ՆԱՎԹԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԺԱՄԿԵՏՆԵՀՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՕՊԵԿ-ն իր տարեկան կանխատեսման մեջ բարձրացրել է նավթի համաշխարհային պահանջարկի միջնաժամկետ եւ երկարաժամկետ կանխատեսումները՝ նշելով, որ այդ պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ է 14 տրիլիոն դոլարի ներդրում. հաղորդում է Reuters-ը:

 

Նավթ արտահանող երկրների կազմակերպության կարծիքը 2023 թվականի նավթի համաշխարհային կանխատեսման մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի օրը, հակասում է այլ կանխատեսողներին, այդ թվում՝ Միջազգային էներգետիկ գործակալությանը, որոնք ասում են, որ պահանջարկը կարող է հասնել գագաթնակետին այս տասնամյակում:

«Վերջին իրադարձությունները ՕՊԵԿ-ի թիմին ստիպել են վերանայել, թե յուրաքանչյուր էներգիայի աղբյուր ինչ կարող է մատուցել՝ շեշտը դնելով պրագմատիկ եւ իրատեսական տարբերակների եւ լուծումների վրա», – զեկույցի առաջաբանում գրել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Հայթամ Ալ-Գայսը:

«Նավթային նոր նախագծերում ներդրումները դադարեցնելու կոչերը սխալ են եւ կարող են հանգեցնել էներգետիկ եւ տնտեսական քաոսի», – ավելացրել է նա՝ գնահատելով նավթի ոլորտում անհրաժեշտ ներդրումները մինչեւ 2045 թվականը 14 տրիլիոն դոլար՝ անցյալ տարվա 12,1 տրիլիոն դոլար գնահատականի դիմաց:

ՕՊԵԿ-ն ակնկալում է, որ մինչեւ 2045 թվականը նավթի համաշխարհային պահանջարկը կկազմի օրական 116 միլիոն բարել, ինչը մոտ 6 միլիոն բարելով ավելին է, քան սպասվում էր անցյալ տարվա զեկույցում, ընդ որում՝ աճը գլխավորում են Չինաստանը, Հնդկաստանը եւ ասիական այլ երկրներ, ինչպես նաեւ Աֆրիկան եւ Մերձավոր Արեւելքը:

ՄԷԳ-ի գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլն անցյալ շաբաթ ասել է, որ ածխի, նավթի եւ բնական գազի համաշխարհային սպառումը կարող է հասնել գագաթանկետին մինչեւ 2030 թվականը:

ՕՊԵԿ-ը նաեւ բարձրացրել է պահանջարկի իր կանխատեսումները մինչեւ 2028 թվականը միջնաժամկետ կտրվածքով` վկայակոչելով այս տարվա կայուն պահանջարկը՝ չնայած տնտեսական հակահարվածներին, ինչպիսիք են տոկոսադրույքների բարձրացումը եւ ավտոմոբիլային տրանսպորտի աճը:

«Չնայած այս կանխատեսմանը՝ 2023 թվականին նավթի պահանջարկը կայուն է», – ասվում է զեկույցում:

ՕՊԵԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2028 թվականին համաշխարհային պահանջարկը կկազմի օրական 110,2 միլիոն բարել՝ 2023 թվականին օրական 102 միլիոն բարելի դիմաց: Կանխատեսվում է, որ 2027 թվականին նավթի սպառումը կկազմի օրական 109 միլիոն բարել՝ 2022 թվականին կանխատեսվող օրական 106,9 միլիոն բարելի դիմաց:

Հավելենք, որ, ՕՊԵԿ-ի կանխատեսմամբ, մինչեւ 2045 թվականը աշխարհի ճանապարհներին կլինի 2,6 միլիարդ ավտոմեքենա՝ միլիարդով ավելի, քան 2022 թվականին։ Զեկույցում նշվում է, որ դրանց ավելի քան 72%-ը հագեցած կլինի ներքին այրման շարժիչներով՝ չնայած այն հանգամանքին, որ էլեկտրական մեքենաներն ամենաարագ զարգացող հատվածն են։

ՕՊԵԿ-ը եւ նրա դաշնակիցները, որոնք հայտնի են որպես ՕՊԵԿ+, կրկին կրճատում են մատակարարումները՝ շուկային աջակցելու համար: Զեկույցում ասվում է, որ ՕՊԵԿ-ի ընդհանուր մասնաբաժինը նավթի շուկայում 2045 թվականին կաճի մինչեւ 40% 2022 թվականի 34%-ից, քանի որ ոչ ՕՊԵԿ-ի արդյունահանումը սկսում է նվազել 2030-ականների սկզբից:

 

 

ՆՈՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության՝ 2023 թվականի «Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2204, 2205, 2206 00, 2207 եւ 2208 ծածկագրերին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին» թիվ  1699-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հոկտեմբերի 15-ից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 2204, 2205, 2206 00, 2207 եւ 2208 ծածկագրերին դասվող, ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ալկոհոլային ապրանքների դրոշմավորումը կիրականացվի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի համաձայն։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՊԵԿ-ից:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորմանը զուգահեռ շարունակվելու է նաեւ ակցիզային դրոշմավորումը։

Միաժամանակ, կոմիտեն հիշեցնում է, որ ՀԴՄ կիրառողները, հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում, ՀԴՄ-ի միջոցով կամ ՀԴՄ-ին միացված ծրագրային եւ (կամ) տեխնիկական միջոցներով պետք է ապահովվեն այդ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան։

Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում այդ ապրանքների վրա առկա հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի միասնական շտեմարան չփոխանցելը դիտվում է ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։

 

 

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵՑ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում գործող «Նաիրի-16» ՓԲԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ ընկերությունը գործունեություն է իրականացնում առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ԲԸՏՄ-ից:

Տեսչական մարմնի կողմից կասեցվել է ընկերությանը պատկանող բետոնի արտադրամասի  բետոնահանգույցի եւ կից գործող չորանոցի հետագա շահագործումը։

 

 




Լրահոս