Իմ երեխան չիմացավ՝ ում է ժպտում. ինչ է պատմում ականատեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տաթևիկը Ստեփանակերտում աշխատում էր Արցախի հանրային ռադիոյում: Սեպտեմբերի 19-ին նա կրկին տաղավարում էր՝ հերթական հարցազրույցի:

«Առավոտյան մտա տաղավար նույն մտահոգությամբ, ինչպես մյուս եթերների ժամանակ՝ չենթադրելով անգամ, որ ժամեր անց տեղի կունենա իմ կյանքի հերթական ողբերգությունը: Հարցազրույցը անցկացրինք, ամեն ինչ լավ անցավ, եթերը հասցրինք ավարտել: Հարցազրույցը պատրաստելուց հետո, դուրս եկա ու գնացի Արցախի կառավարություն, քանի որ այնտեղ ևս աշխատում էի: Երբ պատերազմը սկսվեց, և եղավ առաջին պայթյունը, առաջինը մտածեցի երեխայիս մասին: Փառք Աստծո, հիշեցի, որ ամուսինս զանգել և ասել էր, որ գնում է երեխային վերցնելու: Ճիշտ է, բավականին անցել էր զանգից, սակայն հանգիստ էի, գիտակցում է, որ երեխաս հոր հետ է և ինչ-որ տեղ ապահով է: Դա ամենադժվար ու ամենածանր պահն էր: Նախորդ մի ժամվա ընթացքում ԿԳՄՍՆ պաշտոնական հայտարարություն էր տարածել, որ պետք չէ խուճապի մատնվել, և որ դպրոցները գործում են բնականոն հունով: Ցավոք, եղավ պատերազմը և միացվեց օդային տագնապը: Շատ ծնողներ փողոցներում փնտրում էին իրենց երեխաներին՝ չիմանալով, որ բարի մարդիկ երեխաներին տարել են ապաստարան»,- ArmLur.am-ին պատմում է Տաթևիկ Խաչատրյանը:

Տաթևիկը հիշում է, որ ապաստարանում, երբ մեծերը խուճապահար լացում էին, հավաքեց իրեն ու հորդորեց մեծերին այլևս չլացել և երեխաների համար վախի մթնոլորտ չստեղծել:

«Ես ինքս էլ ծանր ապրումների մեջ էի, երբ երեխաս կողքիս չէր, թեև գիտեի, որ հոր հետ է: Կապ էլ չկար, որ կարողանայի զանգել՝ մի բան իմանալ: Մտահոգ էի, ուզում է սեփական աչքերով տեսնել երեխայիս, որ նրա հետ ամեն ինչ կարգին է: 1-2 ժամ անց տեսա, որ հրթիռակոծությունը չի դադարում և հասկացա, որ այլևս չեմ կարող շարունակել անհանգստության մեջ մնալ, որոշեցի գնալ: Ճանապարհին մի մեքենա կանգնեց և առաջարկեց տանել տուն․ ես գնացի: Երեխայիս գրկելով՝ մի փոքր հանգստացա»,- պատմում է Տաթևիկ Խաչատրյանը։

Առավոտյան, երբ կրակոցները դեռ չէր դադարել, Տաթևիկը որոշեց գնալ աշխատավայր՝ կառավարություն: Տաթևիկի խոսքով՝ այնտեղ էին հավաքվել աշխատողների մոտ 20 տոկոսը և քանի որ հիմմնականում տղամարդիկ էին՝ հորդորում էին նրան իջնել ապաստարան կամ գնալ տուն:

«Սեպտեմբերի 25-ին արդեն սկեսուրիս տանն էի, որը գտնվում էր Ազատամարտիկների փողոցում: Այն քաղաքի ամենաբանուկ փողոոցն էր, և պատուհանից լսելի էին մարդկանց տարօրինակ ձայներ։ Երբ նայեցի՝ տեսա, որ մարդիկ մեքենաներից իջնում էին, ջրափոսերից ջուր վերցնում և լցնում իրենց վրա (այդ օրը հորդառատ անձրև էր): Մոտեցան մեր պատուհանին և խնդրեցին, որ ջուր լցնենք իրենց վրա: Մեր զարմանքը նկատելով՝ ասացին. «Մեր վիճակը լավ է դուք չգիտեք ինչ է այնտեղ կատարվում»,- վերհիշում է Տաթևիկը:

Պայթյունի մասին իմանալուց հետ՝ ամուսինը շտապում է հիվանդանոց՝ բուժաշխատողներին օգնելու, իսկ Տաթևիկը հարևաններից, ծանոթ-անծանոթներից սպիտակեղեն ու դեղորայք է հավաքում և հասցնում հիվանդանոց:

Սեպտեմբերի 28-ին բոլորի պես Տաթևիկն ընտանիքի հետ ստիպված եղավ հեռանալ հարազատ Արցախից: Ինչպես նա է պատմում՝ Հակարի կամուրջն ապահով անցնելու համար անհրաժեշտ էր մեքենայում չունենալ սուր, կտրող, ծակող գործիքներ, որը, բնականաբար, չուներ Տաթևիկը, սակայն նրա կտրող ու ծակող գործիքն իր աշխատանքային գրքույկն էր:

«Ինձ համար խնդիր էր իմ աշխատանքային գրքույը, որտեղ նշված էր, որ ես 2014-2021թթ. ծառայել եմ ՊԲ-ում: Իրականում ես այնտեղ «Մարտիկ» թերթում եմ աշխատել: Ելնելով այդ վտանգից՝ աշխատանքային գրքույկս թողեցի Արցախում»,- ասում է նա:

Տաթևիկն ասում է, որ իր համար ամենանվաստացուցիչն այն էր, որ գաղթի ճանապարհին՝ Հակարի կամուրջի մոտ, ադրբեջանցին զրուցեց և ժպտաց իր երեխային, իսկ վերջինս էլ մանկական անմեղությամբ փոխադարձաբար ժպտաց նրան: Տաթևը շատերի պես այնտեղ է թողել գերեզմաններ՝ զինվորական հոր և քեռու տղայի, որ զոհվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ:

«Գուցե նա ժպտաց իր քեռու դահիճին: Ես ոչինչ անել չէի կարող, պարզապես պետք էր լուռ հաղթահարել ու անցնել: Երբեք չեմ մոռանա այդ: Իմ երեխան չիմացավ՝ ում է ժպտում»,- ասում է Տաթևիկը:

Նանիկ Աղասյան




Լրահոս