Հոկտեմբերի 20-ին նշվում է Համրուկի միջազգային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2010 թվականից ողջ աշխարհում հոկտեմբերի 20-ին նշվում է անսովոր կենդանու՝ Համրուկի կամ համրագնացի միջազգային օրը:

Այս կենդանու բնակության վայրը Կենտրոնական և Հարավային Ամերիկաներն են:

Համրուկն իր անունը ստացել է բացառիկ դանդաղկոտության պատճառով, ինչը բացատրվում է էներգախնայողությամբ, ինչն էլ իր հերթին բացատրվում է այս կենդանու սննդակարգով և նյութափոխանակության առանձնահատկություններով:

Համրուկը ժամանակի մեծ մասն անց է կացնում ծառերի վրա, սնվում է տերևներով: Քունը նրա մոտ զբաղեցնում է օրվա 15-20 ժամը, իսկ կերակուրը նրա ստամոքսում մարսվում է մոտ 90 ժամվա ընթացքում: Համրուկը ծառից ներքև շատ հազվադեպ է իջնում, այն էլ՝ բնական կարիքները հոգալու համար, իսկ բնական կարիքները նա հոգում է շաբաթը մեկ անգամ: Իր ոտքերի կառուցվածքի առանձնահատկությունների պատճառով համրուկը հողին հենվել չի կարողանում, դա է պատճառոը, որ նա համարյա սողալով է շարժվում: Փոխարենը ջրի մեջ նա իրեն ավելի ազատ է զգում, շատ լավ լողում ու սուզվում է:

Արտաքինից համրուկը երկար ոտքերով, փոքր գլխով ու համարյա հարթ մռութով միջին չափի շուն է հիշեցնում: Նրա պոչն այնքան փոքր է, որ հազիվ է երևում: Համրուկի մորթին խիտ է և տարատեսակ միջատների, սնկազգիների ու նույնիսկ ջրիմուռների համար որպես բնակատեղի է ծառայում: Հենց ջրիմուռներն էլ այս կենդանուն կանաչավուն երանգ են տալիս:

Համրուկի դանդաղկոտ կենսակերպը և անսովոր արտաքինը հաճախ է օգտագործվում մուլտֆիլմներում: «Սառցե դարաշրջանի» Սիդը, «Զվերոպոլիսի» համրուկները անկեղծ ծիծաղ են առաջացնում ոչ միայն փոքրերի, այլև մեծերի մոտ:




Լրահոս