Ո՞Վ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՐՑԱԽԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում բանավեճ տեղի ունեցավ իշխանական եւ ընդդիմադիր գործիչների միջեւ։ Մասնավորապես, ՔՊ-ականները հենց ընդդիմությանն էին մեղադրում Արցախի կապիտուլյացիան ստորագրելու համար՝ ընգծելով, որ հենց ՀՅԴ-ականներն են վերջին շրջանում այնտեղ իշխանություն ունեցել։

 

Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։

-Պարո՛ն Խաչատրյան, այս օրերին, երբ ընդդիմադիր պատգամավորները  իշխանության հասցեին մեղադրանքներ են հնչեցնում, թե Արցախի հարցով բանակցությունները տապալել են, որը հանգեցրել է Արցախի վերջնական կորստին, Նիկոլ Փաշինյանն ու իշխանության մի շարք ներկայացուցիչներ հակադարձում են՝ ասելով, որ Արցախում ընդդիմությանը մի քանի օրով իշխանություն են տվել (նկատի ունենալով ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին), եւ նրանք կապիտուլյացիայի տակ են ստորագրել: Ասում են. «Այստեղ՝ Հայաստանում էլ եք իշխանություն ուզում, որպեսզի կրկին տապալեք այս ամենը»: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-Հենց մեխին եք հարվածում: Նախ՝ եթե ինքը կարծում է, որ ԱԺ նախագահը, որը ընտրվել էր քաղաքական չորս ուժերի հետ կոնսուլտացիաների արդյունքում՝ ներառյալ Արայիկ Հարությունյանի քաղաքական ուժի կողմից, ունի գործառույթ ստորագրելու նման փաստաթուղթ, հավանաբար ինքն ուզում է իր վրայից նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումը գցի Արարատ Միրզոյանի վրա: Դա թող իրենք երկուսով պարզեն: Ի դեպ, Արարատ Միրզոյանի հայտարարությունները, որ, օրինակ, մենք ի դեմս Ադրբեջանի չունենք գործընկեր խաղաղության գործընթացում, հակասում են Փաշինյանի հայտարարություններին, իսկ Բայրամովն էլ Արարատ Միրզոյանի «բերանը փակում է» հենց Փաշինյանի ելույթներով:

Երկրորդը՝ իսկ ինչո՞ւ է Փաշինյանը դա ասում, ո՞րն է իր թաքնված նպատակը: Այնպես չէ, որ սիրտը ցավում է Արցախի համար. եթե իր սիրտը ցավար, ինքն Արցախը  չէր ճանաչի Ադրբեջանի մաս՝ չունենալով դրա օրենքը, իսկ այստեղ իր մեծամասնությունը նիստը կսկսեր՝ Արցախում զոհերի եւ օրեր առաջ Հայաստանի սահմանին զոհերի հիշատակը հարգելով:

Ինքը ի՞նչ է ուզում ասել. ասում է, որ եթե Հայաստանում լինի իշխանափոխություն, ապա կլինի պատերազմ Ադրբեջանի հետ: Ավեի պարզ ասում է, որ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանի Հանրապետություն չի լինի: Այսինքն՝ ինքը համաձայն է լինել Ադրբեջանի կողմից վարվող խամաճիկային կառավարության  ղեկավար. Հայաստանի Հանրապետությունը արդյոք նման կառավարություն ուզո՞ւմ է:

-Իսկ ՀՅԴ-ն պատրա՞ստ է Արցախում ստեղծված իրավիճակի պատասխանատվության չափաբաժինը կրել:

-Արցախի Հանրապետության նախկին նախագահը եւ Ազգային ժողովի նախագահը հրաժարական տվեցին. պե՞տք է ձեւավորվեր իշխանություն, թե՞ ոչ:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՈՐՏԵ՞Ղ Է ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ կապ հաստատեց Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եղբոր՝ Արեգ Ղուկասյանի հետ՝ հասկանալու համար, թե արդյոք իր եղբոր, նրա գտնվելու վայրի մասին լուր ունի։ Նշենք, որ այս պահին Արեգ Ղուկասյանը զբաղեցնում է Ավանի աղի կոմբինատի տնօրենի պաշտոնը։

-Պարո՛ն Ղուկասյան, ի՞նչ տեղեկություն ունեք Ձեր եղբոր՝ Արկադի Ղուկասյանի գտնվելու վայրի մասին։

-Ես ոչ մի տեղեկություն չունեմ եղբորս մասին։ Ոչ մի կապ չկա նրա հետ, տեղեկություն չունեմ՝ անվտանգ, թե վտանգավոր տեղում է գտնվում։ Հեռախոսային ոչ մի կապ չկա, զրկված ենք ինֆորմացիա իմանալուց։

-Երբվանի՞ց տեղեկություն չունեք։

-Ոչ մի տեղեկություն չունեմ, ես արդեն ասացի։ Երբ Ստեփանակերտում էր, ու կապ կար, այդ ժամանակ ինֆորմացիա ունեի։ Հիմա բացարձակ կապ չկա, հիմա որեւէ տեղեկություն չունեմ։ Հիմա փորձում ենք ինչ-որ տեղեկություն ստանալ, եւ ձեզ էլ խնդրում եմ՝ որեւէ ինֆորմացիա իմանաք, մեզ շատ կօգնեք։ Այս պահին մեր հնարավորությունները շատ սահմանափակ են։

-Իսկ ի՞նչ կարծիքի եք, Ադրբեջանը Արկադի Ղուկասյանին ե՞ւս գերի կվերցնի, ինչպես դա արեց Ռուբեն Վարդանյանի, Լեւոն Մնացականյանի, Դավիթ Բաբայանի դեպքում։

-Չեմ կարող ասել, ես ցանկանում եմ՝ օր առաջ իմ եղբայրը վերադառնա Հայաստան։ Ես ուրիշ ոչնչի մասին չեմ մտածում։

Զրուցեց՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՈՉ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՔԱՅԼ

«Հայաստանը, ինչպես ցանկացած երկիր, որը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, կորցնում է իրավական ինքնիշխանությունը. դա նվաստացուցիչ է»,- ասել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը տելեգրամյան իր ալիքում։

Հիշեցնենք, որ երեկ՝ խորհրդարանում կայացած նիստի ժամանակ, Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։

«Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը ցանկացած պետության համար նշանակում է ոչ այլ ինչ, քան իրավական ինքնիշխանության կորուստ, որն ինքնին նվաստացուցիչ է: Այդ իսկ պատճառով իսկապես ինքնիշխան պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Չինաստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիա, մի՛ միացեք ՄՔԴ-ին»,- գրել է Կոսաչովը։

Նա նշել է, որ այս վավերացումը բացահայտ ոչ բարեկամական քայլ է Ռուսաստանի նկատմամբ։

«Հայաստանի խորհրդարանում չկային ուժեր, որոնք կկարողանային կասեցնել այս գործընթացը»,- ընդգծել է Կոսաչովը։

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՄԻՋԱՆՑՔԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ Է ՏՎԵԼ

Նախիջեւանում Ալիեւի հետ ունեցած հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ դեռ սեպտեմբերի 11-ին ինքը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված խոստումներ է տվել: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետին՝ հասկանալու համար, թե երբ եւ որտեղ է խոստացել «Զանգեզուրի միջանցք»-ը, ինչ ժամկետում է խոստացել, ինչ ռիսկեր կան, եթե չկատարի եւ եթե չի խոստացել, ինչու չի հերքում։ Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից հետեւյալ գրությունը ստացանք. «Ի պատասխան Ձեր՝ 29.09.2023թ. գրության՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքով որեւէ միջանցքի գոյություն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նախատեսում: Նման բան չի նախատեսում նաեւ ՀՀ կողմից ստորագրված որեւէ փաստաթուղթ»: Էրդողանը, սակայն, պնդում էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջանցք է խոստացել, եւ դա ասում էր՝ շատ հստակ մեջբերելով սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած իրենց հեռախոսազրույցը: Ո՛չ նախկինում, ո՛չ էլ այս պատասխանով վարչապետ Փաշինյանը կամ նրա խոսնակը չեն հերքում Էրդողանին:

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԸ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, համարվելով արտոնյալ հարկատու, օգտվելով մի շարք արտոնություններից, բացի  տեղեկատվական ոլորտի վրա ֆինանսական միջոցներ ծախսելուց, գումարներ է ծախսում նաեւ չրերի եւ կոնյակների գնման համար։ 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում ԲՏԱ նախարարությունը չրեր ձեռք բերելու համար ծախսել է 443 հազար 300 դրամ։ Նույն ժամանակահատվածում նախարարությունը 782 հազար 400 դրամ  ծախսել է կոնյակներ ձեռք բերելու համար։ 2018 թվականից հետո կարծես ավանդույթ է դարձել կոնյակներ, չրեր եւ սպասքներ գնելը, ինչպես, օրինակ, դատախազության դեպքում է։ Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտի շատ կազմակերպություններ համալրում են 1000 խոշոր հարկատուների ցուցակը։ Այս ոլորտը ամեն կերպ ստացավ արտոնություններ, սակայն այդ ոլորտում, բացի մի քանի միջազգային մրցույթի մասնակցելուց, ոչինչ չի եղել։ Չի գրանցվել ոչ մի նորարարություն, որը շրջադարձային կլինի Հայաստանի պատմության համար, ինչպես գունավոր հեռուստացույցն էր։ Այս ոլորտը կա, սակայն կենդանության նշաններ ցույց է տալիս միայն արտոնություններ պահանջելու ժամանակ։

 




Լրահոս