ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քայլ դեպի խաղաղությո՞ւն, թե՞ ռազմական նոր էսկալացիա․ ի՞նչ կտա բրյուսելյան առաջիկա հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե մենք առաջիկայում Բրյուսելում հանդիպենք և արձանագրենք այդ երեք սկզբունքները, որոնք արտահայտված են Շառլ Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15 հայտարարություններում, դա կնշանակի, որ կողմերն անկեղծորեն խաղաղության են ուզում գնալ, և 70 տոկոս հավանականություն կա, որ 2-3 ամսում խաղաղության պայմանագիր կստորագրվի: Հակառակ դեպքում մենք մտածելու շատ բան կունենանք: Երեկ հանրային հեռուստաընկերության եթերում նման հայտարարություն էր արել Նիկոլ Փաշինյանը:

Նրա այս հայտարարությունից կարող ենք արձանագրել, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում սպասվող հանդիպումից շատ բան է կախված՝ կա՛մ խաղաղություն, կա՛մ ռազմական նոր էսկալացիա. ահա այսպիսի երկընտրանքի առջև է կանգնած ՀՀ-ն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայի հնգակողմ հանդիպումը չեղարկելուց բառացիորեն ժամեր անց Բաքուն հայտարարեց, թե պատրաստ է շարունակել քննարկումները Բրյուսելում, բայց՝ եռակողմ՝ Եվրամիություն-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով։
Նիկոլ Փաշինյանը երեկ իր հարցազրույցում վերահաստատեց, որ Հայաստանը նույնպես պատրաստ է բրյուսելյան հանդիպմանը:
Թե ի՞նչ է լինելու ԵՄ հովանու ներքո անցկացվող այս հանդիպման օրակարգում, ի՞նչ հարցեր են քննարկվելու, կողմերը փակագծեր չեն բացել, բացի այն, որ հույս են հայտնել, թե հնարավորինս սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

Միայն մի բան հստակ է, որ Արցախը բռնազավթելուց հետո Ադրբեջանի ախորժակը բացվել է ու հիմա էլ անկլավներ է պահանջում Հայաստանից: Ավելին՝ այս հարցում նրան սկսել է «ձայնակցել» նաև Թուրքիան, որի նախագահը նույնպես սպառնալիքներով է խոսում հայկական կողմի հետ:

Այսպիսով՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում Ալիևը ասել էր, թե պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներ սկսել, բայց Ադրբեջանի 8 գյուղ դեռևս Հայաստանի «օկուպացիայի» տակ է, անհրաժեշտ է դրանք «ապաօկուպացնել»:

Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին, արձագանքելով Ալիևի այս ռազմատենչ հայտարարությանը, երեկ իր հարցազրույցում ասաց՝ եթե Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց, մենք էլ մեր հերթին 8 գյուղի խնդիր ունենք, որովհետև Տավուշի մարզում մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ:

Թե ի՞նչ զարգացումներ են հնարավոր առաջիկայում, արդյո՞ք բրյուսելյան հանդիպումը կլինի մեկ քայլ առաջ դեպի խաղաղության, թե հակառակը, ռազմական նոր էսկալացիայի պատճառ կդառնա, ժամանակը ցույց կտա, բայց մի բան հստակ է՝ որքան Հայաստանը միակողմանի զիջումների է գնում և խաղաղություն ակնկալում, այնքան Ադրբեջանի և Թուրքիայի ախորժակը բացվում է ու նրանց հայտարարություններն ավելի ռազմատենչ են դառնում:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս