Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ՝ ԱԺ-ում պետբյուջեի քննարկման ժամանակ, հայտարարեց, թե Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ սահմանի բացման շուրջ պայմանավորվածությունների իրականացման հույս ունի:
«Ուզում եմ հույս հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կիրագործվեն հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում։ Դա վերաբերում է հետեւյալին. Հայաստան-Թուրքիա սահմանն այս փուլում բացվում է երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:
-Պարո՛ն Մելքոնյան, ի՞նչ հույսի մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը, այս իրավիճակում նախադրյալներ տեսնո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:
-Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման եւ սահմանների բացման ճանապարհն անցնում է լիովին փոփոխված Հայաստանի միջով, այսինքն՝ այն Հայաստանը, որը հավատարիմ է իր սկզբունքներին, իր պատմությանը, արժեհամակարգին, չի գնում որեւէ զիջման եւ պաշտպանում էր Արցախը, այդ Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու շանս չուներ, իսկ այն Հայաստանը, որը հրաժարվել է Արցախից եւ ընդունում է Թուրքիայի նախապայմանները, իհարկե, կարող է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու շանսեր ունենալ:
Այսինքն՝ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը ինքնանպատակ է, որի ճանապարհին զոհաբերվում են բազմաթիվ ազգային եւ պետական հանգամանքներ, արժեքներ: Եթե գնում ենք այս ճանապարհով, ապա կարող ենք ենթադրել, որ թուրքական բազմաթիվ նախապայմաններ բավարարելու դեպքում կարող է լինել նման հեռանկար, բայց արդյոք դրանից հետո մենք կարո՞ղ ենք խոսել ինքնիշխան եւ հայկական պետության մասին:
-Դուք թուրքական կողմի մոտ ազդակներ տեսնո՞ւմ եք, որ նրանք անկեղծ ցանկություն ունեն Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, թե՞ պարզապես կեղծ հայտարարություններ են անում:
-Թուրքիայի մոտ երբեք անկեղծ միտում չի եղել հարաբերություններ կարգավորել այնպիսի Հայաստանի հետ, որը հավատարիմ է իր սկզբունքներին: Թուրքիայում միշտ եղել է ցանկություն տեսնել ֆիզիկապես, բարոյապես, ռազմապես եւ հոգեպես ճնշված Հայաստան եւ թելադրողի հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, ոչ թե հավասարը հավասարի: Հայաստանում կան որոշ շրջանակներ, որոնք իրենց համարում են պրագմատիկ եւ կարծում են, թե Թուրքիայի հետ անպայման պետք է գնալ հարաբերությունների հաստատման. սա շանտաժ է: Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելուն բոլորս էլ կողմ ենք, բայց դա իրատեսական չէ: Թուրքիայում անկեղծ ցանկություն չկա, չի եղել եւ չի լինի հարաբերություն հաստատել իսկապես ինքնիշխան եւ իր արժեհամակարգին հավատարիմ Հայաստանի հետ, իսկ այլափոխված Հայաստանի հետ, որը կդառնա տարածաշրջանում ոչ կարեւոր պետություն, իհարկե, ձեռնտու է հարաբերություններ հաստատել: Կարծում եմ՝ դեռ մի շարք նախապայմաններ կան, որոնք Թուրքիան անպայման ներկայացնելու է Հայաստանին:
-Ի՞նչ նոր նախապայմաններ է առաջ քաշելու:
-Օրինակ՝ սկսած զինանշանից, վերջացրած անկախության հռչակագիր, ցեղասպանությունից հրաժարում եւ բազմաթիվ այլ նախապայմաններ: Եթե թվում է, թե Արցախից հրաժարվելով՝ կարողանալու են Թուրքիայի քաղաքական ախորժակը զսպել, ապա սխալվում են, քանի որ թուրքական նախապայմանները չունեն սահմաններ եւ կարող են հասնել ընդհուպ մինչ մեր տեղանուններ, կարող են պահանջել անվանափոխել այնպիսի տեղանուններ, որոնք ասոցացվում են պատմական Հայաստանի հետ:
-Պարո՛ն Մելքոնյան, ըստ Ձեզ՝ Հայաստանի իշխանություններն ամեն գնով կգնա՞ն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, թե՞ կան որոշ կարմիր գծեր:
-Ես այս իշխանությունների պարագայում չեմ տեսնում կարմիր գծեր, Թուրքիայի հետ կապված հարցերում նրանք երբեւէ ո՛չ հայտարարությունների, ո՛չ էլ քայլերի մակարդակով չեն ակնարկել, որ ունեն կարմիր գծեր: Իրենք ինքնանպատակ փորձում են հարաբերություններ հաստատել: Չեմ տեսնում ընդգծված կարմիր գծեր, որոնք կզսպեն Թուրքիային:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄՆԵՐ՝ ՀՌՉԱԿԱԳՐՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ փորձագետների խումբը հայտարարություն է տարածել Ալմա-Աթայի հռչակագրի խեղաթյուրումների եւ իրավական կամայականությունների հետեւանքների մասին։
«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիայի ընթացքում հրետանու եւ ԱԹՍ-ների կիրառմամբ սկսել են զանգվածային հրետակոծել Ստեփանակերտը եւ Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ: Ռազմական գործողությունների հետագա էսկալացիան կանխելու եւ խաղաղ բնակչության կյանքը փրկելու համար Արցախի Հանրապետության նախագահը ստիպված է եղել կատարել Ադրբեջանի վերջնագրային պահանջը եւ անօրինական հրամանագիր ստորագրել 2024թ. հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։
Սա դարձավ 2020թ. Ադրբեջանի ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության հրադադարի պայմանների իրականացման եռամյա գործընթացների գլխավոր արդյունքներից մեկը։
Այս հրամանագրին նախորդած՝ Ադրբեջանի գործողությունները՝ 2020թ. 44-օրյա պատերազմը, ԼՂՀ-ն արտաքին աշխարհին կապող բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների 280-օրյա շրջափակումը, 2023թ. սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան, որոնք ուղեկցվել են բռնություններով, խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների եւ տարեցների սպանություններով, վանդալիզմի գործողություններով, վկայում են այն կանխամտածված արարքների մասին, որոնց նպատակը հազարամյակներ շարունակ իրենց հայրենի հողում ապրող հայերին վտարելն ու ցեղասպանությունն էր։ Այսօր ԼՂՀ-ն լքել է ողջ մնացած գրեթե ամբողջ բնակչությունը։
Տեղի ունեցածը բնութագրում է նաեւ բանակցային գործընթացների արդյունքները, որոնք տեղի են ունեցել հակամարտող կողմերի միջեւ մոսկովյան, վաշինգտոնյան եւ բրյուսելյան հարթակներում եւ ուղեկցվել են ղարաբաղահայության իրավունքների եւ անվտանգության պաշտպանության լավատեսական հայտարարություններով ու կոչերով: Ադրբեջանի հանցավոր արարքների դեմ եւ Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը կանխելու համար չեն կիրառվել ՄԱԿ-ի անդամ պետությունների միջազգային պարտավորություններով նախատեսված միջոցներ: ՄԱԿ անվտանգության խորհուրդը, արտահերթ նիստում քննարկելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի հարցը, սահմանափակվել է զսպվածության եւ մարդու իրավունքների պահպանման կոչերով, որոնք ուղղված են եւ՛ ագրեսորին, եւ՛ դրա զոհին:
Նյութն ամբողջությամբ՝ ArmLur.am կայքում
ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑ
Արցախի ժողովուրդը, 1991 թվականի հանրաքվեով հռչակելով Արցախը անկախ պետություն, ընտրել է իր կարգավիճակը՝ Ադրբեջանի իշխանությունից, իրավասությունից եւ տարածքային ամբողջականությունից դուրս: Արցախի կարգավիճակի հստակեցման եւ արցախահայության ինքնորոշման հարցը մշտապես եղել է ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի առանցքը, որի շուրջ ծավալվել է բանակցային երկխոսությունը: 2020թ.-ի 44-օրյա պատերազմից հետո, սակայն, բանակցային գործընթացը գլխիվայր շրջվեց. ինքնորոշման հարցը ետին պլան մղելով՝ ՀՀ իշխանությունները բանակցությունների հիմնական առարկա հռչակեցին արցախահայերի անվտանգության հարցը: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի՝ զրո կետից մեկնարկի անորոշ ու ձախողված արտաքին քաղաքականությունը հասցրել է նրան, որ այսօր՝ պատմության մեջ առաջին անգամ, ունենք ամբողջովին հայաթափված Արցախ: Այն, որ Հայաստանի իշխանություններն այլեւս փակված են համարում Արցախի էջը, եւ նրանցից արցախամետ որեւէ քայլ սպասելը միամտություն կլինի, ակնհայտ է, իսկ թե ինչու են լռում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո ՀՀ տեղափոխված արցախցի պատգամավորները եւ պաշտոնյաները, թերեւս որեւէ բացատրություն չունի: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԱԺ դաշնակցական պատգամավոր Վահրամ Բալայանից հետաքրքրվել է՝ ինչու Արցախի պատգամավորներն այստեղ արտահերթ նիստ չեն հրավիրում եւ Արցախի ինքնորոշման հարց չեն բարձրացնում: Արցախցի պատգամավորը, մեր հարցին պատասխանելով, ասաց, որ ժամանակը կգա, դա էլ կլինի, մինչ այդ դեռ շատ գործեր կան. «Մենակ արտահերթ նիստ հրավիրելով ու դրանով բավարարվելով չէ, պետք է աշխատանք կատարել վաղվա համար, ինչ-որ պայմաններ ու հեռանկարներ ստեղծել: Սրանք իմ պատկերացումներն են, ես չեմ ասում՝ աշխատանքի արդյունքում ինչ-որ բանի միանգամից կհասնես, բայց ժամանակի ընթացքում տեւական աշխատանքն արդյունք տալիս է: Արտահերթ նիստ հրավիրելը հեշտ է, բայց միայն դա չէ. պատկերացրե՛ք՝ նիստ հրավիրեցինք, հայտարարություն տարածեցինք ու գնացինք տներով. այդպես չի լինի: Պետք է ծրագրված քայլերով աշխատանք տարվի, չպետք է նիստ անենք, լրագրողները գրեն դրա մասին ու վերջ. սիստեմատիկ քայլեր են պետք»:
Հետաքրքրվեցինք նաեւ՝ դիմել են արդյոք Արցախի՝ ապօրինի գերեվարման մեջ գտնվող ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի տեղակալ Գագիկ Բաղունցին արտահերթ նիստ հրավրելու համար: Բալայանն ասաց, որ զրուցել է նրա հետ, բայց արտահերթ նիստի հարց չի քննարկվել: Թե ինչու են հապաղում արցախցի պատգամավորները, անհասկանալի է, բայց այն, որ ժամանակը միայն ու միայն մեր դեմ է աշխատում, պարզ է: