստան» դաշինքը նախ հայտարարեցին, որ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի բացառեն ՔՊ-ի վերարտադրվելը. քաղաքական ուժերն անգամ պատրաստ էին համաձայնության գալ Հայկ Մարությանի թեկնածության շուրջ:

Բայց, կարծես թե, քաղաքական ուժերի սկզբունքները եւ նախապայմանները թույլ չեն տալիս կոնսենսուսի գալ:

Հոկտեմբերի 10-ին պետք է տեղի ունենա նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում ավագանին պետք է քաղաքապետ ընտրի:

«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել էր, որ իրենք բոյկոտելու են Երեւանի ավագանու անդրանիկ նիստը եւ գնում են Երեւանի ավագանու նոր ընտրությունների, քանի որ ընդդիմադիր ուժերի ձայները չեն բավականացնում ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու համար։ Պատճառնն այն է, որ «Հանրային ձայն» կուսակցության ավագանու երկու անդամ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել. նրանցից մեկը՝ Արտակ Գալստյանը, գտնվում է կալանքի տակ, իսկ Տիգրան Ուրիխանյանը՝ հետախուզման մեջ, հետեւապես ավագանիում այս կուսակցությունը կունենա 5 անդամ, որի պարագայում ընդդիմությունը չի կարողանա քաղաքապետ ընտրել, քանի որ ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու համար պահանջվող 33 ձայնից երկուսն այլեւս չկան:

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը եւս հայտարարել է, որ ամբողջ կազմով չի ներկայանա Երեւանի ավագանու առաջին նիստին:

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը եւս հայտարարել է, որ պատրաստ է միանալ «Ազգային առաջընթաց» կուսակցության եւ «Մայր Հայաստան» դաշինքի` Երեւանի ավագանու առաջին նիստը բոյկոտելու որոշմանը` պայմանով, որ իր հետ պայմանագիր կնքեն մայրաքաղաքում ամեն երրորդ պաշտոնն իր ներկայացրած ուժին հանձնելու մասին։

Մինչ ընդդիմադիր հանդիսացող քաղաքական ուժերը հեռակա «լեզվակռիվ» են տալիս, իշխող ՔՊ-ն եվ «Հանրապետություն» կուսակցությունը լուռ հետեւում են գործընթացին: Ընդդիմադիր ուժերը վստահություն են հայտնում, որ «Հանրապետություն»-ը կոալիցիայի է գնալու իշխող ուժի հետ:

Այսպիսով, եթե «Հանրային ձայն» կուսակցության անդամներից ներկայանան նիստին, ապա քվորում կապահովի։ Առաջին քվեարկությամբ Ավինյանը չի ստանա 33 ձայն, բայց նիստը կկայանա, երկրորդ քվեարկության ժամանակ նա կանցնի ձայների մեծամասնությամբ։ Եթե 2 անգամ քվորում չլինի, եւ քաղաքապետ չընտրվի, ապա պարտավոր են նոր ընտրություններ հայտարարել։

 

 

 

 

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ ՉԵՆ ՀՈՒԶՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԵՐԸ

Սեպտեմբերի 19-ից հետո ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կորել է ասպարեզից։ Նրան անգամ չի անհանգստացնում Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումը, այդքան զոհերը, բռնի տեղահանությունն ու Արցախի գոյության դադարումը։ Համենայնդեպս, ՀՀ նախագահի աշխատակազմի կայքում առկա տվյալները վկայում են այն մասին, որ Խաչատուրյանին այդ հարցերը չեն հուզում։ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախագահի պաշտոնական կայքն ուսումնասիրելիս պարզեց, որ նրա գործունեության վերաբերյալ վերջին տեղեկությունը եղել է սեպտեմբերի 21-ին, երբ շնորհավորել է ՀՀ անկախության տոնը։ Դրանից հետո նախագահը լռել է մինչեւ սեպտեմբերի 26-ը: Այս օրն էլ նրան դեսպան է հավատարմագրեր հանձնել, այցելել է Չինաստանի դեսպանատուն, երեկ էլ շնորհավորել է Չինաստանի նախագահին։ Այսինքն՝ Արցախում իրավիճակը նրան չի հուզում: Պաշտոնական կայքում որեւէ խոսք չկա հայ ազգի համար ողբերգական իրադարձությունների մասին:

 

 

 

ՈՐՏԵ՞Ղ Է ԲԱԲԱՅԱՆԸ

Սեպտեմբերի 28-ի առավոտյան Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը հայտնեց, թե գնում է Շուշի։

«Ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար. որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի», – գրել էր նա։

Եվ, ահա, նրա այս գրառումից անցել է 24 ժամ, եւ դեռեւս հայտնի չէ, թե որտեղ է Բաբայանը։ Վերջինիս ճանաչողները տարակուսում են՝ Դավիթ Բաբայանը հանձնվող տեսակ չէր, եւ այլ վարկածներ են քննարկում։

Մյուս կողմից էլ տարօրինակ է, որ մինչ այժմ ադրբեջանական լրատվամիջոցները լռում են եւ Բաբայանի՝ Ադրբեջան հանձնվելու մասին ոչինչ չեն հայտնում։ Իսկ, ահա, Ռուբեն Վարդանյանի պարագայում տեղեկությունը տարածվեց միանգամից։ Եվ հիմա հարց է առաջանում՝ որտե՞ղ է Դավիթ Բաբայանը, եւ ի՞նչ է եղել նրա հետ։

 

 




Լրահոս