ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՓՆՏՐՏՈՒՔ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի անգամ «Ժողովուրդ»-ն անդրադարձել է ՍԴ նախագահի, ՀՀ գլխավոր դատախազի, ԱԱԾ պետի տեղակալ  Հարությունյանի, Երվանդ Զախարյանի եւ այլոց դատավոր որդիներին: Դատական համակարգին ներսից ծանոթ մեր աղբյուրը պատմեց, որ  երեսունից ցածր հասակում դատավոր դարձածներից մեկն, օրինակ, հատուկ իր համար վճիռ գրող է պահում` 200 հազար դրամ «աշխատավարձով»: Ներկայացնում ենք բարձրաստիճան հայրիկի  26  տարեկանում դատավոր դարձած զավակի վճիռներից  մեկը:Տուժող Մարինա Մխիթարյանը պատրաստվում է բաց նամակ հղել ՀՀ նախագահին եւ գլխավոր դատախազին` Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առաջին ատյանի դատավոր Դավիթ Կիմի Բալայանի կողմից «Հանուն Հայաստանի Հանրապետության» կայացրած վճռի դեմ:  Իսկ  Կարեն Անդրեասյանից պահանջում է դիմել արդարադատության խորհուրդ` կարգապահական տույժ հարուցելու  Բալայանի նկատմամբ, ով իր վճռով ոչ միայն անպարտ է ճանաչել  44 հազար ԱՄՆ դոլար վերցրած եւ  չորս հոգանոց ընտանիքին աղքատության եզրին հասցրած  անձին, այլեւ հայերեն վատ խոսող   տիկնոջ հավաստմամբ` իրեն ողջ դատաքննության ընթացքում չի թողել խոսել` սպառնալով «տուգանեմ, տուգանեմ, տուգանեմ»: Տուժողի  խոսքերով` դատավորն  ամբաստանյալի ընկերների հետ միասին ծիծաղել է իր վրա, եւ առհասարակ, Բեգլարյանի հետ (ում համար դատախազությունը պահանջում էր 6 տարի) հանդես է եկել որպես «կողմ»: 2008 թ. Մարինան եւ ամուսինը` Միքայել Սարդարյանը,  Եկատերինբուրգից տեղափոխվել են Հայաստան` օգնելու այստեղ մնացած այրիացած դստերը` մեծացնել թոռանը: Որոշել են խնայողությունների հաշվին քաղաքի ծայրամասում փոքրիկ խանութ գնել: Դիմել են անշարժ գույքի գործակալ Սերգեյ Ղազարյանին, ով նրանց առաջարկել է Բեգլարյանի խանութը: «Սեփականատերը»  լավ տպավորություն է թողել. ունեցել է մեքենաների վարձակալությամբ եւ ավիատոմսերի վաճառքով զբաղվող օֆիս Պարոնյան փողոցում, եւ ինչպես Մարինան է գրել հայցում` «կրում էր փողկապ, վարում էր «Տուարեգ»»: Ի վերջո,  կողմերը կանգ են առել  48 հազար ԱՄՆ դոլարի վրա: Գնորդները հարցրել են, թե ինչ վիճակում են խանութի փաստաթղթերը: Ըստ Մարինայի` Կարենը եւ բրոքերը հավաստիացրել են, թե ամեն ինչ նորմալ է: Միակ խնդիրը, որ իրենց մոտի փողը քիչ է լինում, ուստի Կարենն առաջարկում է վարկ վերցնել` դրա դիմաց գրավադրելով իրենց Դավիթաշենի բնակարանը, իսկ վարկը ստանալուց հետո խանութը դարձնել Մարինայի ամուսնու` Միքայելի անունով: Մինչեւ վարկի ձեւակերպումը, գնորդները Կարենին տալիս են իրենց մոտ եղած ամբողջ փողը` մոտ 18 հազար դոլար, որի դիմաց Բեգլարյանը տալիս է ստացական: Քանի որ ամուսինների անձնագրերը ռուսական էին, Բեգլարյանն առաջարկում է վարկը ձեւակերպել իր ծանոթ Գեւորգ Փաշոյանի անունով` 18 հազար դոլարի չափով: Վարկը ձեւակերպելու համար Կենտրոնի նոտարական գրասենյակ գնացած ամուսինները, որ հայերեն գրել-կարդալ չգիտեին, պայմանագիր ստորագրելուց հետո զարմանքով տեղեկանում են, որ վարկը ոչ թե 18, այլ 30 հազար դոլարի է: Խորհրդակցելուց հետո ամուսինները որոշում են` ոչինչ, որ վարկը 30 հազար է, քանի որ միեւնույն է, Կարենին պետք է տային այդքան գումար: Փողը ստանալու օրն էլի անակնկալի են գալիս` տեսնելով, որ ՎՏԲ բանկի Ավանի մասնաճյուղի գործակալը Կարենի մեքենան է տարել «ցելոֆանի» տոպրակով փողը, որը եղել է ոչ թե 10 միլիոն դրամ, ինչպես նշված է պայմանագրում, այլ 8 միլիոն 400 հազար: Կարենն ասում է, որ փողը պակաս է, քանի որ տվել է բանկի աշխատակցին` որպես պարգեւատրություն, եւ հավատացնում, որ ինքը հետո կփոխհատուցի: Փողի դիմաց ստացական է տալիս ու խոստաանում մի քանի օրից խանութը ձեւակերպել Մարինայենց անունով: Մի քանի օր անց, սակայն, պարզվում է, որ խանութի փաստաթղթերը կարգին չեն, հետո` որ խանութը պատկանում է Կրասնոսելսկում բնակվող ոմն Դալլաքյանի: Վրդովված ամուսիններին, որոնք պահանջում են իրենց փողը, նախ այսօր-վաղն է անում, ապա ասում, թե ինքը 25 հազար դոլարով դոնորին կվաճառի իր երիկամը եւ փողերը կվերադարձնի: Իսկ իրավապահներով սպառնացող ամուսիններին առաջարկում է դիմել ոչ թե քրեական դատարան, այլ քաղաքացիական. համ էլ ազատության մեջ մնալու ժամանակ փող կաշխատի ու մաս-մաս կվերադարձնի պարտքը:  Սակայն դատաքննության ժամանակ պարզվում  է, որ արդեն անհետացած, հեռախոսն անջատած ու գրասենյակը փակած Բեգլարյանը ոչ մի գույք չունի, որ վերադարձնի: Դրանից հետո Բեգլարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվում   խոշոր չափերի խարդախության հոդվածով, սակայն 1.500.000 միլիոն դրամ գրավ մուծելով`  Բեգլարյանը նախ ազատ է արձակվում  կալանքից, ապա ճանաչվում անպարտ` դատարանի վճռով: Դատարանը ապացուցված է համարում, որ Բեգլարյանն ամուսիններին զգուշացրել է այն մասին, որ խանութը գրանցված է այլ անձի անունով, համոզիչ համարել բրոքերի ցուցմունքը, որ ինքը երբեք Մարինայենց չի ասել, որ Կարենի թղթերը նորմալ են, «ուղղակի համոզված է եղել, որ խանութը նրանն է», «հուզվել է», որ Կարենը ուզեցել է վաճառել իր երիկամը, ինչը չի ստացվել նրա մոտ «հեպատիտ c» հայտնաբերվելու պատճառով: Ներքին համոզմունք է ձեւավորվել, որ Բեգլարյանը տուժողի վստահությունը չարաշահելու եղանակով է հափշտակել գումարը: Ուղղակի «հանգամանքների բերումով» եւ Մարինայենց հրաժարվելու պատճառով նրանցից վերցված  44  հազար դոլարից կարողացել է հետ տալ 2.850 հազար դրամը, իսկ մնացածը գումար ունենալու դեպքում կվերադարձնի: Մեծն «հումանիստ» Բալայանի վճռի եզրափակիչ մասը լի է Եվրոպական դատարանի նախադեպերի նկարագրությամբ եւ մայր օրենքից մեջբերումով, որ ամբաստանյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս