ԻՆՉՊԵ՞Ս ՍՏԱՆԱԼ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ուղեցույց, թե ինչպես ստանալ 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում:

 

Ո՞վ կարող է ստանալ կրթաթոշակ

2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատությունների (պետական կամ մասնավոր) սովորող հանդիսացող եւ համապատասխան մասնագիտություններով (կրթական ծրագրերով) Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատություններում (նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական, բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում/մասնաճյուղերում (այսուհետ՝ ՈՒՀ)) սահմանված կարգով հրամանագրված / տեղափոխված ուսանողները:

Ինչպե՞ս ստանալ կրթաթոշակ

Քայլ 1

Դիմում եք պետական ուսումնական հաստատությանը Ձեր մասնագիտությամբ (եթե այդպիսին չի իրականացվում, ապա հարակից մասնագիտությամբ) ուսումը շարունակելու համար՝ ներկայացնելով հնարավոր ամբողջական տեղեկատվությունը եւ փաստաթղթերը:

Քայլ 2

Ուսումնական հաստատությունը ներգրավում է Ձեզ համապատասխան կրթական ծրագրի դասապրոցեսում, եթե՝

ա) տվյալ կրթական ծրագրում լրացուցիչ սովորողների ներգրավման համար առկա են ֆիզիկական անհրաժեշտ պայմաններ,

բ) եթե կարգով սահմանված կրթաթոշակի առավելագույն չափը բավարարում է տվյալ ուսումնական հաստատությունում տվյալ կրթական ծրագրով ուսումնական պրոցեսում ներգրավվելու համար,

գ) հակառակ պարագայում Դուք կարող եք դիմել նույն ծրագիրն իրականացնող այլ պետական ՈւՀ կամ ՈւՀ-ի մասնաճյուղ ՀՀ այլ քաղաքներում:

Քայլ 3

Ուսումնական պրոցեսում Ձեր ներգրավմանը զուգընթաց՝ պետական ուսումնական հաստատությունը կազմակերպում է Ձեր տեղափոխության փաստաթղթավորումը՝ ըստ անհրաժեշտության համագործակցելով այլ մարմինների հետ:

Քայլ 4

Պետական ուսումնական հաստատությունը կազմում եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանն է տրամադրում կրթաթոշակի շահառուների անվանացանկը՝ նշելով վերջիններիս հետեւյալ տվյալները՝

1) ուսանողի նույնականացման տվյալներ,

2) տեղեկություն՝ տեղափոխված կրթական ծրագրի, մասնագիտության եւ որակավորման մասին,

3) տեղեկություն՝ մինչեւ տեղափոխությունն ուսումնառած կրթական ծրագրի, մասնագիտության եւ որակավորման մասին,

4) կրթական աստիճանը,

5) կուրսը,

6) ուսուցման ձեւը,

7) այլ տեղեկություն՝ ըստ անհրաժեշտության:

Քայլ 5

Նախարարությունը ստուգում է անվանացանկերը, համադրում Միասնական սոցիալական ծառայության գրանցամատյանների հետ եւ ԼՂ համապատասխան ուսհաստատությունից ստացված տվյալների հետ՝ ըստ անհրաժեշտության ճշգրտելով կամ լրացնելով:

Քայլ 6

Ճշգրտված անվանացանկերի հիման վրա՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցները փոխանցվում են ուսումնական հաստատության հաշվին:

Քայլ 7

Դուք եւ պետական ուսումնական հաստատությունը կնքում եք պայմանագիր՝ հատկացված կրթաթոշակի միջոցներով 2023-2024 ուստարվա ուսման վարձի փոխհատուցմանն ուղղելու մասին:

Քայլ 8

Սովորում եք առավելագույն արդյունավետությամբ, քանի որ հետագա ծրագրերը փոխկապակցված են լինելու գերազանց առաջադիմության հետ:

 

 

«ՎԱՅԼԴԲԵՐԻԶ»-Ը՝ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ

Բնակիչները տեւական ժամանակ է՝ դիմում-բողոքներ են ներկայացնում եւ տարբեր հարթակներում խոսում այն մասին, որ «Վայլդբերիզ» օնլայն գնումների կայքին կցված իրենց անձնական քարտերից անհասկանալի պատճառներով գումար է գանձվում: Այս խնդրի հետ կապված բնակիչների բողոքները «Վայլդբերիզ»-ի կողմից անպատասխան են մնում:

«Ժողովուրդ» օրաթերթին բնակիչը ահազանգել է՝ պատմելով, որ անհասկանալի պատճառով գումար է գանձվել իր հաշվեհամարից, որից հետո էլ ստիպված է եղել քարտը արգելափակել:

«Տեսա, որ քարտիցս 26700 դրամ գումար գանձվեց, հետո ստուգեցի, հասկացա, որ ոչինչ չեմ պատվիրել, բայց «Վայլդբերիզ»-ը այն գանձել է: Գնում եմ «Ինեկոբանկ», քանի որ իրենց ծառայություններից եմ օգտվում, աշխատակիցները նշում են, որ դա իրենց հետ կապ չունի, պետք է հաղորդագրություն ուղարկել «Վայլդբերիզ»-ին՝ հասկանալու համար, թե ինչ է կատավում,- պատմում է բնակիչը:

«Վայլդբերիզ»-ի աշխատակիցները հաճախորհդին պատասխանում են, որ բանկից պետք է կնիքով հաստատված քաղվածք ներկայացնել: Հաճախորդը կատարում է  աշխատակիցների պահանջը եւ ուղարկում է քաղվածքը՝ կնիքով հաստատված, սակայն դեռ ոչ մի արձագանք չի ստացել: Այս ամենից հետո հաճախորդը ստիպված է եղել արգելափակել քարտը եւ խնդրել «Ինեկոբանկ»-ին, որ դիմում-բողոք ներկայացնի «Վայլդբերիզ»-ին, որպեսզի հասկանան՝ անհասկանալի պատճառով գանձված գումարը հետ է վերադարձվելու, թե ոչ:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին գրել էր՝ բնակիչներին հորդորելու եւ զգուշացնելու, որ զգոն լինեն անձնական տվյալների տրամադրման հարցում:

 

 

ՀԵՐԹԵՐ՝ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆՆԵՐՈՒՄ

Երեւան քաղաքի ստորաբաժանումներում անձնագրի հետ կապված ցանկացած հարցի կամ խնդրի դեպքում պետք է նախապես առցանց հերթագրվել՝ ընտրելով համապատասխան անձնագրային ստորաբաժանումը,  գործողության տեսակը։ Մարզերում այս կարգը դեռ չի գործում, եւ շատերը մայրաքաղաքից շտապում են հարակից գյուղեր կամ քաղաքներ, քանի որ օնլայն գրանցվելու դեպքում պետք է շաբաթներով սպասել։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ բավականին մեծ հերթեր են գոյացել Կոտայքի մարզի քաղաք Բյուրեղավանի անձնագրային բաժնում։ Արցախից տեղահանված մեր հայրենակիցները սպասարկվում են առանց հերթի, սակայն հարակից քաղաքներից եւ գյուղերից ժամանելով՝ այնպիսի մասշտաբային հերթեր են գոյանում, որ պարզապես շատ դժվար է լինում սպասարկելը, հատկապես՝   այն դեպքում, երբ ստեղծված իրավիճակում ու պայմաններում տվյալ ստորաբաժանումում ընդամենը մեկ աշխատող է սպասարկում։

Ի դեպ, նշենք, որ սպասող արցախցիների շարքում հիմնականում ելքի վիզա ստացողներն էին։

Բնակիչների մոտ սա դժգոհության պատճառ է առաջացրել, քանի որ 3-ից 4 ժամ լավագույն դեպքում ստիպված են լինում սպասել։ Հաճախ էլ լինում են դեպքեր, երբ այդքան սպասելուց հետո այդպես էլ հերթ չի հասնում, քանի որ ընդամենը մեկ աշխատողը ի վիճակի չէ սպասարկելու. նման դեպքերում մարդիկ թողնում, հեռանում են՝ հաջորդ օրվա ակնկալիքով։

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԿՈՐՈՇԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Իջեւան համայնքը՝ ընդդեմ «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել նախկին վիճակի վերականգնման՝ ինքնակամ կառույցի քանդման եւ արդյունքում պատճառված վնասի հատուցման պահանջներով։ Դատավոր Նարինե Անանյանը հայցը դատարանի վարույթ է ընդունել, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի նստավայրում այդ հայցով հերթական նիստը նշանակված է նոյեմբերի 16-ին։ «Կոկ Սիստեմ»  ՍՊԸ-ն պատկանում է գործարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի ընտանիքին։ Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին  տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ հարցնելով, թե ինքնակամ   որ կառույցի մասին է դատական հայցը, համայնքապետարանն ինչքան է հաշվարկել    պատճառված, հատուցման ենթակա  վնասը։ Համայնքի ղեկավարը պատասխանել է. «ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող՝ Իջեւան համայնքը՝ ընդդեմ   «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի քաղաքացիական գործով հայտնում ենք, որ «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի  «Կոկ» ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցի մի հատվածը կառուցվել է մակերեսի խախտմամբ՝ հողամասի սահմանների խախտումով, սեփականության իրավունքով Իջեւան համայնքի Լուսաձոր եւ Խաշթառակ բնակավայրերի  վարչական  տարածքում  գտնվող հողամասերում: Պատճառված  վնասի չափը որոշելու համար գործով միջնորդել ենք նշանակել դատաապրանքագիտական փորձաքննություն։

 

 

80 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ՝ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ նշելով, որ Իջեւան քաղաքում սուբվենցիոն ծրագրով 500 մետր ճանապարհ նորոգելու համար 80 միլիոն դրամ է հատկացվել, այդ ծրագրում որքան գումար է համայնքի ներդրումը, որ փողոցն է նորոգվում այդ ծրագրով, որ կազմակերպությունն է նորոգում, ծրագրով ինչ աշխատանքներ են նախատեսված։ Համայնքի ղեկավարի պատասխանում նշված է, որ սուբվենցիոն ծրագրով նախատեսված է կատարել Իջեւան քաղաքի Ղարագյոզյան-Նալբանդյան հատվող խաչմերուկի ասֆալտապատումը։ Սուբվենցիոն ծրագրի արժեքը 80 միլիոն ՀՀ դրամ է, որից համայնքի ներդրումը 36 միլիոն ՀՀ դրամ է։ Աշխատանքները կատարում է «Վեհ Իշխանասար»   ՍՊԸ-ն։ Հավելեմ, որ  80 միլիոն դրամը 500 գծամետր, 2500-3000 քառակուսի մետր մակերեսով  փողոցի ասֆալտապատման համար շատ մեծ գումար է։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս