ԻՆՉՊԻՍԻ՞ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԵՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ եվրոպացի դիտորդները որդեգրել են ամենաստոր դիրքորոշումը»,- «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը։

 

«Սկզբում նրանք զբաղված էին Հայաստանին հորդորելով եւ խոստումներ տալով, եւ պարզապես պաշտոնական Երեւանը գցեցին իրենց հաջորդ ծուղակները, հետո դարձան լուռ վկաներ, թե ինչպես է զարգանում իրավիճակը։ Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ճանապարհից հետ պահեց հենց արեւմտյան հանրությունը՝ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն: Բրյուսելն առաջին եւ հիմնական ձայներից էր, որ պետք չէ իրականացնել այն ամենը, ինչ պայմանավորվել են Մոսկվան, Երեւանն ու Բաքուն, այլ պետք է գնալ ինչ-որ հատուկ ճանապարհով։ Թե որտեղ էր տանում այս հատուկ ճանապարհը, ցավոք, մենք բոլորս հիմա տեսնում ենք:

Թե ինչպես են ռուս խաղաղապահները հանդես գալիս հրադադարի հաստատման հարցում որպես միջնորդ, ԵՄ-ն այս ամենը դիտում էր կողքից՝ չմտածելով անգամ գործնական առումով ինչ-որ կերպ օգնելու եւ աջակցելու մասին։ Ինչպես է ռուսական կողմը կազմակերպել հումանիտար օգնության առաքումը Լաչինի միջանցքի ապաշրջափակումից հետո, ինչպես է ուղեկցել Հայաստան մեկնող ղարաբաղցիներին… Բրյուսելն ու ԵՄ-ն ընդհանրապես լուռ նայեցին այս ամենին կողքից։

Դե, ինչպե՞ս լուռ… Բնականաբար, ՀՀ քաղաքացիներին ստեր ասելով, թե, իբր, Ռուսաստանը դավաճանել է իրենց։ Ռուսաստանը չէր, որ դավաճանեց. Ռուսաստանը միշտ եղել է այնտեղ, միշտ դադարեցրել է արյունահեղությունը այս տարածաշրջանում, միշտ օգնել է ֆինանսապես, տնտեսական, մարդասիրական առումներով: Իսկ այն, ինչ պայմանավորվել էին Մոսկվայի միջնորդությամբ, Երեւանին հենց ԵՄ-ն է համոզել հետ կանգնել դրանք իրականացնելուց: Եվրամիությունն էր, որ դավաճանեց հայերին. ԵՄ-ն դարձել է տարածաշրջանում սադրիչ:

ԵՄ դիտորդները գնդակոծության տակ չեն ընկել եւ չեն զոհվել, ինչպես ռուս խաղաղապահները: Նրանք միայն հրահրել են,  միայն դա գիտեն…

Անկեղծ ասած, Հայաստանում ԵՄ առաքելությունը ոչ մի կայունություն կամ դեէսկալացիա չի ապահովում, եւ նրա հիմնական խնդիրը Հայաստանի անվտանգությունը չէ, Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանը նպաստելը չէ, այլ հետախուզական մոնիտորինգը՝ ի շահ Բրյուսելի, եւ իրավիճակի հրահրումը։ Բարձրագոչ, միաժամանակ սուտ հայտարարությունների պակաս չկա»,- նշել է նա։

Մեկնաբանելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի վերջերս տված հարցազրույցը՝ Զախարովան հիշեցրել է, որ հենց ԵՄ-ն է գագաթնաժողովներ գումարել Պրահայում եւ Բրյուսելում, որտեղ Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ «Թեեւ մինչ այս Հայաստանի ղեկավարությունը ճիշտ հակառակն էր ասում։ Մինչ այդ ասում էին, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը Հայաստանն է։ Ինչո՞ւ Շառլ Միշելը չհիշեց ղարաբաղցի հայերի իրավունքներն ու անվտանգությունը:

Ինչո՞ւ Պրահայում եւ Բրյուսելում հանդիպումների ժամանակ ԵՄ-ն չառաջարկեց հոգ տանել ԼՂ բնակիչների անվտանգության մասին՝ լինելով պաշտոնական Երեւանի կուրատորը. որովհետեւ ԵՄ-ն զբաղվում էր միայն մեկ բանով՝ սադրանքով: ԵՄ-ն ու ԱՄՆ-ն երբեք չեն մտածել Լեռնային Ղարաբաղի բնակիչների ճակատագրի մասին. սա նրանց քաղաքական խաղի մի մասն է միայն։ Նրանց մտածմունքը Ռուսաստանն է: Նրանց բոլոր գործողությունների հիմքում ռուսաֆոբ մոտեցումն է… Հենց Բրյուսելն է պատասխանատու այն բանի համար, որ Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի բոլոր պայմանավորվածությունները փոխարինվեցին հենց այս գագաթնաժողովներով ԵՄ երկրների տարածքում, եւ Երեւանի դիրքորոշումը ձեւավորվել է ԵՄ ազդեցության տակ։ Պետությունների ինքնիշխան իրավունքն է ձեւավորել իրենց դիրքորոշումը, բայց գոնե դա պետք է հետեւողական լինի»,- նշել է Զախարովան։

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

Հոկտեմբերի 4-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ. այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային իրադրության եւ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետեւանքով ստեղծված իրավիճակի շուրջ:

Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

 

 

 

 

ՓՈՐՁՈՒՄ Է ԶԻՆԵԼ

Ադրբեջանն անընդունելի է համարում Հայաստանին զինելու Ֆրանսիայի փորձերը: Նշենք, որ երեկ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել էր, որ Փարիզը համաձայն է  պայմանագիր կնքել Երեւանին ռազմական տեխնիկա տրամադրելու վերաբերյալ։

«Արձանագրեցինք, որ Փարիզը փորձում է ամեն գնով զինել Հայաստանին, որպեսզի նորից ներքաշի ագրեսիայի եւ ռազմական արկածախնդրության մեջ։ Սակայն Ֆրանսիայի համար պետք է պարզ լինի, որ այդ ջանքերն ու մեր տարածաշրջանին միջամտելու՝ իր պատմական փորձերը կձախողվեն»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԻ ԿԱՅԱՆԱ

Թուրքական ըննդիմադիր մեդիայում հրապարակումներ կան այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վատառողջ լինելու պատճառով չեղարկվել է նրա՝ Իսպանիա այցը, ինչպես նաեւ ներքին մի շարք միջոցառումներ: Միեւնույն ժամանակ ադրբեջանական աղբյուրները նշում են, որ Իսպանիա չի մեկնի նաեւ Իլհամ Ալիեւը, այսինքն՝ չի կայանա Ալիեւ-Փաշինյան հանդիպումը: Այս մասին հայտնում է պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ալիեւի՝ Իսպանիա չմեկնելու պատճառը Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչպես նաեւ Էրդողանի հանդիպմանը մասնակցելու Փարիզի եւ Բեռլինի անհամաձայնությունը։

 

 

 

ԿՐԵՄԼԻ ՈՐԱԿՈՒՄՆԵՐԸ

Կրեմլը Երեւանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն անվանել է ոչ ճիշտ որոշում, իսկ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն զգուշացրել է, որ դա ամենաբացասական հետեւանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։

Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 3-ին վավերացրել է Հռոմի կանոնադրությունը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն ասաց, որ այս ընթացակարգը հակասում է Սահմանադրությանը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, որոնք հաստատել են այն, գերազանցել են իրենց լիազորությունները։

ՄՔԴ-ի իրավասությունը ճանաչված չէ այն երկրների կողմից, որտեղ ապրում է աշխարհի բնակչության կեսից ավելին: Դրանց թվում են Ռուսաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Թուրքիան։

Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է միակ երկիրը, որը վավերացրել է «Հռոմի Ստատուտը», որտեղ մեծ թվով ռուս բնակիչներ են ապրում, եւ հակառակը՝ հետեւանքների մասին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները դեռ չեն բարձրաձայնում։ Նշվում է, որ ամենաբացասական հետեւանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա այդ որոշումը։

 

 

 

ՊԵՍԿՈՎԸ ՀԱՍՏԱՏԵՑ

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Politico թերթի հրապարակումը՝ Արցախում իրադարձություններից առաջ ԱՄՆ, ԵՄ եւ ՌԴ պաշտոնյաների հանդիպման մասին։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ շփումներ եղել են, բայց դրանք այն բանակցությունները չեն, որոնք նշված են եղել հրապարակման մեջ։

Ավելի վաղ Politico թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների, ԵՄ-ի եւ Ռուսաստանի պաշտոնյաները ադրբեջանական օպերացիայի մեկնարկից երկու օր առաջ հանդիպում են անցկացրել Թուրքիայում՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը։

Հավելենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության ընդունումը Ռուսաստանից հեռու մնալու ընդհանուր միտումի մի մասն է:

«Այս գործողությունը, ցավոք, տեղավորվում է վերջերս ձեւավորված միտումի մեջ: Երեւանից մենք տեսնում ենք ավելի շատ ցուցադրական քայլեր, որոնք ուղղված են Ռուսաստանից հեռու մնալուն», – ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 




Լրահոս