ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ԱՐՑԱԽԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ կառավարությունը հոկտեմբերի 12-ի նիստում հաստատեց 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը եւ տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի կամ կրթական աստիճանի:

 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԿԳՄՍ նախարարությունը իրականացրել է իրավիճակի վերլուծություն՝ ըստ հասանելի տվյալների: Հավաքագրված եւ վերլուծված տեղեկատվության հիման վրա՝ նախատեսվում է 2023 թվականին բուհական համակարգում ներառել շուրջ 2 116 ուսանող, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում` 2 524 ուսանող։

Ներկայումս, ԿԳՄՍ նախարարության շրջաբերականով, ՀՀ պետական բուհերին տրվել է ուղղորդում` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին ներգրավելու դասապրոցեսի մեջ` ըստ ուսանողների ներկայացրած եւ տվյալ պահին հասանելի տեղեկատվության:

Կարգավորումների համաձայն՝ ուսանողներին տրամադրվելու է կրթաթոշակ, որը, համաձայն ուսանողի եւ ՈՒՀ-ի միջեւ կնքվող պայմանագրի, փոխանցվելու է ՈՒՀ-ին 2023-2024 ուստարվա ուսման վճարը հոգալու նպատակով:

Որոշմամբ նախատեսվում է նաեւ, ելնելով իրադրության առանձնահատկությունից, սահմանվող դեպքերում չկիրառել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի ուսանողների տեղափոխության որոշ դրույթներ, որոնք նախատեսված են այն դեպքերի համար, երբ առկա է ուսանողի տեղափոխության համար ամբողջ անհրաժեշտ փաստաթղթավորումը: Կիրառելի չեն նաեւ առաջին եւ վերջին կուրսերից տեղափոխության արգելքները, ինչպես նաեւ կրեդիտների տարբերության լրացման համար նախատեսված է ավելի ճկուն ընթացակարգ` անհատական պլանի համաձայն:

Որոշման հավելվածներով սահմանվում են նաեւ բակալավրի կրթական աստիճանում ըստ մասնագիտության (կրթական ծրագրերի) եւ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած պետական ուսումնական հաստատություններում տրամադրվող կրթաթոշակների առավելագույն չափերի ցանկերը, որոնք հաշվարկվել են՝ ըստ տվյալ կրթական ծրագրերի ՀՀ պետական ուսումնական հաստատություններում իրականացվող ուսումնառության համար սահմանված վճարների միջին արժեքների՝ չգերազանցելով 700 000 դրամը:

Նախատեսվում է, որ ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակը կտրամադրվի՝ համաձայն տվյալ ՈՒՀ-ում տվյալ կրթական ծրագրի համար հաստատված ուսման վճարի չափի, բայց ոչ ավելի, քան հավելվածներով սահմանված չափերը, իսկ մագիստրոսի կրթական ծրագրերում` 560 հազար դրամը:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի դեպքում կրթաթոշակի առավելագույն չափերն են՝

1.նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի մասնագիտություններով՝  245 000 դրամ,

2.միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա ուսուցմամբ.

l արվեստի ոլորտի մասնագիտություններով՝  480 000 դրամ,

l առողջապահության ոլորտի մասնագիտություններով՝ 500 000 դրամ,

l այլ ոլորտների մասնագիտություններով՝ 300 000 դրամ,

3.միջին մասնագիտական կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ մասնագիտություններով՝ 300 000 դրամ:

Այսպիսով, որոշ կրթական ծրագրերի մասով սահմանված կրթաթոշակի չափը լինում է պակաս, քան որոշ բուհերում այդ ծրագրի համար սահմանված ուսման վճարը, ինչը որոշակիորեն կխրախուսի ուսանողներին տեղափոխվել դեպի մարզային ՈՒՀ-ներ:

Այս որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեից ակնկալվում է իրականացնել հատկացումներ 2023 թվականի համար 659 790 601 դրամ եւ 2024 թվականի համար` 1 325 021 202 դրամ:

 

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը արդեն հայտագրել է Արցախից բռնի տեղահանված 500 բուժաշխատող աշխատանքի տեղավորման համար. այս մասին հոկտեմբերի 12-ին՝ կառավարության նիստի ժամանակ, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

Նախարարի խոսքով՝ վերապատրաստումների փուլում են 213 բուժաշխատող, իսկ 42-ն արդեն ստացել են հավաստագիր (նրանք ունեցել են կրեդիտավորված կուրսերի մասնակցություն)։

«Մասնագիտակցումն ու վերապատրաստումը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կլինի անվճար։ Նրանք հնարավորություն կունենան նաեւ փոփոխելու իրենց մասնագիտացումը եւ համապատասխանեցնելու ՀՀ-ի պահանջարկին»,- ասաց նախարարը։

Անահիտ Ավանեսյանը հավելեց նաեւ, որ 100-ից ավելի մասնագետների պետական բուժհաստատություններում արդեն իսկ կոնկրետ աշխատանքի առաջարկ է արվել, նրանցից շատերն անցել են աշխատանքի։

Մասնավոր բուժկենտրոնները եւս ակտիվ ներգրավված են այս աշխատանքներին։ Ու քանի որ մարզերում աճել է բնակչության թիվը, ապա եթե այս պահին մարզային պոլիկլինիկաներում թափուր հաստիքներ չկան, ապա ընթացքում դրանք կառաջանան, եւ սա եւս հաշվարկվում է, արցախցի բուժաշխատողները տեղեկացվում են դրա մասին», -ասաց Անահիտ Ավանեսյանը։

ՀՀ կառավարությունը նաեւ հաստատել է որոշման նախագիծ, համաձայն որի՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում նախատեսվում է անցումային դրույթ, որով կթույլատրվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավագ եւ միջին բուժաշխատողներին զբաղվել մասնագիտական գործունեությամբ՝ սահմանելով որոշակի ժամանակահատված, որի ընթացքում վերջիններս կարող են մասնակցել կրեդիտավորված դասընթացների՝ կուտակելով ՇՄԶ կրեդիտներ եւ ստանալ ՇՄԶ հավաստագիր։

«Ներկա իրավակարգավորումների համաձայն՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու համար ավագ եւ միջին բուժաշխատողները պետք է ունենան ՇՄԶ հավաստագիր, որը հանդիսանում է վերջիններիս համար աշխատանքի թույլտվությունը փաստող փաստաթուղթ։ Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղում նախատեսված չէր հավաստագրման ինստիտուտ, եւ ԼՂ բուժաշխատողների համար չի գործել ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջ, ուստի վերջիններս այս պահին չունեն ՇՄԶ հավաստագիր», – նշված է որոշման հիմնավորման մեջ։

Մեկնաբանելով այդ որոշման նախագիծը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողներին այդ որոշմամբ կտրամադրվի անցումային ժամանակահատված մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը, որով առանց այդ պահանջը բավարարելու իրենք հնարավորություն կունենան աշխատելու, ընթացքում էլ համապատասխանություն կապահովեն այդ պահանջներին։ «Եվ 2025 թվականի հունվարի 1-ից այդ աշխատատեղերը կզբաղեցնեն այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետություունում այդ ոլորտի մասնագետները զբաղեցնում էին», – ասաց նա եւ հավելեց, որ անհրաժեշտության դեպքում այդ ժամանակահատվածը կարող է եւս մի քանի ամսով երկարաձգվել՝ բոլորին հնարավորություն տալով  այդ համապատասխան ընթացքը սահուն ձեւով անցնել։

 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՕԳՈՒՏ ՉԻ ՏՎԵԼ

Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի փողոցներում մեծ չափերով բացoթյա առեւտուր է  կատարվում։ Փողոցներում, երբեմն՝ գետնի վրա, հակասանիտարական պայմաններում վաճառվում են գյուղատնտեսական մթերքներ։  Քաղաքի փողոցներում վաճառվում են նաեւ հագուստներ, կենցաղային զանազան ապրանքներ,  խաղալիքներ:  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը օգոստոսի 4-ին  որոշում է ընդունել Իջեւան համայնքի փողոցային առեւտրի ուսումնասիրման եւ կանխարգելման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին, սակայն այդ հանձնաժողովի գործունեությունից Իջեւանում փողոցային առեւտուրը չի նվազել։ Տավուշի մարզպետին  տեղեկատվական հարցում  ենք արել՝ նրան հարցնելով, թե ինչեր է ձեռնարկել այդ հանձնաժողովը, եթե հանձնաժողով  ստեղծելուց  ավելի քան  2 ամիս անց Իջեւանում փողոցային առեւտուրը  լայնորեն «ծաղկում է»։ Մարզպետարանից ստացված պատասխանում  նշված է. «ՀՀ վարչական օրենսգրքի  169.16-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ առանց թույտվության բացօթյա առեւտուր իրականացնելու համար Իջեւան համայնքում 2023թ. ընթացքում թվով 37 քաղաքացու նկատմամբ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներով կազմվել են արձանագրություններ, որոնցից 27-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, եւ կիրառվել է վարչական տուգանք՝ 50 հազար դրամի չափով, որից  ինքնակամ վճարել են յոթը, տասներեք գործ բռնագանձում կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՀԿԱ ծառայություն, յոթ գործ գտնվում է ընթացքի մեջ, 10 քաղաքացու նկատմամբ վարչական վարույթներ չեն բացվել` արձանագրված թերությունները վերացնելու հիմքով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Իջեւան համայնքի ավագանու  2022 թ. դեկտեմբերի 22-ի թիվ 177  որոշումով  սահմանվել  են  ՀՀ Տավուշի մարզի Իջեւան համայնքի տարածքում  2023 թ. տեղական   տուրքերի  դրույքաչափերը՝ հետեւյալ  չափերով.

  1. իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար համայնքի վարչական տարածքում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված բացօթյա առեւտրի կազմակերպման թույլտվության տեղական տուրքը 1 քմ-ի համար սահմանվել է յուրաքանչյուր օրը 350 ՀՀ դրամ։
  2. Սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարող սուբյեկտների համար յուրաքանչյուր օրվա համար սահմանվել է 105 ՀՀ դրամ։

Հաշվի առնելով  գյուղատնտեսական մթերքների (պտուղ-բանջարեղեն) բերքահավաքի եւ առեւտրի ակտիվ շրջանը՝ մարզի եւ համայնքի  ղեկավարության համաձայնությամբ տնտեսվարող սուբյեկտներին, հետիոտն մայթերի հարակից վաճառքի սրահներին թույլատրվել է մինչեւ 2023 թ. հոկտեմբերի 1-ը  մեկ մետր լայնությամբ եւ սրահի ճակատային մասի երկարությամբ կազմակերպել բացօթյա առեւտուր»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս