ԻՆՉՈ՞Ւ ՀԱՍԱՆՔ ԱՅՍ ՕՐՎԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այն կարծիքին է, որ հայ ժողովուրդը չգնահատեց իր հաղթանակները, չարժեւորեց դրանք, այլ տարիներ շարունակ մսխեց այդ հաղթանակները, ինչն էլ հանգեցրեց Արցախի կորստին: «Կարելի է երկար խոսել, թե ինչպես քայլ առ քայլ մի ամբողջ ժողովուրդ դեգրադացվեց, հղփացավ եւ պաշտպանվելու ունակությունը կորցրեց: Դրա հետեւանքը եղավ այն, որ եկավ մի իշխանություն, որն իր ապիկարությամբ, անկարողությամբ եւ անճարությամբ հասցրեց այս օրվան»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

 

-Սրբազա՛ն, Արցախը, որը տարիներ շարունակ եղել է հայ ժողովրդի անկախության, ազատության, պայքարի խորհրդանիշը, այսօր, ցավոք սրտի, կորսված ու հայաթափված է ամբողջությամբ: Ինչո՞ւ հասանք այս իրավիճակին, որտե՞ղ սխալվեցինք: Ինչո՞ւ չփայփայեցինք մեր հաղթանակը:

-Այնպիսի հարց եք տալիս, որ երկու րոպեի պատասխան չի ակնկալում: Դրա մասին կարելի է հատորներ գրել եւ ժամերով, օրերով խոսել, թե ինչու այդպես եղավ: Մեզ այդ հաղթանակը շնորհվեց այն ժամանակ, երբ մենք ճիշտ վերաբերմունք ունեցանք դեպի մեր ճակատագիրը, առաքելությունն ու մեր Աստված, եւ Աստված շնորհեց մեզ այդ հաղթանակը: Հետո մենք մեզ վերագրեցինք այդ հաղթանակը եւ սկսեցինք մսխել 1994 թվականից ի վեր: Մսխման վերջն էլ սա էր: Կարելի է երկար ու անվերջ խոսել մսխման գործընթացի մասին, թե ինչպես քայլ առ քայլ գնաց դեգրադացման այս հասարակությունը, հղփացավ, շփացավ եւ պաշտպանության կարողունակությունը կորցրեց: Դրա հետեւանքը եղավ այն, որ եկավ մի իշխանություն, որը բնավ ազգային իղձերը, նպատակները չէր արտահայտում եւ իր ապիկարությամբ, անճարությամբ, ուրիշների հրահանգները կատարելու պատրաստակամությամբ հասցրեց այս օրվան:

-Սրբազա՛ն, այս ցավալի պարտությունը մենք ունեցանք ազգային ինքնության դիմագծի կորստի պատճառո՞վ, թե՞ ուժերը ճիշտ չգնահատելու:

-Ոչ թե ազգային ինքնության գնահատման կամ չգնահատման, այլ ազգային ինքնության աղավաղման պատճառով: Մենք մեր ազգային ինքությունը տեսանք ոչ թե առաքինությունների մեջ, այլ մոլությունների ու մեղքերի մեջ: Ոչ թե տեսանք մեր ինքնությունը առաքինի մարդ, ազգ լինելու, քրիստոնեական արժեքներին հավատարիմ լինելու եւ տարփողելու մեջ, այլ մեր ազգային ինքնությունը տեսանք նորությունների, փողասիրության, կրքերի, ընչասիրության, ընչաքաղցության եւ նմանատիպ այլ բաներ մեջ: Մենք մեր ինքնությունը սխալ պատկերացրինք, դիմագիծը աղավաղեցինք, ինչի հետեւանքով էլ ի վիճակի չեղանք մեզ պաշտպանելու: Հարցը միայն կորցնելու մեջ չէ, այլ աղավաղելու:

Որովհետեւ թեկուզ նրանք, որոնք խոսում են ազգայինի մասին, նրանք մեր ինքնությունը ճիշտ չեն պատկերացնում: Իրենք պատկերացնում են ուտող-խմող, գիրացող, արաբական երաժշտություն լսող եւ միայն հացով, կեցությամբ ու փողով ապրող մարդու:

Իսկ հայի ազգային ինքությունն այդպիսին չէ:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԱՐԳԵՆՏԻՆԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Արգենտինայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի դեսպանությանը մարդասիրական օգնություն է առաջարկել Ադրբեջանի հարձակումներից եւ էթնիկ զտումներից հետո բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Diaro Armenia-ն:

Առաքելությունը ներառում է լոգիստիկայի եւ այլ մասնագետներ, նաեւ որոշակի անհրաժեշտ պարագաներ, դեղամիջոցներ, բժշկական այլ պարագաներ, չոր սնունդ:

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն ավելի ուշ՝ հոկտեմբերի 6-ին, ընդունել է Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների պատվիրակությանը: Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների ղեկավարությունը ողջունել է «Սպիտակ սաղավարտ» առաքելություն Հայաստան ուղարկելու որոշումը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։

Նրանք նաեւ շնորհակալություն են հայտնել Արգենտինայի նախագահին G20-ի գագաթնաժողովում եւ ՄԱԿ-ում արած հայտարարությունների համար եւ զեկուցել հումանիտար իրավիճակի լրջության մասին:

Ալբերտո Ֆերնանդեսն իր հերթին կարեւորել է հակամարտությունը տեսանելի դարձնելու կարեւորությունը: Նա նաեւ խոստացել է կապ հաստատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ համակարգելու հայ համայնքի խնդրանքները՝ պաշտպանելու Ադրբեջանի կողմից ապօրինաբար գերեվարված ԼՂ ղեկավարությանը եւ կանխելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը:

 

 

 

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ՈՒ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

«Դիվանագիտությունն ու մաթեմատիկան միշտ չէ, որ համընկնում են, ուստի հիմա չէի խոսի տոկոսների, բաժինների եւ նման բաների մասին»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` պատասխանելով մինչեւ 2023 թվականի վերջ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման հավանականության մասին հարցին։

«Խաղաղության պայմանագրի նախապատրաստումն ու ստորագրումը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզի» կարեւոր մասերից մեկն է, որը մշակել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները։ Մենք միշտ եղել եւ պատրաստ ենք օգնել Ադրբեջանին եւ Հայաստանին այս փաստաթուղթը մշակելու փոխադարձ ընդունելի հիմունքներով, որպեսզի այն իսկապես լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն, հավասարակշռված, երկարաժամկետ խաղաղ կարգավորում երաշխավորող փաստաթուղթ։

Մենք ելնում ենք խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հայ բնակչության հուսալի իրավունքների եւ անվտանգության ապահովման թեման հստակ սահմանելու անհրաժեշտությունից եւ կողմերին ներկայացրել ենք որոշակի պատկերացումներ այս առնչությամբ։ Հուսով ենք, որ դրանք պահանջված կլինեն, ինչպես պահանջված կլինի մեր տեսակետը, որ մեզ անհրաժեշտ են մեխանիզմներ՝ աջակցելու ստորագրված խաղաղության պայմանագրի հետագա իրականացմանը՝ այնպիսի մեխանիզմ, որը վնաս չի հասցնի Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ անկախությանը»,- ասել է Գալուզինը RBC-ին տված հարցազրույցում։

 

 

 

ՀԱՄԱԺԱՄԱՆԱԿՅԱ ՊԱՇՏՈՆՆԵՐ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Բաբկեն Սեդրակյանը, «Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրեն լինելուց բացի, նաեւ ՀՀ-ում Ղրղզստանի պատվավոր հյուպատոսն է։

«Ժողովուրդ» օրաթերթի կատարած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ՀՀ-ում Ղրղզստանի պատվավոր հյուպատոսի պաշտոնը ստանձնած Բաբկեն Սեդրակյանը հանդիսանում է մետրոպոլիտենի տնօրեն՝ այդպիսով հանդիսանալով նաեւ քաղաքապետարանի աշխատակից։

Վերջերս բողոքներ են ավելացել՝ կապված Երեւանի մետրոպոլիտեի հետ։ Բնակիչները դժգոհում են, որ սպասում են 7-ից 10 րոպե, ժամանակ առ ժամանակ՝ նաեւ ավելի, եւ մինչեւ մետրոն կժամանի, սպասողների թիվը կրկնապատկվում է: Այս ամենի արդյունքում մարդիկ երբեմն ստիպված են լինում բաց թողել գնացքներ, քանի որ շատ հաճախ դռները չեն փակվում։ Այս ամենից պարզ է դառնում, որ երկու պաշտոններն էլ բավականին պատասխանատու եւ լուրջ մոտեցում են պահանջում, եւ միաժամանակ հնարավոր չէ անթերի աշխատանք կատարել. բնականաբար աշխատանքներից մեկը պետք է տուժի։

Հավելենք, որ Բաբկեն Սեդրակյանը 2018-ի իշխանափոխությունից հետո, ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով, նշանակվել էր ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության պետ, այսպես ասած՝ 7-րդ վարչության պետ (որը զբաղվում է գաղտնալսումներով)։ 2019թ.-ի սեպտեմբերին նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։




Լրահոս