ԱՐՑԱԽԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրերի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Արմինե Հայրապետյանը նշեց, որ 2023թ. սեպտեմբերյան իրադարձություններից հետո Արցախից Երեւան կարողացել է տեղափոխել թանգարանի որոշ նմուշներ: Այդ նմուշների մասին  նա խոսել չցանկացավ՝ անվտանգությունը պահելու համար:

 

Միաժամանակ, Արմինե Հայրապետյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց 44-օրյա պատերազմից հետո «Պատմական միջավայրերի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կատարած աշխատանքների մասին.

«Պետք է ասեմ, որ 44-օրյա պատերազմից հետո բավականին ակտիվ աշխատանքներ է տարել «Պատմական միջավայրերի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը: 2021թ. հունվարից ծառայությունն իր առջեւ դրել է մի քանի առաջնահերթություններ, որոնցից մեկը մշտադիտարկումն էր այն հուշարձանների, որոնք գտնվում էին ակտիվ ռազմական գործողությունների գոտում կամ դրանց շատ մոտ:

Հաջորդ առաջնահերթությունը տվել էինք համացանցի միջոցով մշտադիտարկումն այն հուշարձանների, որոնք արդեն գտնվում էին թշնամու վերահսկողության ներքո եւ վտանգված էին: Մենք փորձում էինք ադրբեջանական օգտատերերի էջերից տեղեկատվություն ստանալ այդ հուշարձանների մասին: Իհարկե, սկզբնական շրջանում շատ էին համացանցում տարածվում մեր հուշարձանների նկատմամբ ադրբեջանցիների վանդալիզմը եւ բռնարարքները, սակայն ընթացքում այն նվազեց: Ենթադրում եմ, որ այդ արարքները նվազեցին այն պատճառով, որ մենք այդ արարքներն օգտագործում էինք իրենց դեմ: Այսինքն՝ իրենք այդ քայլով վնասում էին իրենց, եւ աստիճանաբար նվազեց այդ վանդալիզմի ցուցադրությունը: Շեշտը դրել էինք նաեւ նոր հուշարձանների հաշվառման վրա, եւ կարող եմ նշել, որ մինչ բլոկադան կարողացել ենք մոտ 600 հուշարձան ֆիքսել, որոնք մինչ այդ ցուցակներում չկային: 2022թ. ՊՈԱԿ-ը նախաձեռնել է պեղման աշխատանքներ Ծովատեղ համայնքի Կարմիր եկեղեցու տարածքում: Ըստ աղբյուրագիտության՝ այդտեղ էին թաղված Խամսայի մելիքություններից՝ շատ քիչ ուսումնասիրված, մելիքական տներից մեկի՝ Մելիք-Փաշայանների տոհմական գերեզմանոցը»:

Մեզ հետ զրույցում Արմինե Հայրապետյանը նշեց, որ Արցախի շրջափակման ժամանակ դադարեցվել են պեղման աշխատանքները՝ կապված վառելիքի բացակայության հետ:

Հավելենք, որ «Պատմական միջավայրերի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ն ունի իր ֆեյսբուքյան, յութուբյան, թելեգրամյան էջերը եւ Artsakh Monuments կայքը, որն այս պահին չի գործում՝ ֆինանսական խնդիրներից ելնելով:

 

 

 

ՔԱՌԱՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սանկտ Պետերբուրգի՝ ավելի քան 250 տարվա պատմություն ունեցող Ալեքսանդրինյան թատրոնը քառասուն տարվա ընդմիջումից հետո կրկին Երեւանում է: Լեգենդար թատրոնը Հայաստանում է հյուրընկալվել Երեւանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում եւ հանդես կգա Նիկոլայ Գոգոլի «Ամուսնություն», Վալերի Սեմենովսկու «Արարածը» ներկայացումներով:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ նոյեմբերի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Ալեքսանդրինյան թատրոնը հանդիսատեսին ներկայացրեց «Ամուսնություն» բեմադրությունը, որը երեւանյան բեմում կլինի նաեւ նոյեմբերի 11-ին:

Դասական պիեսը, որը բեմադրվել է՝ պահպանելով Ալեքսանդրինյան թատրոնի ավանդույթները, արժանացավ բուռն ծափողջույնների, «բրավո» վանկարկումների:

Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հիշեցրեց՝ մեկ ամիս առաջ Մայր թատրոնը փայլուն եւ անմոռանալի հյուրախաղերով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում՝ ներկայացնելով Արմեն Էլբակյանի, Լիլի Էլբակյանի բեմադրությունները: «Արմեն Էլբակյանի  «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը խաղացել ենք Ալեքսանդրինյան թատրոնի մեծ եւ պատմական բեմում: Դա պատմական  իրադարձություն էր, նոր էջ հայ եւ ռուս թատրոնների համար»,- ընդգծեց Մկրտչյանը՝ վստահեցնելով, որ թատրոնների համագործակցությունը շարունակական կլինի:

Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Ֆոկինը, որը նաեւ «Ամուսնություն» ներկայացման ռեժիսորն է, շեշտեց՝  ցուցադրելու են այն ներկայացումները, որոնք իրենց թատրոնի դիմագիծն են:

«Մեր թատրոնը պատմական է, 257 տարեկան է, սակայն դուք շատ լավ հասկանում եք՝ եթե բեմում էլ այդ տարիքի դերասաններ լինեն, մահացու կլինի, ուստի մեր խնդիրն է չհամապատասխանել այդ փառահեղ տարիքին. ինչու փառահեղ՝ քանի որ կան  փառահեղ ավանդույթներ, որոնք պետք է պահպանել եւ միեւնույն ժամանակ դրանք համապատասխանեցնել մեր օրերին»,-ասաց նա եւ հավելեց՝ քաղաքական գործիչներն այրում են կամուրջները, իսկ արվեստի գործիչները՝ վերականգնում դրանք: Անդրադառնալով «Ամուսնություն» ներկայացմանը, որը տասնհինգ տարեկան է՝ Ֆոկինն ընդգծեց՝ անկախ նրանից, թե երբ է բեմադրվում ներկայացումը, իրենք անում են ամեն բան, որ այն համապատասխանի օրվա իրականությանը, այն ամենին, ինչ տեղի է ունենում պատուհանից այն կողմ՝ կյանքում: «Մենք հետեւում ենք, որ ներկայացումը լինի կենդանի: Այս ներկայացումը ինքդ քեզ պահպանելու մասին է: Գուցե  դա տարօրինակ թվա, քանի որ պիեսը կատակերգական է, բայց մենք նրան մոտեցել ենք այն տեսանկյունից, որ գլխավոր հերոսը կարողանում է  պահպանել  իր մարդկային նկարագիրը, մարդկային անկախությունը: Այս թեման հավերժական է. այդպես է եղել քսան, հարյուր եւ հազար տարի առաջ»,-նշեց Վալերի Ֆոկինը:

 

 

 




Լրահոս