ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԸ ԼՔԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղից ավելի քան 10 000 բռնի տեղահանվածներ հեռացել են Հայաստանից. այս մասին APRI Armenia վերլուծական կենտրոնի «Առաջընթաց անորոշության պայմաններում» համաժողովում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

 

Նա կարեւորեց տեղահանվածների՝ Հայաստանում որոշակիություն տեսնելը։ «Շատերը կարող են հեռանալ Հայաստանից, բայց շատերը կարող են մնալ, եւ դրա համար պետք է պայմաններ ստեղծվեն։ Կարեւորը հասկանալն է, որ խնդիրը քաղաքական է, ոչ թե մարդասիրական։ Մենք պետք է նայենք պատճառներին, այլ ոչ թե հետեւանքներին»:

Նա կարծում է, որ պատասխանատվության իրենց բաժինը կրում են եւ՛ Հայաստանի իշխանությունները, եւ՛ միջազգային կազմակերպությունները։ Բեգլարյանը դժգոհեց ՀՀ կառավարությունում ռազմավարական նպատակի բացակայությունից:

«Նրանք ընտրեցին ձուլման ճանապարհը, եւ ես կցանկանայի տեսնել մարդկանց վերադարձը հայրենիք գոնե բարձր ինքնավարության մակարդակով՝ միջազգային երաշխիքով։

Ռուս խաղաղապահներն ու միջազգային կազմակերպությունները ձախողել են իրենց առաքելությունը: Այժմ հայերի Արցախ վերադարձի համար իդեալականորեն անհրաժեշտ է ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայումը։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները պետք է ապառազմականացվեն»,- նշեց նա։

Բեգլարյանի խոսքով՝ այս ճգնաժամը հակահայկական քաղաքականության վրա հիմնված Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության արդյունք է։ Բեգլարյանը նշեց, որ կարիքների գնահատումը վաղուց պետք է արվեր, սակայն հույս ունի, որ 2 ամսվա ընթացքում այդ աշխատանքները կավարտվեն։

«Հայաստանի իշխանությունները կենտրոնացած են միայն անձնական կարիքները լուծելու վրա, սակայն խնդրին պետք է մոտենալ Արցախի ժողովրդի շահերի, արցախցիների հավաքական իրավունքների տեսանկյունից»,- հավելեց Բեգլարյանը։ Նա մատնանշեց տեղահանվածներին փախստականի կարգավիճակ տրամադրելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք կարողանան այդ հիմքով պետական աջակցություն ստանալ:

«Այս մեկ ամսվա ընթացքում ՀՀ իշխանությունները հայտարարություններ արեցին ֆինանսական աջակցության մասին, սակայն մարդիկ ստացել են ընդամենը 100 հազար դրամ, թեեւ կան բազմաթիվ կարիքներ, որոնք բավարարելու համար ավելի շատ միջոցներ են պահանջում։ Խնդիրը նաեւ այն է, որ որոշումները կայացվում են առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների տեսակետները հաշվի առնելու»,- եզրափակեց նախկին պաշտոնյան։

Հավելենք, որ կառավարության այսօրվա նիստում կընդունվի համապատասխան որոշում, որով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին եւ եղբայրներին կտրվի Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ: Այս մասին երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս որոշման նախագիծը մենք բազմիցս քննարկել ենք ամենալայն ֆորմատներով, եւ մեզ համար կարեւոր է եղել հանգել այն որոշմանը, որը առավելագույն հնարավորությունը կտա ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների բոլոր իրավունքները պաշտպանելուն:

Այս որոշման էությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների փախստական լինելու հանգամանքը արձանագրելն է, որպեսզի նաեւ եւ՛ տեղական առումով, եւ՛ միջազգային առումով նրանց պաշտպանելու իրավունքները ավելի ընդլայնվեն»,- ասել է նա: Ըստ վարչապետի՝ որոշումն ընդունելուց հետո ԼՂ-ից տեղահանվածները նաեւ հնարավորություն կունենան դիմելու Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար:

 

 

 

ԴԱՍԱԳԻՐՔ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

Սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո շուրջ 100 հազար եւ ավելի մարդ բռնի տեղահանվեց Հայաստան, նրանցից շուրջ 30 հազարը երեխաներ են։ Բռնի տեղահանումից հետո գրեթե բոլոր նախարարությունները լծվեցին նրանց աջակցելու գործին, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարությունը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում էր, որ նախարարությունը պատրաստ է նրանց տրամադրել նոր դասագրքեր եւ գրենական պիտույքներ։

«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 11-ին  հարցումով դիմել էր ԿԳՄՍ նախարարությանը՝ հասկանալու համար, թե ինչ փուլում է դասագրքերի տպագրությունը, որտեղից մեզ պատասխանել  էին. «Տեղեկացնում ենք, որ 5-րդ եւ 7-րդ դասարանների դասագրքերը տպագրվել եւ բաշխվել են հանրակրթական ուսումնական հաստատություններին, իսկ 2-րդ դասարանի դասագրքերի տպագրությունն ամբողջությամբ ավարտվել է. բաշխման գործընթացը շուտով կավարտվի: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներից շուրջ 14000-ը արդեն ընդգրկվել են ուսումնական հաստատություններում: Գույքագրման փուլում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների դասագրքերի պահանջը, որից հետո սահմանված կարգով դպրոցականները կապահովվեն դասագրքերով»։

Բռնի տեղահանումից անցել է գրեթե մեկ ամիս, հարցման պատասխան ստանալուց անցել է գրեթե 10 օր, սակայն մինչեւ հիմա Արցախից բռնի տեղահանված աշակերտները  դասագիրք չունեն, նրանք այն փնտրում են աջակցման խմբերում, խնդրում նվիրել դասագրքեր։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՍԵԶՈՆԱՅԻՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄՆԵՐ

Հայաստանում գրիպի եւ կորոնավիրուսի սեզոնային ակտիվացում է նկատվում, սակայն հոսպիտալացումների թվի կտրուկ աճ այս պահին չի գրանցվել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք նկատում ենք, որ գարնան եւ աշնան ամիսներին կորոնավիրուսը, նաեւ գրիպը նույն վարքագիծն են դրսեւորում, եւ այս պահին սեզոնային ակտիվացում է»,- ասաց Ավանեսյանը: Գրիպի դեմ պատվաստանյութերի պաշարները համալրվել են, պակաս չկա: Նախարարը հորդորեց քաղաքացիներին օր առաջ պատվաստվել գրիպի դեմ: «Այս ընթացքն ամենաճիշտ շրջանն է՝ պատվաստվելու եւ պաշտպանված լինելու»,- նշեց նա: Նախարարի խոսքով՝ գրիպի դեմ պատվաստանյութերն ամեն տարի են մշակվում՝ համապատասխանեցնելով տվյալ տարում շրջանառվող ամենավտանգավոր շտամերին: Պատվաստանյութը եվրոպական արտադրության է, գործում է գրիպի 4 տեսակի շտամերի դեմ: Այս պահին կորոնավիրուսի շրջանառվող շտամերի փոփոխություն չի նկատվում: «Օմիկրոն շտամն է՝ իր տարբեր ենթաշտամերով: Ախտանշանները բավականին նման են գրիպին՝ քթարտադրություն, կոկորդի ցավ, հազ, գլխացավեր: Եվ դժվար է տարբերակել՝ գրիպ է, թե կորոնավիրուս, եթե չի արվում թեստավորում»,- ասաց նախարարը:

Այս պահին հոսպիտալացումների կտրուկ աճ չկա: Մոնիթորինգ արվում է: Եթե նախարարությունը նկատի բարձր ակտիվացում, կտեղեկացնի:

 

 

 

 

ԿՈՎԵՐՆ ՈՒ ՁԻԵՐԸ՝ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Դիլիջան-Իջեւան հատվածում՝ Դիլիջան համայնքի տարածքում, կովերի նախիրները, ձիերի երամակները  անարգել մտնում են ճանապարհի երթեւեկելի գոտի, ստեղծում վթարային իրավիճակներ։ Միջպետական ճանապարհին  թափառող անասունների պատճառով  տարիների ընթացքում տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային շատ պատահարներ։ Հոկտեմբերի 24-ին եւ 25-ին անցել ենք այդ  ճանապարհով,  երկու օրերին էլ    Դիլիջան քաղաքի հարավային ծայրին տեսել ենք ճանապարհին  թափառող կովեր։ Նմանապես կովերի նախիրներ ենք տեսել Դիլիջան համայնքի Հովք գյուղի հատվածում։ Այս տարվա օգոստոսին միջպետական ճանապարհին թափառող կովերի նախիրների, ձիերի երամակների, Դիլիջան քաղաքում թափառող, անտեր շների վերաբերյալ  տեղեկատվական հարցում ենք ուղարկել Դիլիջան  համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին:  Համայնքի  ղեկավարի պատասխանում նշված է. «Համայնքապետարանի կողմից ամենօրյա ռեժիմով կազմակերպվում են վերահսկման եւ կանխարգելման աշխատանքներ հնարավորինս արգելելու կովերի եւ ձիերի մուտքը բանուկ, երթեւեկելի տարածքներ, իսկ թափառող շների համար իրականցվում են ստերջացման աշխատանքներ, որը կրելու է շարունակական բնույթ»։  Համայնքապետարանն ինչպե՞ս է ամենօրյա ռեժիմով իրականացնում  երթեւեկելի տարածքներ կովերի ու ձիերի մուտքերը  կանխելու վերահսկման ու կանխարգելման աշխատանքներ, եթե արդյունքում Դիլիջան քաղաքում եւ Դիլիջան-Հովք հատվածում  թափառող կովերի ու ձիերի քանակը չի նվազում։

 

 

 

ՉԵՆ ՆՈՐՈԳՈՒՄ

Իջեւան-Բերդ միջպետական ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածի մի մասը ձգվում է ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց, ադրբեջանական գնդակոծություններից այդտեղ նախկինում զոհեր եւ վիրավորներ են եղել: Այդ սահմանամերձ, վտանգավոր ճանապարհով երթեւեկը դիմացի բարձունքներում ամրացած ադրբեջանական զինուժից պաշտպանելու համար կառուցվել է Վազաշեն-Պառավաքար  շրջանցիկ, ոլորապտույտ ավտոճանապարհը, որի սկզբանամասում գաբիոններով կառուցվել է անվտանգության մեծ, երկար պատ։ Այդ պատը նախատեսված է շրջանցիկ ավտոճանապարհի սկզբնամասի հակառակորդի կողմից դիտարկվող հատվածը   ադրբեջանական գնդակոծություններից պաշտպանելու համար։ Տարիներ շարունակ այդ անվտանգության պատի մեծ հատվածը  քանդված է։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում ենք ուղարկել, թե երբ է վերականգնվելու այդ պատը։ Մարզպետի պատասխանում  գրված է. «Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհի գաբյոնե հենապատի եւ երթեւեկամասի վերականգնումը ընդգրկված է  Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրում, որը նախատեսված է իրականացնել 2023թ.-ին»: Հոկտեմբերն ավարտվում է, սակայն ո՛չ Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի հիմնանորոգումն է  սկսվել, ո՛չ էլ անվտանգության պատի նորոգումը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս