ԻՆՉՈ՞Ւ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ադրբեջանը վաղուց էր պլանավորել իր գործողությունները։ Անկախ նրանից՝ մենք ինչ կանեինք՝ նոր ընտրություններ կլինեին, թե ոչ, ռազմական էսկալացիան անխուսափելի էր»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Հակոբյանը անդրադարձել է նաեւ վերջին օրերին Արցախում կատարվող իրադարձություններին, Արայիկ Հարությունյանի հրաժարականին, ինչպես նաեւ ԱՀ նախկին նախագահների եւ պաշտոնյաների գերեվարմանը:

 

-Տիկի՛ն Հակոբյան, շատ հարցեր կան, բայց կուզեի սկսեի այն հարցից, թե ինչ կատարվեց Արցախում, ինչու նման ցավալի իրավիճակ ստեղծվեց: Վստահաբար Դուք՝ որպես պատգամավոր, վերջին օրերին տեղի ունեցող քննարկումներին մասնակցել եք: Ի՞նչ էր քննարկվում Արցախում, ու իրավիճակի նման հանգուցալուծում կանխատեսվո՞ւմ էր, թե՞ ոչ:

-Երեք տարի շարունակ իրադարձությունների նման զարգացում միշտ էլ սպասվել է, եւ եթե նայեք մեր խմբակցության գործունեությանը այդ երեք տարիների ընթացքում, կտեսնեք, որ մենք ոչ մի սոցիալական հարցի չենք անդրադարձել, շինարարությամբ եւ տնտեսությամբ չենք հետաքրքրվել, եւ մենք բոլոր հարցերը, քննարկումները,  հենց Արցախի ապագայի, անվտանգային հարցերի պատրաստ լինել-չլինելու առնչությամբ ենք բարձրացրել, եւ մեր՝ որպես ընդդիմադիր խմբակցություն լինելու հանգամանքով պայմանավորված՝ մենք հնարավորություն ունեցել եք հարցադրումներ անել, պատասխաններ պահանջել իշխանություններից, նախագահից, ինչը հիմնականում մենք չենք ստացել կամ ստացել ենք անլուրջ պատասխան՝ գուշակության արդյունքում տրված:

Օրինակ՝ երբ հարց էինք տալիս՝ մինչ 2025 թվականը, ենթադրենք, կարողացանք հասնել, եւ միշտ այդ հարցը հենց այդպես է հնչել, որ, ենթադրենք, հասանք, ապա ինչ ենք անելու այդ ժամանակ, քանի որ հարց է դրվելու ռուս խաղաղապահների դուրս բերման մասին:

Պատասխանները եղել են հիմնականում այսպես. «Հանգիստ եղե՛ք, ռուս խաղաղապահները միշտ այստեղ են լինելու, մեզնից հասնում է շինարարություն, տնտեսություն զարգացնել»: Երբ հարցրել ենք՝  կա արդյոք որեւէ հիմք, որը փաստում է այդ ամենը փաստաթղթի վրա, ասվում էր, որ ամեն բան բանավոր ասված է:

Այսինքն՝ ընդհանուր առմամբ, պատերազմից հետո որեւէ բան չփոխվեց, որեւէ լրջություն չեղավ, եւ, գիտեք, երբեմն հարց էին տալիս, թե ինչու էինք պահանջում իշխանությունների հրաժարականը: Սկզբում պահանջ չկար, կար սպասում, որ կլինի գիտակցում, եւ պարտված իշխանությունը, որպես աքսիոմա, կհեռանա, սակայն երբ հասկացանք, որ չի լինելու այդպես, պահանջը  եղավ առաջին փուլում, որ պարտված իշխանությունը հեռանա, որպեսզի կարողանանք խոսել ոչ թե հաղթանակի, այլ գոնե հաջողություն գրանցելու մասին:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ԴԻՏԱԿԵՏԵՐ ԵՆ ՓԱԿՎԵԼ

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ից՝ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայից ի վեր, արդեն փակել են 7 դիտակետ եւ15 ժամանակավոր դիտակետ:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

Ռուսաստանի ՊՆ-ից տեղեկացնում են, որ 24 ժամվա ընթացքում փակվել է ռուսական խաղաղապահ զորախմբի մեկ դիտակետ Շուշիի շրջանում։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններում փակվել է ռուս խաղաղապահների 7 դիտակետ եւ 15 ժամանակավոր դիտակետ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել եւ վիրավորվել էին նաեւ քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղը հայաթափվել է, բռնի տեղահանված անձինք ժամանել են Հայաստան:

 

 

 

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՐՑԵՐ

Էկոնոմիկայի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են՝ նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Ռաֆայել Գեւորգյանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը եւ առեւտրաշրջանառության ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Համագործակցության առավել նպատակահարմար ոլորտների թվում նշվել են, մասնավորապես, ադամանդագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, անասնաբուծության, սննդի վերամշակման ոլորտները։

Կողմերը քննարկել են նաեւ գարեջրի, շոկոլադի եւ այլ արտադրատեսակների արտահանման հնարավորությունները։

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առեւտրաշրջանառությունը Բելգիայի հետ, ըստ արտահանող երկրի հատկանիշի, 2023 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 156.5 մլն ԱՄՆ դոլար, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32%-ով (2022 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 118.5 մլն ԱՄՆ դոլար):

 

 

 

ՊԵՏԻ ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քրեակատարողական ծառայության պետի պաշտոնի համար հերթական թեկնածուի առաջարկը մերժվել է։ Մեզ հասած սեղեկությունների  համաձայն՝ ՔՊ-ականների մի հատված արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին են առաջարկել  Ամբակում Գրիգորյանի թեկնածությունը, սակայն նախարար Մինասյանը մերժել է։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան հասկացրել են, որ նա միակ արժանի թեկնածուն է, սակայն դեռ վերջնական որոշում չկա։ Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնի համար պայքար է գնում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ամեն ինչ անում է, որ այդ պաշտոնին նշանակի իր համակուրսեցի Թադեւոս Նիկոլայի Նալբանդյանին, որը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալներից մեկն է, իսկ, ահա, ուժային կառույցները այլ թեկնածու ունեն։ Հավելենք, որ Ամբակում Գրիգորյանը ներկայումս ՔԿ ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է։

 

 

ԴԱՏԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների հանաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր՝ Աննա Արեւշատյանի նկատմամբ իրավապահների ձեռքում հայտնված սարսափելի  տեսանյութերից հետո որոշում է կայացվել նշանակել դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու, թե արդյոք առողջական խնդիրներ ունեն  մայրը եւ  երեխաները։ Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեռեւս քննությամբ մնում է այն վարկածը, որ մայրը, նման կերպ վարվելով սեփական  երեխայի  հետ, ունեցել է մեկ նպատակ՝ ապացուցել ամուսնուն, որ պատժել է աղջկան իր դեմ ցուցմունք տալու համար։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ հարուցված քրեական գործով  իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ ու խուզարկություն իրականացրել։ Բանն այն է, որ Աննա Արեւշատյանի ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, կալանավորված է սեփական երեխաների նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու համար եւ այս պահին կալանքը կրում է «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկում։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ հենց այս դեպքով էլ Նուբարաշենի բանտում խուզարկություն է իրականացվել, հատկապես՝ սեռական բռնություն իրականացրած հոր՝ Մանվել Մադաթյանի խցում:

Իսկ ի՞նչ է հայտնաբերվել։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ խցում եղել են հեռախոսներ, Թաթուլ Մադաթյանի մոտ եւս եղել է հեռախոս:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին սոցցանցերում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին տեսանյութ էր հրապարակվել։ Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ կինը հայտնաբերվել է, նա Գավառի 34-ամյա բնակչուհի է։ Վերջինիս նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ, օգոստոսի 19-ին  մայրը կալանավորվել է եւ գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ 2023թ. օգոստոսի 19-ին երեխաների մոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, եւ նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով (անչափահասին առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որոնք կատարվել են 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը): Մեղադրանք է առաջադրվել նաեւ 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը), 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից, եւ որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով):




Լրահոս