ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի լուծարումից եւ այնտեղից բնակիչների բռնի տեղահանումից հետո արցախցիների կեսից ավելին անտանիք եւ ձեռնունայն մնացին։ Խոսքն այդ թվում նաեւ Արցախի կառավարական համակարգում աշխատող պաշտոնյաների մասին է։

 

«Ժողովուրդ» օրաթերթը խոսել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբանի հետ։ Նա մեզ հետ զրույցում հայտնել է, թե Հայաստանում ինչպես է պատրաստվում աշխատանքի տեղավորվել։

Անդրադարձել ենք նաեւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի այն հայտարարությանը, որ Արցախը լուծարելու մասին նա որեւէ փաստաթուղթ չի ստորագրել։

-Պատգամավորների գերակշիռ մասը չի հրաժարվի իր առաքելությունից. դա ես կարող եմ փաստել: Կոնկրետ իմ ու մեր քաղաքական ուժի մասով կարող եմ ասել, որ մենք այս փուլում գտնում ենք, որ ամենակարեւոր գործունեությունը, որ պիտի ծավալենք, արցախցիներին հավաքագրելն է:

Ես եղել եմ համայնքներում, որտեղ իրենց աջակցությունն էին մարդիկ ցույց տալիս՝ այս առումով հասկանալով, որ իրենց բեռը ինչ-որ չափով կթեթեւանա, եւ կային համայնքներ, որտեղ միայն սրերով ընդունեցին: Այդ առումով կարող եմ ասել, որ բարդագույն աշխատանքներ են սպասվում, որովհետեւ մենք մտածում ենք՝ ժողովուրդը ծանր վիճակում է: Այս փուլում մենք փորձում ենք հավաքագրել մեր հայրենակիցներին, ինչ-որ վիրտուալ հարթակի տակ ունենալ ընդհանուր տեղեկություններ, առանձնացնել խոցելի խմբերը: Այն մարդիկ, որոնք պատրաստ են այսօր լուռումունջ աջակցել արցախցի ընտանիքներին, փորձում ենք նրանց եւս հավաքագրել, որպեսզի կարողանանք ոտքի կանգնել բոլորս: Այսինքն՝ մենք այն փուլում ենք, որ պետք է կարողանանք հնարավորինս արագ կապիտալի հավաքագրում անել՝ որեւէ տարբերություն չդնելով Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցների միջեւ, հասկանալով, որ այսօր Արցախից մնացած կարեւոր կապիտալը  ժողովուրդն է, եւ չպետք է թույլ տալ, որ իրենք կորեն կամ հայտնվեն ծանրագույն իրավիճակում կամ լքեն Հայաստանը:

-Տիկի՛ն Հակոբյան, ըստ մեր տեղեկությունների՝ այս պահին պատգամավորները որեւէ ֆինանսական աղբյուր, եկամուտ չունեն, չեն աշխատում: Ի՞նչ եք անում այս պահին ֆինանսապես Ձեզ ապահովելու համար:

-Գիտեք, մինչ պատգամավոր դառնալը բոլորը, բնականաբար, իրենց մասնագիտությամբ աշխատել են, եւ ես գիտեմ մարդկանց, որոնք իրենց մասնագիտությամբ են աշխատում:

-Ովքե՞ր կոնկրետ:

-Եկե՛ք անուններ չտամ:

Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

 

 

 

 

Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՉԱԽՈՅԱՆԻՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է. «Օրերս խորհրդարանում ընդունել եմ հասարակական ակտիվ գործունեություն ծավալող Արթուր Չախոյանին, որը շարունակում է իր պայքարը կոռուպցիայի դեմ՝ բացահայտելով Երեւանի քաղաքապետարանի գործունեության բացերը։

 

Ի պատասխան իր ակտիվ բացահայտումներին՝ նա թիրախավորվել է գործող իշխանության կողմից եւ ենթարկվել հստակ հրահանգով կատարված հետապնդումների ու հարձակումների։ Այդ են վկայում դեպքի առթիվ կատարված բազմաթիվ հրապարակումները։

Ա. Չախոյանի հետ զրուցել ենք իր գործունեությամբ բացահայտումների շարունակականության խիստ անհրաժեշտության մասին, որն իր խթանը կարող է բերել հետագայում քաղաքային բյուջեի խնայման գործում:

Պատրաստակամություն եմ հայտնել հնարավոր բոլոր տարբերակներով աջակցել նրան՝ թույլ չտալու իր խոսքի ազատության իրավունքի խաթարումը: Միջազգային իմ գործընկերների հետ հանդիպումներում շարունակելու եմ բարձրաձայնել նաեւ Արթուր Չախոյանի իրավունքների պաշտպանության խնդիրը։ Կարծում եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն եւ ՀՀ դատախազությունը պետք է խորը եւ օբյեկտիվ ուսումնասիրության ենթարկեն գործը՝ Ա. Չախոյանին ճանաչելով որպես տուժող կողմ՝ մեղադրանք ներկայացնելու փոխարեն։

Պաշտոնական հաղորդագրությունն առ այն, որ Ա. Չախոյանի նկատմամբ անհայտ անձինք փորձել են հաշվեհարդար տեսնել ադրբեջանական աղբյուրներին ինչ-որ տեղեկություններ տրամադրելու մտացածին պատճաբանությամբ, վկայում է պետական ինստիտուտների անգործության եւ ինքնադատաստանի ինստիտուտի գոյության մասին։

Սա միանշանակորեն դատապարտելի է եւ նշանակում է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը եւ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ահռելի աշխատանք ունեն գործը արդար քննության ենթարկելու հարցում, որին անձամբ շարունակելու եմ ուշադրությամբ հետեւել»։

 

 

 

 

ՀՆԴԿԱՍՏԱՆՆ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԸ

The Economic Times-ը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարվում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ռազմական ոլորտում համագործակցության մասին հարցին։ Նշվում է, թե Հնդկաստանը մտածում է  Հայաստանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու մասին։

Նոր մատակարարումների մանրամասները դեռեւս հայտնի չեն, սակայն նշվում է, թե խմբաքանակը կարող է ներառել սարքավորումներ, որոնք կօգնեն զսպող միջոցներ ստեղծել Ադրբեջանի հետ կոնֆլիկտային իրավիճակի ֆոնին:

Հիշեցնենք, որ Հնդկաստանի կողմից Հայաստան ուղարկված վերջին խմբաքանակը ներառում էր Pinaka բազմափողանի հրթիռային կայաններ, հակատանկային հրթիռներ եւ զինամթերք։

 

 

 

 

ՔՊ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿԵՂԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին հրապարակել էր ՔՊ ցանկն այն անտուն պատգամավորների, որոնք, մանդատին զուգահեռ, տան տեր են դարձել։ Շարունակելով ուսումնասիրել «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավորների տները՝ գալիս ենք որոշակի եզրակացության. նրանք ոչ միայն ընտրական ոլորտում են կեղծիքներ անում, այլ նաեւ հայտարարագրեր ներկայացնելիս։  Պաշտոնատար անձի գույքի, եկամուտների, ծախսերի տարեկան հայտարարագրերում ժամանակ առ ժամանակ ավելանում կամ պակասում են որոշ տվյալներ։ Ըստ այդմ՝ ներկայացնում ենք անտուն ՔՊ-ականների ցանկի 2-րդ մասը։

Անդրանիկ Քոչարյան – 2022 թվականին՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որի ձեռք բերման եղանակը՝ ժառանգություն։ Ումից՝ պարզ չէ:

Կարեն Սարուխանյան – 2021 եւ 2022 թվականներին՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ձեռք բերման եղանակը՝ ժառանգություն. նա նաեւ ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:

Տրդատ Սարգսյան – 2021 թվականին՝ Երեւանի Ավան վարչական շրջանում. 1 օրում ձեռք է բերել 2 բնակարան եւ ավտոտնակ։

Գեւորգ Պապոյան – 2019 թվականին՝ Շենգավիթ վարչական շրջանում։

Բաբկեն Թունյան- հիփոթեք (այլ տվյալ չկա)։

Սարգիս Խանդանյան – հիփոթեք (այլ տվյալ չկա)։

Լուսինե Բադալյան – հիփոթեք (այլ տվյալ չկա)։

Հակոբ Ասլանյան – հիփոթեք (այլ տվյալ չկա)։

Ահա այսպես, ԱԺ պատգամավորները, մանդատին զուգահեռ, նաեւ տան տեր են դարձել, քանի որ նրանցից շատերը առաջին անգամ է, որ ստաբիլ աշխատավարձ են ստանում:

 

 

 




Լրահոս