ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼԸ՝ ԱՎՏՈՄԱՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կառավարության՝ հոկտեմբերի 26-ի նիստին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրվեց, որի շնորհիվ մեր հայրենակիցները կկարողանան ավելի բարձր պաշտպանվածություն ունենալ թե՛ Հայաստանի տարածքում, թե՛ Հայաստանի տարածքից դուրս: Այդ մասին հոկտեմբերի 27-ին՝ ճեպազրույցի ժամանակ, ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

 

«Ինչո՞ւ. որովհետեւ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ուժով մեր հայրենակիցները, «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ըստ էության, ճանաչվում են փախստականներ եւ օգտվում են միջազգային կոնվենցիոն բոլոր մեխանիզմներից եւ, ըստ այդմ, միջազգային պաշտպանության ներքո են գտնվում թե՛ ՀՀ տարածքում, թե՛ ՀՀ տարածքից դուրս:

Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը կառավարության համապատասխան որոշման շրջանակներում տրվել է մեկ տարի ժամկետով, իհարկե, երկարաձգման հնարավորություն է նախատեսված»,- ասաց նախարարի տեղակալը:

Արփինե Սարգսյանը նաեւ հստակեցրեց, թե որ սուբյեկտներին է տրվում այսպիսի կարգավաճակ:

Այդպիսի երեք խումբ կա: Առաջին խմբում ներառված են անձինք, որոնք հաշվառված են ԼՂ բնակչության ռեգիստրում: Երկրորդ խմբում այն անձինք են, որոնք թեկուզ հաշվառում չունեն, բայց նրանց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ-ն: Եվ նաեւ նրանք, որոնք հաշվառված չեն ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բռնի տեղահանման հետեւանքով հաշվառվել են ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից վարվող տվյալների շտեմարանում:

«Բացառություն են այն անձինք, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն, որոնք կարող են օգտվել այլ երկրի պաշտպանությունից: Նշեմ, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ստացումն ավտոմատ է, ըստ էության, որովհետեւ մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները որեւէ գործողություն այս առումով կատարելու պարտականություն չունեն, որովհետեւ թե՛ օրենքի ուժով ընդհանրապես, թե՛ հատկապես կառավարության այս որոշման ուժով մեր հայրենակիցներն արդեն իսկ ստացել են ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ՝ դրանից բխող բոլոր դրական հետեւանքներով, որոնք ավելի բարձր երաշխիք կնախատեսեն նրանց իրավունքների երաշխավորման հարցում թե՛ ներպետական մակարդակում, թե՛ միջազգային տարբեր ատյանների շրջանակներում»,- ասաց նա:

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՆՎԱԶՈՒՄ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին։

 

Այսպիսով, տնտեսական ակտիվության աճի տեմպը որոշակիորեն արագանալուց հետո՝ սեպտեմբերին, կտրուկ դանդաղել է՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների աճի տեմպի դանդաղմամբ եւ արդյունաբերության անկման տեմպի խորացմամբ։ Սեպտեմբեր ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կազմել է ընդամենը 5.6%։ Ծառայությունների աճի տեմպի եռակի դանդաղումն իր հերթին հիմնականում պայմանավորված է բազայի էֆեկտով (կազմել է 4.6%), սակայն սեպտեմբերին ծառայությունների ոլորտի վրա բացասական ազդեցություն են ունեցել նաեւ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Արցախում տեղի ունեցող դեպքերը: Արդյունաբերության ոլորտի բացասական զարգացումներն ավելի են խորացել եւ շարունակում են մտահոգիչ մնալ: Արդյունաբերության ոլորտում արդեն երկար ժամանակ գրանցվում են անկման ցուցանիշներ: Ընդ որում՝ անկում է գրանցվում ինչպես հանքարդյունաբերությունում, այնպես էլ մշակող արդյունաբերությունում։ Այսպես, սեպտեմբերին արդյունաբերության ոլորտում գրանցվել է 4.3% անկում, իսկ մշակող արդյունաբերությունում, օգոստոսի տվյալներով, գրանցվել է շուրջ 9.4% անկում։ Այս իրավիճակը խոսում է ՀՀ տնտեսության ներուժի եւ մրցունակության անկման մասին, ինչը ապագայում կհանգեցնի տնտեսական աճի տեմպի պերմանենտ դանդաղմանը: Պետական բյուջեի կատարումը շեղվել է պլանավորվածից շուրջ 270.8 մլրդ դրամով: Պետական բյուջեն շարունակում է մնալ հավելուրդային, իսկ դրա կատարման շեղումն ամսեամիս ավելանում է: ՀՀ պետական բյուջեն 2023թ. բոլոր ամիսներին եղել է հավելուրդային՝ պլանավորված պակասուրդայինի փոխարեն։ Բյուջեի հունվար-սեպտեմբեր ամիսների հավելուրդը կազմել է 74.6 մլրդ դրամ՝ պլանավորված 196.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Այսինքն՝ բյուջեի կատարումը պլանից շեղվել է 270.8 մլրդ դրամով։ Պետական բյուջեի ծախսերի աճն էապես դանդաղել է։ Ընդ որում՝ ծախսերի քիչ լինելը ավելի քան կիսով չափ պայմանավորված է կապիտալ ծախսերի թերակատարմամբ, ինչը վկայում է, որ կապիտալ ծախսերի կատարողականի հետ կապված խնդիրները դարձել են «քրոնիկ»:

 

 

ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է

Հայաստանը 2007 թվականից համարվում է կարմրուկից էլիմինացված երկիր, այսինքն՝ Հայաստանում կարմրուկի տեղական շրջանառություն չի գրանցվում։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման եւ կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում կարմրուկի պատվաստումների մակարդակն այնքան բարձր է, որ այդպիսի ցուցանիշ է գրանցվել։

«Իհարկե, ամեն տարի ունենում ենք բերովի դեպքեր, եւ դրանք տեղային որոշակի բռնկման պատճառ են դառնում, ինչը տեղի ունեցավ այս տարի։ Ասեմ, որ կարմրուկով հիմնականում հիվանդանում են չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք։ 2023 թվականի մարտին Հայաստանում գրանցված բռնկումը նույնպես պայմանավորված է բերովի դեպքով։ Մարտ ամսից մինչեւ հիմա ունենք 471 հաստատված դեպք, որի գերակշիռ մասը չպատվաստված կամ թերի պատվաստված անձինքն են»,- ասաց Սվետլանա Գրիգորյանը։

Հիվանդացածների 70 տոկոսը երեխաներ են։ Մասնագետը նկատեց, որ առհասարակ կարմրուկի վիրուսն ունի վարակելիության բավական բարձր ցուցանիշ։ Եթե վարակված անձի հետ շփվում է 10 չպատվաստված, ապա 9-ը կարող է վարակվել։ Հանրապետությունում անվճար հասանելի են կարմրուկի դեմ պատվաստանյութերը։ Եթե անձը չի հիշում իր պատվաստումների մասին կամ ընդհանրապես չի ստացել, ապա կարող է դիմել պոլիկլինիկա ու պատվաստվել։

«Օրերս ունեցանք ցավալի դեպք. գրանցվեց կարմրուկից մահվան դեպք։ Երեխան չպատվաստված էր, սակայն ուներ ուղեկցող հիվանդություններ։ Եթե տվյալ երեխայի շրջապատում անձինք լինեին պատվաստված, քանի որ երեխան չէր կարող պատվաստվել, ապա չէին հիվանդանա, ու վիրուսը չէր փոխանցվի երեխային։ Մեր հորդորն է՝ հետեւողական լինել ու պատվաստվել»,-հավելեց մասնագետը։

Ներկայում կարմրուկով վարակվելու դեպքերի ինտենսիվությունը նվազել է, սակայն շաբաթական կտրվածքով դեռ շարունակում են նոր դեպքեր գրանցվել։

 

 

 

 




Լրահոս