ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ թեեւ Հայկ Մարությանը վերցրել է ավագանու անդամի մանդատը, բայց չգիտի՝ երբ կմասնակցի նիստերին:

 

Հիշեցնենք, որ երեկ ավագանու արտահերթ նիստին թեեւ «Ազգային առաջընթաց»-ը ներկա էր, բայց քաղաքապետի նրանց թեկնածուն՝ Հայկ Մարությանը, չէր եկել:

-Հայկ Մարությանի հասցեին մեղադրանքներ շատ են հնչում, որ նա  այնպես արեց, որ ընդդիմադիրներին չհաջողվի համաձայնության գալ իր թեկնածության շուրջ, եւ արդյունքում իշխանության թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, ընտրվեց քաղաքապետ: Մյուս խմբակցությունները ասում էին, որ հենց Մարությանը կողմնորոշված չէր, եւ փոխհամաձայնությունը տապալվեց:

-Ինձ համար անընդունելի է այն մոտեցումը, թե Հայկ Մարությանը ինչ արեց, քանի որ սա խմբակցության որոշում էր: Նաեւ նախկին որոշումները, որոնք Հայկ Մարությանը հայտարարել է, եղել է ամբողջ խմբակցության որոշումը, եւ բոլորս քվեարկությամբ ընդունել ենք այդ որոշումը: Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ հարցին, որ մենք  տվել ենք հնարավոր երկու տարբերակ՝ գնալ նոր ընտրությունների կամ ընտրել ընդդիմության միասնական թեկնածուի:

Երկու տարբերակն էլ, տեսնում ենք, որ ձախողվել են, ուստի չեմ կարծում, որ որեւէ առումով կարելի է ասել, որ Հայկ Մարությանը չի փորձել, հակառակը՝ նա երկու ձեւով էլ փորձել է:

-Ակնհայտ է, որ ձախողվել է, բայց նույն «Հանրային ձայն»-ն ասում է, որ իրենք Մարությանին հրավիրել են հանդիպման, բայց նա որեւէ կերպ չի համաձայնել եւ ասում էր, որ կա՛մ իր օգտին պետք է գան եւ քվեարկեն, կա՛մ գնան արտահերթ ընտրությունների ճանապարհով: Այսինքն՝ նրանց մեկնաբանությամբ՝ Հայկ Մարությանն էր փակուղի ստեղծողը:

-Ես արդեն պատասխանեցի այդ հարցին: Կարծում եմ՝ ինչ եղել է, եղել է հանրության աչքի առջեւ: Առաջարկը եղել է, ընդ որում՝ ոչ օրինական, այսինքն՝  կլիներ ապօրինի ինչ-որ խոստում տալը, եւ չեմ կարծում, որ դա առաջարկ էր, որը կարելի էր քննարկել այդ առումով: Փոխարենը առաջարկվել էր հենց նույն վերահսկողության միջոցով շատ ավելի լեգիտիմ տարբերակ՝ ավելի լայն լիազորություններով, այն է՝ օրինակ՝ քննիչ հանձնաժողով ձեւավորելը:

-Տիկի՛ն Աբգարյան, հաշվի առնելով, որ Հայկ Մարությանը նիստին ներկա չէր՝ հնարավո՞ր է, որ մանդատը վայր դնելու որոշում կայացնի:

-Հայկ Մարությանը նման մտադրություն չունի եւ մեզ հետ աշխատանքային քննարկումների մեջ է՝ կապված՝ Երեւանի տարբեր հարցերում ինչպես է աշխատելու մեր ֆրակցիան:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆԸ՝ ՇՎԵԴԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հանդիպեցինք Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Ն.Գ. պարոն Պատրիկ Սվենսոնին եւ զարգացման համագործակցության հարցերով ղեկավար, փոխդեսպան Կլաս Վալդենստրյոմին:

 

Շարունակում ենք արցախցի իմ գործընկերներ Լուսինե Ղարախանյանի, Ազատուհի Սիմոնյանի հետ միջազգային իմ գործընկերների հետ հանդիպումների շարքը, որի ընթացքում հիմնականում քննարկում ենք հարցերի երկու շրջանակ՝

  1. արցախահայերի հումանիտար խնդիրներ,
  2. Արցախի Հանրապետությանն ու ժողովրդի ապագային առնչվող հարցեր:

Պարոն դեսպանին ներկայացրինք իրավիճակն Արցախում, որտեղ հազիվ 4 տասնյակ քաղաքացիներ են ապրում, որոնք հիմնականում հիվանդներ են կամ ծերեր եւ Հայաստան գալու հնարավորություն չունեն:

Հանդիպմանը բարձրացրինք արցախցիների ունեցվածքի եւ պատմամշակութային ժառանգության հարցերը՝ դեսպանից խնդրելով աջակցել՝ պահպանելու կրոնական կոթողները, համաշխարհային ժառանգության մասնիկները եւ հայերի տներն ու գերեզմանները:

Ընդգծեցի հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառության հարցի լուծման հրատապությունը՝ խնդրելով ջանքեր գործադրել նրանց վերադարձի ուղղությամբ:

Ինչ վերաբերում է Արցախի ապագային, նշեցի, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը պետք է ճանաչվի Կոսովոյի անկախության օրինակով, որը հնարավորություն կտա մեր հայրենակիցներին վերադառնալ իրենց հայրենիք միջազգային ամուր երաշխիքների պայմաններում:

Քննարկեցինք նաեւ արցախցիների հումանիտար խնդիրները, դրանց երկարաժամկետ լուծման ուղիները:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար, Արցախի նախագահի՝ կրթության հարցերով խորհրդական Լուսինե Ղարախանյանը, Արցախի Հանրապետության նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական, «ԳՈՅ» մարդասիրական հիմնադրամի խորհրդի նախագահ Ազատուհի Սիմոնյանն ու ես շնորհակալություն հայտնեցինք Շվեդիային՝ տարբեր ծրագրերի շրջանակներում հումանիտար աջակցության համար, որոնք Շվեդիայի Թագավորությունը տրամադրել է Հայաստանի Հանրապետությանը եւ արցախահայերին՝ իր գործընկերների եւ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով։

«Շվեդիան սատարում է Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդավարական ձգտումներին եւ բարեփոխումներին։ Հայաստանին առնչվող հարցերը Եվրոպական Միության ուշադրության առանցքում են»,- իր խոսքում նշեց Ն.Գ. պարոն Սվենսոնը:

 

 

 

«ՎԱՅԼԴԲԵՐԻԶ»-Ը՝ ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՐԹԱԿ

«Վայլդբերիզ» օնլայն խանութն արագորեն կարողացավ հաջողություններ գրանցել Հայաստանում, եւ այս հարթակից օգտվողների թիվն իսկապես մեծ է: Նաեւ դա է պատճառը, որ 2023 թվականի առաջին ինը ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկում այն զբաղեցրել է 13-րդ տեղը՝ վճարելով 12 մլրդ 507 հազար դրամ: Որպես համեմատություն՝ նշենք, որ, առաջիկա վեց ամիսների տվյալներով, այս ընկերությունը 20-րդ հորիզոնականում է՝ 2 մլրդ 107 մլն դրամ հարկով: Համեմատության համար նշենք, որ «Գլոբբինգ» միջազգային օնլայն գնումների հարթակը գտնվում է թարմացված աղյուսակի 527-րդ հորիզոնականում՝ 467 մլն դրամ վճարած հարկով, իսկ առաջին վեց ամսվա տվյալներով՝ այս ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցուցակում առհասարակ չկար: «Օնէքս» արագ առաքման ծառայությունն էլ, այս տարվա ինը ամիսների տվյալներով, գտնվում է 813-րդ հորիզոնականում՝ 307 մլն դրամ վճարած հարկով, իսկ վեց ամսվա տվյալներով՝ կրկին 1000 խոշոր հարկատուների ցանկում չի եղել: Այս թվերից կարող ենք եզրակացնել, որ վերջին երեք ամիսներին առավել շեշտակի է ավելացել օնլայն պատվեր իրականացնողների քանակը: Դա առաջին հերթին կարող է պայմանավորված լինել նոր ուսումնական տարվա մեկնարկով: Հենց օնլայն պատվերների թվի ավելացումն է պատճառ դարձել, որ այս ընկերություններն ավելի շատ հարկեր վճարեն, բարելավեն իրենց դիրքերը ու հայտնվեն 1000 խոշոր հարկատուների ցանկում:

 

 

 

ՏՀԱՃ ՄԻՋԱԴԵՊ

Հոկտեմբերի 19-ին ուշագրավ դեպք է եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այդ օրը, երբ թանգարան-ինստիտուտ է գնացել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասի ուղեկցությամբ, պատվիրակության հետ է եղել նաեւ Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ տհաճ միջադեպ է արձանագրվել: ԱԳՆ արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը, ըստ մեր աղբյուրների,  Լիտվայի Հանրապետության վարչապետի ներկայությամբ միջամտել է թանգարանի տնօրենի խոսքին, ընդհատել է մի քանի անգամ, ներկայացրել թանգարանի գործունեությունը, մանրամասները: Նրանց չի զսպել անգամ Լիտվայի վարչապետի ներկայությունը, քանի որ լեզվակռիվ է սկսվել, կողմերը միմյանց վիրավորել են, նույնիսկ կա պնդում, թե նաեւ քաշքշուկ է եղել: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փխանցում են, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը մի կոշտ նամակ է ուղարկել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին եւ խնդրել կարգի հրավիրել Գագիկ Վանոյանին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կատարվածի շուրջ զրուցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ, սակայն նա համառորեն չպատասխանեց մեր զանգերին: Դիմեցինք արտաքին գործերի նախարարի խոսնակ Անի Բադալյանին՝ հասկանալու համար՝ արդյոք նամակ ստացել են թանգարանից եւ ինչ բովանդակության: ԱԳՆ-ից խոստացել են պատասխանել մեր հարցադրումներին։

 

 




Լրահոս