Ուր է անհետացել Արցախի ներդրումային հիմնադրամի 69 մլդ․ դրամը․ ովքե՞ր են եղել ներդրողները և ի՞նչ մութ պատմություն կա․ ցանկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր առաջ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հրապարակել էր Արցախի ներդրումային հիմնադրամից փոխառություն ստացած 30 իրավաբանական անձանց տվյալները, որոնք ընդհանուր առմամբ հիմնադրամին պարտք են ավելի քան 69 միլիարդ դրամ գումար: Ընդհանրապես Արցախի ներդրումային հիմնադրամի հետ կապված շատ մութ պատմություններ կան, որոնք երկար ժամանակ հանդիսացել են արցախցիների քննադատության ու քննարկման առարկան: Այդ թեման առավել արդիական է դարձել հատկապես հիմա, քանի որ տեղահանության հետևանքով ՀՀ-ում հայտնված արցախցիներն անընդհատ ստեղծված իրավիճակի համար մեղավորներ են փնտրում, իսկ մեղավորների շարքում նաև պետական միջոցները ժամանակին անվերադարձ օգտագործած անձինք ու պաշտոնյաներն են դիտարկվում:

ArmLur.am-ը, ուսումնասիրել է Տիգրան Պետրոսյանի կողմից հրապարակված ցանկում ներառված կազմակերպությունները, պարզել է, որ դրանցից յուրաքանչյուրը կապված է հայաստանյան կամ արցախյան այս կամ այն պաշտոնյայի հետ: Օրինակ «Ար Փաուեր» ՍՊ ընկերությունը ներկայացնում է «Մաղավուզի» քարածխի հանքը:

«Գոլդ Սթար» ՓԲ ընկերությունը պատկանում էր շվեյցարահայ Վարդան Սերմաքեշին: Ընկերությունը զբաղվում էր ոսկու հումքի արտահանմամբ, հանքավայրը ներկայումս Ադրբեջանի տիրապետության տակ է:

«Դոմինիկ Սիստեմ» ՍՊ ընկերությունը կապվում է Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին տեղակալ Գագիկ Սարգսյանի հետ, ով Արցախում զբաղվում էր շինարարությամբ:

«Պետրոլ Սերվիս և Էվե Քոնսթրաքշն» կազմակերպությունները պատկանում են Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մտերիմ Էդուարդ Վերդյանի ընտանիքին:

Ցուցակում կան կազմակերպություններ, որոնք կապված են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի մտերիմ շրջանակի հետ, շոշափվում է Արցախում երկար տարիներ տարբեր պաշտոններ զբաղեցրած Կոմիտաս Կարապետյանի անունը:

ArmLur.am-ը փորձեց պարզել, թե հիշյալ պարտավորությունները բռնագանձելու համար ընդհանրապես Հիմնադրամի կողմից միջոցներ ձեռնարկվել են, թե ոչ: Պարզվեց, որ թեև դրանք ժամկետանց պարտավորություններ էին շուտվանից, սակայն դատական կարգով բռնագանձման գործընթաց նախաձեռնվել էր 2023թ. հուլիս ամսից, Արցախի նախկին պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի նախաձեռնությամբ: Ի դեպ Արցախի կառավարության մեր աղբյուրները հայտնեցին, որ Գուրգեն Ներսիսյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու հիմնական պատճառը պայմանավորված էր հենց այդ գործընթացով: Պարզվել է նաև, որ հիմնադրամի կողմից դատարան ներկայացված հայցերը պետական տուրք չվճարելու պատճառով Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումներով վարույթ չէին ընդունվել, սակայն Գուրգեն Ներսիսյանի պահանջով դրանք բողոքարկվել են վերաքննության կարգով, առաջին ատյանի դատարանի ակտերը բեկանվել և հայցերը ընդունվել էին վարույթ, սակայն դրանից հետո որևէ տեղեկություն չկա, թե դատարանը ինչ է արել այդ հայցերի հետ: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար մենք փորձեցինք կապ հաստատել Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրենի և առաջին ատյանի դատարանի նախագահի հետ, սակայն ապարդյուն:

Ս.Գ.




Լրահոս