ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՎ ՈՒՐԲԱԹՆ ՈՒ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Հայաստանում նախորդ տարի սահմանված պահանջները խախտելու համար Սեւ ուրբաթի եւ Ամանորի զեղչերի ժամանակ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը  վարույթ  է հարուցել 35 տնտեսվարողների նկատմամբ, որոնք տուգանվել են 100 մլն դրամի չափով: Հանձնաժողովն այս տարի եւս Սեւ ուրբաթին եւ տոներին ընդառաջ՝ ակցիաների ժամանակ, դիտարկելու է  տնտեսվարողների վարքագիծը, գնահատելու է ստացվող տարբեր ազդակները:

 

«Խորհուրդներ բիզնեսին զեղչերի եւ այլ ակցիաների իրականացման վերաբերյալ. իրազեկում Սեւ ուրբաթին ընդառաջ» թեմայով ասուլիսում այս մասին հայտնեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:

«Փորձով էր ապացուցված, որ մենք ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման ոլորտում ունենք բազում խնդիրներ, մասնավորապես՝ երբ որեւէ գնային փոփոխություն տեղի չէր ունենում զեղչի ժամանակ, շատ դեպքերում արհեստականորեն գինը բարձրացնում էին եւ այլն»,-ասաց Մարկոսյանը:

Այս խնդիրները հավաքագրվել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից:  Արդյունքում որոշել են խնդիրները լուծել՝ օրենսդրական մակարդակում կարգավորումներ նախաձեռնելով: Հանձնաժողովի մշակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2022թ.-ի հուլիսի 31-ից:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դրանից հետո՝ նախորդ տարի՝ Սեւ ուրբաթին, նաեւ Ամանորին ընդառաջ, սկսել է ակտիվ մշտադիտարկման գործողություններ:

Հանձնաժողովի անդամի գնահատմամբ՝ ներկայումս ոլորտն էականորեն բարելավվել է: Հանձնաժողովը դիտարկել է ավելի քան 80 ակցիա: «Դրա ընթացքում շուրջ 35 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վարույթներ են հարուցվել: Տնտեսվարողների մի մասը պատճառաբանել է, որ ակցիայի նոր օրենսդրությանը չի տիրապետել, մեղքն ընդունել է եւ խնդրել արագացված վարույթ կիրառել: Մի մասն էլ տարբեր պատճառներով ավելի ուշ է գիտակցել խնդիրը, ավելի ուշ  ընդունել մեղքը: Արդյունքում իմ նշած 35 վարույթից մեծամասնության դեպքում ունեցել ենք մեղքի ընդունման փաստեր: Եվ այս բոլոր վարույթների առնչությամբ հանձնաժողովը կիրառել է շուրջ 100 մլն դրամի չափով տուգանք»,-ասաց Մարկոսյանը՝ հավելելով, որ վարույթները ներառում են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցած ակցիաները:

Հանձնաժողովը դիտարկումներ է իրականացրել տարբեր ոլորտներում՝ կենցաղային տեխնիկայի ոլորտում, հագուստի, շինանյութերի ոլորտում եւ այլն:

Մարկոսյանը ներկայացրեց կարգավորումները: Չեղչի տեսանկյունից առկա են մի քանի բովանդակային հիմնական պահանջներ:

Ընդ որում՝ վաճառքի ընթացքում պետք է տեսանելի լինի այդ միջին գինը, այսինքն՝ սպառողի համար ջնջված գինը պետք է լինի միջին գինը: Զեղչը կարող է տեւել ոչ ավելի, քան 3 ամիս:

Տնտեսվարողը պարտավոր է իրազեկել, թե հայտարարված ակցիան ինչ ապրանքների շրջանակին է վերաբերում, պետք է նշի, թե ակցիան երբ է մեկնարկում, երբ է ավարտվում: «Կարող են հայտարարել զեղչ, գնաք խանութ, պարզվի, որ զեղչն արդեն ավարտված է: Սա անհարմարություն է սպառողների համար, նաեւ խայծ, որ մտնեք առեւտրի օբյեկտ եւ, հնարավոր է, որ որեւէ գնում կկատարեք»,-ասաց հանձնաժողովի անդամը:

Եթե կան հատուկ պայմաններ, թե որ դեպքում է զեղչը կիրառվում, ապա տնտեսվարողը անպայման պետք է իրազեկի:

 

 

 

Wildberries-Ն ՈՒ ԱՌԵՎՏՐԱՇՈՒԿԱՆ

Wildberries-ի՝ մի քանի անգամ էժան թվացող ապրանքները Հայաստանում շատ արագ սպառվում են։ Օնլայն առեւտուրն արդյոք խթանո՞ւմ, թե՞ հարվածում է հայաստանյան առեւտրաշուկային։

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։ «Wildberries-ը օգտագործման տեսակետից միշտ ավելի մատչելի է եւ շատ բարձր տեխնիկական գրագիտութուն չի պահանջում։ Մի կողմից՝ օնլայն ընկերությունները լուծում են լոգիստիկ խնդիրները, մյուս կողմից՝ ստեղծվում է ավելի ինտենսիվ մրցակցություն, սակայն օնլայն առեւտրի պարագայում, եթե կարելի է Հայաստան մինչեւ 500 դոլար ապրանք ներկրել առանց հարկման, սա նշանակում է, որ Հայաստանի ներքին առեւտուրը կամ մանրածախ առեւտուրը տոտալ փոխվում է. օնլայնը սկսում է շատ ավելի բարձր դեր խաղալ։

Wildberries-ը «խփում» է հագուստի եւ կոշիկի խանութներին։ Սա արդեն դարձնում է անմրցունակ տեղական վերավաճառողներին»,- նշեց նա։

Wildberries-ը սկսել է նաեւ ալկոհոլային խմիչքների վաճառքը։ Տնտեսագետի կարծիքով՝ դժվար թե ալկոհոլի հարցում հայաստանյան շուկայում փոփոխություն լինի։ «Ինչ վերաբերում է ալկոհոլին, կարծում եմ, որ ալկոհոլն այնպիսի ապրանք չէ, որ մարդիկ արտերկրից գնելու եւ սպասելու են երկու շաբաթ, որ գա։ Հայաստանում գներն ալկոհոլի տեսանկյունից բավականին մրցունակ են»։

 

 

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«Դաշույն» արտադրական կոոպերատիվին պատկանող հանրային սննդի օբյեկտը (Տավուշի մարզ, ք. Դիլիջան) գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այդ հանգամանքը պարզել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները նշված կազմակերպությունում իրականացրած վերահսկողության ընթացքում:

Մասնավորապես՝

– հանրային սննդի օբյեկտի հատակը եւ պատերը չեն եղել նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,

– առաստաղն ունեցել է կեղտի կուտակման, գոլորշու խտացման, անցանկալի մասնիկների թափվելու հնարավորություն,

– չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինության, տեխնոլոգիական սարքավորումների եւ գույքի մաքրման, լվացման, ախտահանման, մրջատազերծման եւ կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,

– սննդի շղթայի աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

 

 

 

ՎԻՃԱԿԸ՝ «ՀԻՄՆԱՏԱՎՈՒՇ»-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամին, գրել, որ հիմնադրամի՝ Իջեւանի Լուսաձոր գյուղում գտնվող անասնաֆերմայում 2016թ.-ի հուլիսին հորելով ոչնչացրել են 3,5 տոննա պանիր, հիմնադրամը տարիներով դատական վեճ է ունեցել Դիտավան գյուղի 4 բնակչի հետ, Լուսաձորի անասնաֆերմայի  գարշահոտը տարիներով  խեղդում էր միջպետական ճանապարհով անցնողներին, Լուսաձորի պանրագործարանի արտադրանքի վրա, օրենք խախտելով, հայերեն լեզվով մականշում չկար, եւ մեր  հրապարակումից հետո հայտնվեց։

«ՀիմնաՏավուշի»  աշխատողները, իրենց անունը չնշելու պայմանով,  հայտնեցին   տեղեկություններ, որ Լուսաձորի ֆերմայում աշխատում է Արցախից անասնապահների 5-հոգանոց բրիգադ, որի ղեկավարը գյուղատնտես Կարինե Բարսեղյանն է: Բրիգադը Լուսաձորում հայտնվել է  44-օրյա պատերազմից հետո, երբ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի տնօրեն Սուրեն Գեւորգյանը գթասրտություն է ցուցաբերել, աշխատանքի տեղավորել։

Արցախցի անասնապահները դաժան են վարվում այդ ֆերմայում պահվող ցեղական կովերի հետ, որից մեկին խոշտանգելով սպանել են, մեկ այլ կովի ոտքը կոտրել, սատկած կովին թաղել են անասնաֆերմայի մոտ կուտակված մեծաքանակ թրիքի մեջ: Աշխատողների վկայությամբ՝  հիմնադրամը Լուսաձորում ունի 4 հատ 100 քմ եւ մեկ հատ 1000 քմ մակերեսով ջերմոցներ, աշխատողների անփույթ աշխատանքի հետեւանքով ջերմոցներում աճեցված բանջարեղենի մի մասը փչացել է, մի մասն էլ (հիմնականում՝ գունավոր բիբարներ) գյուղատնտես Կարինե Բարսեղյանը թաքուն իրացրել է Իջեւանի խանութներում։

Հիմնադրամից մեծ գումարներ են դուրս գրվում անհայտ նպատակներով, հաճախ՝ որպես պարգեւավճարներ՝ չնայած աշխատանքների վատ արդյունքներին։ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը ծախսած 8 միլիոն դրամով Մարգարա գյուղում վարձակալած հողերում խոտաբույսեր է ցանել, այդ աշխատանքները ղեկավարել է գյուղատնտես Կարինե Բարսեղյանի ամուսին Գոռը, հնձված խոտի մեծ մասը խոնավ է, պիտանի չէ կովերին կերակրելու համար։  Զանգահարեցի «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի փոխտնօրեն Տիգրան Տոնոյանին։ Նա ժխտեց, որ Լուսաձորի անասնաֆերմայում աշխատողները կովերին վատ են վերաբերվում, որ դրա հետեւանքով կով է սատկել, այն թաղել են գողամբի մեջ։ Տոնոյանն ասաց,որ Մարգարայում հնձված խոտը խոնավ չէ, պիտանի է՝ ընդունելով, որ որոշ հակեր կարող են խոնավացած լինել։

«ՀիմնաՏավուշ» հիմնադրամի Լուսաձորի ջերմոցների մասին ու այլ հարցերին նա չպատասխանեց՝ ասելով, որ դրանք իր իրավասության հարցեր չեն։   «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի տնօրենը Ֆրանսիայի հայկական խորհրդի նախագահ Սուրեն Գեւորգյանն է, որի կինը՝ Հասմիկը (Նանան), Լուսաձորի պանրագործարանի արտադրանք կաթնամթերքն իրացնող «ԷկոՏավուշ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Սուրեն եւ Հասմիկ Գեւորգյանները Լուսաձորում  քիչ են լինում, ինչը վատ  է ազդում Լուսաձորի անասնաֆերմայի ու մնացած կառույցների աշխատանքի վրա: «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը ֆինանսավորվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ֆրանսիայի Օ-Դը -Սեն նահանգի կողմից։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս