Արցախում էթնիկ զտումեր իրականացրած Ադրբեջանը շարունակում է կեղծ հավաստիացումներ տալ, թե վերադարձի դեպքում պատրաստ է ապահովել արցախահայերի անվտանգությունը:
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպմանը հայտարարել է, թե «Ադրբեջանի կառավարությունը լիովին երաշխավորում է հայ բնակչության անվտանգ ապրելակերպը Ղարաբաղում»:
ArmLur.am-ը այս առիթով զրուցել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:
-Տիկի՛ն Հակոբյան, Ադրբեջանը շարունակում է հավաստիացումներ տալ, թե վերադարձի դեպքում պատրաստ է ապահովել արցախահայերի անվտանգությունը:
Դուք նման նախադրյալներ տեսնու՞մ եք, արժանահավատ համարու՞մ եք ադրբեջանական կողմի այս խոստումները:
-Թշնամին միջազգային բոլոր հարթակներում իբրև խաղաղության մասին հայտարարություններ է անում, որոնք իրականում կեղծ են: Ինչու՞ եմ վստահ ասում, որովհետև նրանք այլ հարթակներում կամ իրենց վերլուծաբանների միջոցով դրա լրիվ հակառակն են ասում, թե հնարավորություն չկա՝ հայերն այլևս այնտեղ ապրեն: Մարդ մորթողը, երեխային սպանողը չի կարող երաշխիք տալ խաղաղ կեցության, չի կարող անվտանգություն ապահովել, մենք սեպտեմբերի 20-ին ականատես ենք եղել՝ թե ի՞նչ կարող է անել ադրբեջանցին, թե ինչպե՞ս է բոլորի աչքերի առաջ սպանում երեխայի, խեղում մահացածի մարմին՝ առանց որևէ անհանգստության, նման թշնամին չի կարող երաշխիք տալ:
-Դուք պարբերաբար հանդիպում եք արցախցիների հետ, նրանք պատրա՞ստ են Ադրբեջանի տված երաշխիքների դեպքում վերադառնալ Արցախ:
-Այն երաշխիքներով, որոնցով ադրբեջանցիներ են տալիս ՝ իրենց հետ կողք կողքի ապրելով, առանց որևէ ինքնավարություն ունենալու, դա բացառվում է: Եվլախում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչև հունվարի 1-ը որևէ խնդիր չի լինի, մարդիկ կարող են որոշել՝ մնում են, թե գնում, բայց մենք տեսանք՝ ինչ եղավ, նրանք մի բան ասում են, մեկ այլ բան անում: Իրենք գործով ապացուցեցին, որ մեկ վայրկյան անգամ չեն կարող հանդուրժել հայի։ Սրանով էր պայմանավորված, որ ցեղասպանության վտանգի ներքո բռնի տեղահանվեցին Արցախում ապրող հայերը:
-Տիկի՛ն Հակոբյան տեսնում ենք, որ ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստան տեղափոխված արցախցիների մեծ մասը լքում են երկիրը, անգամ տարբեր երկրների դեսպանատների դիմաց ակցիաներ են անում, ապաստարան են պահանջում, ո՞րն է սրա պատճառը:
-Մենք շատ ցավալի իրավիճակում ենք հայտնվել, այն զգացողությունը, որ մեր հայրենիքում ենք, կա, գիտակցում ենք, որ մեր հայրենակիցները այստեղից մեզ հետ հավասար հայրենիք ենք կորցրել, բայց կա մի ցավոտ գիտակցություն, որ Հայաստանի իշխանությունները ամենաքիչը երեք տարի բոլոր գործընթացները տարան այնպես, որ հազարավոր զոհեր ունեցանք, մեզանից խլեցին հայրենիք: Այսինքն կա զգացողություն, որ դու քո հայրենիքում ես, բայց քեզ ատող իշխանությունների ենթակայության տակ ես, դա դառնում է անհամատեղելի, մարդիկ վախենում են նաև, որ այստեղ հետապնդումների կարժանան, և իշխանություններն են նման ջրբաժան գծել, դրա համար էլ արցախցիները վախենում են, որ իրենց երեխաները չեն կարող արժանապատիվ այստեղ ապրել:
Քրիստինա Մուշեղյան