ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ԳԻՆՆ ՈՒ ՈՐԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին «Ժողովուրդ» օրաթերթը տարբեր վարորդներից զանգեր է  ստանում այն մասին, որ ոչ միայն հեղուկ գազի գնի աճ է գրանցվել, այլեւ որակն է ընկել:

 

Պարզելու համար հեղուկ գազի կտրուկ աճի եւ որակի անկման պատճառները «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ:

«Գինը կարող է փոփոխվել՝ կախված տարբեր գործոններից: Վերջին օրերում հեղուկ գազի գնի կտրուկ աճը, հնարավոր է, պայմանավորված լինի համաշխարհային գների տատանումներից, մատակարարողի կողմից: Նաեւ չենք բացառում, որ ներքին գործոնների ազդեցությունը լինի այստեղ: Այսինքն՝ հնարավոր է գազի թանկացումը կատարվել է սահմանից այս կողմ՝ ներսում՝ տարբեր սուբյեկտիվ գործոններից ելնելով: Նույն իրավիճակն ազդում է նաեւ որակի վրա: Կարծում եմ՝ գնի բարձրացումը եւ որակի անկումը չի կարելի դիտարկել միայն տնտեսական ասպարեզի սահմաններում: Այն կարելի է դիտարկել նաեւ քաղաքական եւ այլ տարբեր ոլորտների սահմաններում», – նշել է Թաթուլ Մանասերյանը:

Հիշեցնենք, որ օրերս «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ  խմբագրություն են ահազանգում բազմաթիվ վարորդներ այն մտահոգությամբ, որ ոչ միայն հեղուկ գազի գինն է բարձրացել, այլ նաեւ որակն է ընկել, նախկինը չէ:

Պարզվում է, որ հեղուկ գազի կալորիականությունը 25%-ով նվազել է: Եթե նախկինում հնարավոր էր 5000 դրամի լցնել 25 լիտր հեղուկ գազ եւ երեւանյան փողոցներով վարել մոտ 200 կմ 2-2.5լ/աշխատանքային շարժիչի դեպքում, այսօր արդեն նույն 25 լիտրով նույն 2-2.5լ/աշխատանքային շարժիչի դեպքում նույն երեւանյան փողոցներով հնարավոր է լինում վարել 145-150 կմ, այդ էլ՝ այն դեպքում, որ հետազոտություն անցած մեքենաները չունեն որեւէ խնդիր, ըստ այդմ՝ վառելիքի կորուստ:

Այն, որ ստացվում է՝ հեղուկ գազի մեկ լիտրի արժեքը այսօր 200 դրամ է՝ նախկին 140-ի համեմատությամբ, դա հարցի ողբերգականության միայն մի հատվածն է. գների բարձրացմանը զուգահեռ՝ նվազում է նաեւ կալորիականությունը՝ վնասելով միջին վիճակագրական եւ դրանից էլ նույնիսկ ցածր աշխատավարձ ստացող վարորդի վճարունակությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հետ՝ պարզելու, թե ինչն է նման խայտառակ վիճակի պատճառը, եւ թե արդյոք որեւէ քայլ ձեռնարկվում է այդ ուղղությամբ, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։

 

 

 

 

Wildberries-Ի ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթը որոշ ժամանակ առաջ գրել էր, որ Wildberries-ը իր հաճախորդների համար տհաճ անակնկալ է պատրաստել։

 

Այսպիսով, այն չուշացավ։ Արդեն մի քանի օր է՝ Wildberries-ի ապրանքի ստացման կետերում պահարանների կամ պատերի վրա կարող եք տեսնել տոպրակների շարք։

Մեծ պոլիէթիլենային տոպրակներն արժեն 22 դրամ։ Wildberries նշանով գունավոր տոպրակների արժեքները տատանվում են՝ ըստ չափերի համապատասխանաբար 26 դրամ, 35 դրամ, 65 դրամ։

Հավելենք նաեւ, որ տոպրակների գումարը գանձվելու է Wildberries-ի ձեր օգտահաշվին կցված քարտից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՁԸհհ-ը հայտնեց, որ Wildberries հավելվածում պատվերի հաստատման լրացուցիչ տարբերակ է ներմուծվել։

Wildberries հավելվածում հայտնվել է նոր տարբերակ, որը, ըստ ցանկության, կարելի է ակտիվացնել։

Տվյալ գործառույթը միացնելու համար հարկավոր է թարմացնել հավելվածը ու ընտրել լրացուցիչ պատվերի հաստատման եղանակ։

«Շուկան մշակել է հավելվածում պատվերի լրացուցիչ հաստատման ֆունկցիոնալությունը, որպեսզի նվազագույնի հասցնի «պատահական» պատվերների հնարավորությունը այլ սարքերի, ընտանիքի անդամների կամ երրորդ անձանց կողմից: Wildberries հավելվածում հայտնվել է նոր տարբերակ, որը կարող է ակտիվացվել՝ ըստ ցանկության»,- հայտնում են ընկերությունից։

Այս գործառույթը միացնելու համար հարկավոր է թարմացնել հավելվածը եւ ընտրել լրացուցիչ պատվերի հաստատման եղանակ, տարբերակներից է PIN կոդը, ինչպես նաեւ Touch ID եւ Face ID տեխնոլոգիաները (եւ դրանց անալոգները Android-ում):

Հոկտեմբերի սկզբին Wildberries-ը հայտնել էր, որ սկսել է նմանատիպ լուծման մշակումը՝ դեպքերից մեկի հետ կապված, երբ երեխան մոր հավելվածում 250 հազար ռուբլու պատվեր էր կատարել: Ընկերությունը, հիմնվելով օգտատերերի վարքագծի վերլուծության վրա, եկել է այն եզրակացության, որ իր վերջին պատվերը կարող էր իսկապես երեխայի կողմից տրվել:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

«ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԿՎԱՃԱՌՎԻ

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն կվաճառվի կիպրոսյան «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Հանձնաժողովի որոշման մեջ նշված է, որ «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ն նոյեմբերի 3-ին դիմել է հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել բաժնետոմսերի 100 տոկոսը:

Հանձնաժողովի հրապարակման մեջ մասնավորապես նշված է. «Նկատի ունենալով, որ «ՄՏՍ-Հայաստան»-ը եւ վերջինիս ներկայիս բաժնետիրական շղթայում ընդգրկված կազմակերպությունները պատկանում են ռուսական «Մոբիլնիե Տելեսիստեմի» հանրային բաժնետիրական ընկերությանը, նշված գործարքի կնքման արդյունքում «ՄՏՍ-Հայաստան»-ն այլեւս չի հանդիսանալու «ՄՏՍ խմբի» մասնակից»։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից տեղեկացրին, որ գործարքը դեռեւս չի կայացել. ավելի հստակ պարզ կլինի նոյեմբերի 15-ի նիստում։

Զավեշտալին այն է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագծի որոշման մեջ ոչ մի տեղեկություն չկա «ՄՏՍ-Հայաստան»-ի այս որոշման պատճառների մասին։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է նաեւ «ՄՏՍ-Հայաստան»-ին հարցի շուրջ զրուցելու համար, որտեղից խնդրեցին ուղարկել գրավոր հարցում: Պատասխանի դեպքում կհրապարակենք նաեւ ընկերության մեկնաբանությունը:

 

 

 




Լրահոս