1975 թվականի հուլիսի 17-ին տիեզերքում միացել էին խորհրդային «Սոյուզ–19» և ամերիկյան «Ապոլլո» տիեզերանավերը, որոնք դրանից երկու օր առաջ թռել էին համապատասխանաբար Բայկոնուրից և Քանավերալ թերակղզուց։
Դա տեխնիկապես բարդ խնդիր էր, որին կողմերը պատրաստվել էին մոտ երեք տարի։ Դա նաև երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքի դրսևորում էր՝ հակադիր ճամբարների միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ արված մի քայլ։
Տիեզերքում այդ ձեռքսեղմմանը հավասարազոր իրադարձություն են համարվում խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի միջև հանդիպումները։
Համենայնդեպս, այդպես են նման հանդիպումները ներկայացնում թե իշխանական ուժերը (տագնապով, մաղձով), թե «ոչ իշխանականները» (ձև անելով, որ այդ հանդիպումները «վերջ կտան Սերժ Սարգսյանի ռեժիմին»)։
Թե որքանով են այդ պահանջները կյանքի կոչվելու՝ որոշվում է ոչ թե հանդիպումների ժամանակ, այլ հասարակական ճնշմամբ։ Արդյոք անձերի փոփոխությունը կբերի՞ ռեժիմի փոփոխության։ Իհարկե՝ ոչ։ Որովհետև «ռեժիմը», ինչպես արդարացիորեն նշել է մեր քաղաքագետներից մեկը, ոչ ոստիկանական մահակների մեջ է, ոչ էլ արտասահմանյան օժանդակության մեջ, այլ մեր բնակիչների ուղեղներում է և պայմանավորված է պատմական հանգամանքներով։ Եթե փոխվի մեր մտածելակերպը, ապա մնացածը տեխնիկայի հարց է։ Բայց եթե իշխանությունն իսկապես անհանգստացած է պատգամավորների շփումներով, ապա միակ ելքը Ազգային ժողովը փակելն է։ Այդ պարագայում «ոչ իշխանական ուժերը» իրար հետ են զրուցելու սքայփով: