ԽՆԴԻՐԸ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված   երեխաները Երեւանի մանկապարտեզներում տեղավորվելու խնդիր ունեն, սակայն մինչեւ իրավիճակի նման փոփոխությունը մայրաքաղաքի 162 մանկապարտեզներում արդեն իսկ կան   հերթում սպասող 8300 երեխաներ:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված   երեխաներին մանկապարտեզներում տեղավորելու խնդիրներին՝  այս մասին նշեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Ելենա Հարությունյանը՝ ընդգծելով, որ խնդիրը հիմնականում վերաբերվում է կրտսեր առաջին տարիքային խմբերին, այսինքն՝ երկու տարեկան երեխաներին:

«Երեւանում իսկապես այս տարիքային խմբում ունենք խնդիր,  քանի որ մեր մանկապարտեզներից միայն 70-ի մոտ է ձեւավորված կրտսեր առաջին տարիքային խմբեր, եւ, ի տարբերություն ավելի բարձր տարիքային խմբերի, որտեղ կարող են ընդգրկվել  30  երեխաներ, կրտսեր առաջինում, ըստ նորմատիվների, խմբում կարող է ընդգրկվել 20 երեխա: Սա է հիմնական  խնդիրը, որ մենք չենք կարողանում աջակցել 2 տարեկան երեխաներին մանկապարտեզ ներգրավելու գործում: Նաեւ նշեմ, որ 162 մանկապարտեզներից  20-ն  այս պահին չեն գործում, որովհետեւ վերանորոգման փուլում են գտնվում: Դրանցից  10-ի շինարարության ավարտը պլանավորվում է այս տարի, որը նույնպես նոր հնարավորություններ կստեղծի»,- նշեց Ելենա Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ ինտենսիվ աշխատում են կրթության գերատեսչության հետ ավելի մատչելի ու հասանելի դարձնելու նախադպրոցական կրթությունը, եւ բոլոր դեպքերում առաջնահերթություն տրվելու է  այն ընտանիքներին, որոնք բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից: Սակայն այս պահին քննարկում են, որպեսզի աշխատանքներն իրականացվեն այնպես, որ ոչ մի քաղաքացու իրավունք չխախտվի:

«Պետք է նշեմ, որ այս պահին մանկապարտեզների մյուս տարիքային խմբերում արդեն հաճախում  են  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շուրջ 500 երեխաներ»,- հավելեց Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Խնդրի մասին բարձրաձայնած «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Մարիամ Աբրահամյանը նշեց, որ սեփական երեխաների փորձով հարցին բախվելուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որին արձագանքել են  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  մանկահասակ երեխաներ ունեցող մայրիկներ: Ըստ նրա՝ շուրջ  90 տոկոսը բախվել է այդ խնդրին եւ չի կարողացել տեղավորել երեխային:

«Այս հարցը պետք է հնարավորինս շուտ լուծում գտնի, քանի որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առավել քան շուտ անհրաժեշտ է աշխատել, իսկ երեխաներին՝ առավել քան արագ  ինտեգրվել՝ հաշվի առնելով հոգեբանական ծանր ապրումները, որոնց միջով իրենք անցել են»,-ասաց Մարիամ Աբրահամյանը:

Մասնավոր մանկապարտեզների ասոցիացիայի նախագահ Նելլի Խաչատրյանն էլ ընդգծեց, որ իրենց ասոցիացիայում ընդգրկված մանկապարտեզներում այս պահին հաճախում են արդեն իսկ 85 երեխաներ, որոնցից 90 տոկոսը՝ անվճար հիմունքներով, 10-ը՝ բավականին մեծ զեղչերով:

«Չեմ ուզում՝ սա դիտվի խտրականություն, քանի որ մինչեւ այս իրավիճակի ստեղծումը, ինչպես նշեց տիկին Հարությունյանը,  8300 երեխա կա արդեն հերթում, եւ դա նշանակում է, որ 8000 մայրիկ նույնպես սպասում է, որպեսզի իր երեխան օգտվի կրթության իրավունքից: Մենք փորձում ենք եւ կշարունակենք հնարավորինս շատ օգնել, բայց մեր հնարավորությունները, կոնկրետ՝ մասնավոր մանկապարտեզների, անսահմանափակ չեն»,- նշեց Մասնավոր մանկապարտեզների ասոցիացիայի նախագահը:

 

 

 

ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼԸ՝ ՄԵՂՔ

2018 թվականին այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ԿԳՄՍ նախկին նախարար Արմեն Աշոտյանի երեխաները սովորում են մասնավոր դպրոցում, որը պատվաբեր չէ այս ոլորտի  նախարարի համար։

Վերջերս էլ Հայաստանում կրթական համակարգը եւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը  հայտնվել են քննարկումների էպիկենտրոնում։  Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նա կարծում է, որ իր երեխաների կրթության իրավունքը, անձնական որոշումների իրավունքը ոչ ոք չի կարող վիճարկել։

Անդրեասյանն այս հայտարարությունն արեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ դստեր՝ Գերմանիայում սովորելու մասին։ Ստացվում է այնպես, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի կողմից ընդունված եւ տապալված նոր չափորոշիչներն այնքան գոհացնող չեն, որ սեփական երեխային այդ համակարգում չի տեղավորում։

Նախկինում Արայիկ Հարությունյանը մեղադրում էր Արմեն Աշոտյանին, որ նրա երեխաները սովորում են «Այբ» կրթական համալիրում, որն էլ համարվում է մասնավոր դպրոց։

Իշխանականները նաեւ նույն պատճառով մեղադրում էին Մանե Թանդիլյանին իր որդիներին արտասահմանում սովորելու ուղարկելու համար։

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Արմեն Աշոտյանի եւ Մանե Թանդիլյանի երեխաների՝ արտասահմանում սովորելը մեղք է, իսկ Ժաննա Անդրեասյանի երեխաների դեպքում դա նրանց իրավունքն է։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՄՏԱԴԻՐ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ

ԱՊՀ երկրների ներկայացուցիչները հայտնել են իրենց հանձնառությունը սերտ համագործակցությանը՝ ապահովելու պարենային անվտանգություն միավորման տարածքում։ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է պարենային անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով Աստանայում անցկացված ԱՊՀ նախարարական խորհրդաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեում։

«Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ստորագրվել է կոմյունիկե, որտեղ կողմերը հաստատել են սերտ փոխգործակցությանը եւ համագործակցությանը իրենց հանձնառությունը՝ ԱՊՀ երկրներում պարենային անվտանգության ապահովման համար», – ՏԱՍՍ գործակալությունը մեջբերում է Ղազախստանի գյուղատնտեսության փոխնախարար Էրբոլ Տասժուրեկովի խոսքերը։

Ըստ փոխնախարարի՝ ԱՊՀ գործադիր կոմիտեին կից նաեւ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որի շրջանակներում կիրականացվի պարենային անվտանգության հետ կապված հարցերի լուծման աշխատանքը։

«Խորհրդաժողովի ընթացքում մենք քննարկեցինք խնդրահարույց հարցեր եւ հրատապ մարտահրավերներ: Դրանց թվում են փորձի, տեխնոլոգիաների փոխանակումը, համատեղ նախագծերի ստեղծումը եւ համատեղ ելքն արտաքին շուկաներ», – նշել է Տասժուրեկովը:

 

 

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է

Երեւանի բնակիչ, 1973թ. ծնված Մանվել Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014թ. մայիսի 23-ին մինչեւ 2016թ. մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով  ՀՀ ֆինանսների  նախարարության Գուգարքի տարածաշրջանային  մաքսատան Բագրատաշենի մաքսային բաժանմունքի պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի  գործառույթներով օժտված, պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին  հակառակ օգտագերծելով, դիտավորությամբ խոչընդոտել է «Կապիտալ Ինվեստ» ՍՊԸ-ի կողմից ՌԴ Վոլգրոգրադ քաղաքում ձեռք բերված եւ 2015թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ  փոխադրված դիզելային վառելիքի հերթական խմբաքանակի մաքսային ձեւակերպմանը, որի հետեւանքով պետության օրինական շահերին  պատճառվել է  էական վնաս, իսկ «Կապիտալ Ինվեստ» ՍՊԸ-ին՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնող գույքային վնաս։ Մ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ 2023թ. սեպտեմբերի 14-ին  Բերդ քաղաքում  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի  դատավոր Սամվել Մարդանյանը վճռել է Մանվել Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308  հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով՝ նրան զրկելով ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայությունում 3 տարի ժամկետով  պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, կիրառել  2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած   «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի  եւ Հայաստանի առաջին  հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում  հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ Մանվել Հովհաննիսյանին ազատել ազատազրկման ձեւով նշանակված պատժի կրումից, Մ. Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը վերացնել, տուժող «Կապիտալ Ինվեստ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը  բավարարել ամբողջությամբ, Մ. Հովհաննիսյանից հօգուտ  «Կապիտալ Ինվեստ» ՍՊԸ-ի բռնագանձել 8 միլիոն 352 հազար ՀՀ դրամ՝ որպես հանցագործության հետեւանքով անմիջականորեն պատճառված վնասի գումար, Մ. Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Երեւան քաղաքի Ավան-Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի 3-րդ շենքի թիվ 19 հասցեում գտնվող ավտոտնակի վրա դրված կալանքը թողնել անփոփոխ մինչեւ սույն դատավճռով քաղաքացիական հայցի կատարումը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս