ԱՄՆ Սենատը նոյեմբերի 16-ին ընդունել է Միչիգանը ներկայացնող սենատոր Գարի Փիթերսի հեղինակած՝ «Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը, որի նպատակն է 2024 եւ 2025թթ. համար չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի (907-րդ բանաձեւ) ամենամյա չեղարկման նախագահական իրավասությունը, ինչի արդյունքում Ադրբեջանը կզրկվի ամերիկյան ռազմական օժանդակությունից։ Այս քվեարկությունը տեղի ունեցավ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի, հայ համայնքի, վերջինիս կոնգրեսական բարեկամների, ԱՄՆ-ում բնակվող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպությունների շարունակապես աճող հասարակական ու քաղաքական երկարատեւ ճնշման պարագայում։
Մեկնաբանելով օրինագծի ընդունումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես նկատել է. «Մենք շնորհակալություն ենք հայտնում սենատոր Փիթերսին իր առաջնորդության համար եւ ողջունում ենք Սենատի կողմից օրինագծի ընդունումը՝ որպես Արցախի ցեղասպանության համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն եւ Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան զսպելուն ուղղված առաջին քայլ։ Իր հերթին, նախագահ Բայդենը, հաշվի առնելով իր դերը Արցախի էթնիկ զտման գործընթացում Ադրբեջանին զինելու գործում, այս պահին պետք է անի շատ ավելին, քան պարզապես ազդարարի ԱՄՆ գործող օրենսդրության կիրառման պատրաստակամության մասին, օրինակ՝ ԱՄՆ-ն կարող է առաջնորդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւ՝ հաստատելու միջազգային մանդատ, որը կապահովի հայության անվտանգ եւ կայուն վերադարձ դեպի Արցախ»։
Օրինագծի ներկայացման ժամանակ սենատոր Փիթերսը մանրամասնորեն ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան՝ սկսած շուրջ տասնամսյա շրջափակումից մինչեւ սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիա։ Վկայակոչելով այն, որ նախագահ Բայդենը Ադրբեջանի շարունակապես աճող ագրեսիայի պարագայում չի դադարեցրել վերջինիս տրամադրվող օժանդակությունը՝ Փիթերսը Սենատի իր գործընկերներին հորդորել է գործել՝ ասելով. «Եթե մենք քայլեր չձեռնարկենք, երբ երկրները դիտավորյալ անտեսում են իրենց հետ մեր համաձայնագրերի պայմանները, մեր համաձայնագրերը կդառնան իրականում անիմաստ եւ անատամ: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին միանալ ինձ՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, գործադրելու մեր պայմանավորվածությունները եւ չհրահրված ագրեսիայի պայմաններում կանգնելու հայ ժողովրդի կողքին»:
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, հայ համայնքի ակտիվ ներգրավմամբ, շարունակելու է աշխատանքը «907-րդ բանաձեւի» ամբողջական կիրարկումն ապահովելու համար՝ խրախուսելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում երկու օրինագծերի անհապաղ ընդունումը, որոնք կարգելափակեն ԱՄՆ ռազմական օժանդակությունն Ադրբեջանին՝ ամբողջությամբ չեղարկելով «907-րդ բանաձեւի» շրջանցման նախագահական լիազորությունները: Ներկայացուցիչների պալատում գտնվող օրինագծերի նախագծերով նաեւ առաջարկվում է ընդլայնել Հայաստանին տրամադրվող հումանիտար եւ ռազմական օժանդակությունը՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, ինչպես նաեւ օգնություն ցուցաբերել Արցախից բռնի տեղահանված հայությանը։
ՀԱՍՏԱՏԵԼ Է ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից հայտնում են՝ ի պատասխան նախագահ Անդրանիկ Քոչարյանի 13.11.2023 թ. գրության՝ Սամվել Շահրամանյանը հաստատել է իր մասնակցությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:
ՀԱՊԿ-Ի ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԸ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները շահագրգռված են «Ադյուտանտ» ունիվերսալ թիրախային ուսումնական համալիրի ձեռքբերմամբ։ Այս մասին հայտարարել է Իժեւսկի «Կուպոլ» էլեկտրամեխանիկական գործարանի գլխավոր տնօրեն Ֆանիլ Զիյադդինովը, որին մեջբերում է «ՏԱՍՍ»-ը։
Նա նշել է, որ ընկերությունը շարունակում է ընդլայնել «Ադյուտանտ» համալիրի տեսականին եւ հնարավորությունները, որի գնման համար հետաքրքրություն է դրսեւորվում արտասահմանյան գործընկերների կողմից: «ՀԱՊԿ երկրներից մատակարարումների նկատմամբ հետաքրքրություն կա»,- ասել է Զիյադդինովը՝ Dubai Airshow 2023 միջազգային օդատիեզերական ցուցահանդեսի շրջանակներում։
«Ադյուտանտ» համալիրը հակաօդային պաշտպանության անձնակազմի պատրաստման ամենաժամանակակից թիրախային համակարգերից է։
ՊՆ-Ի ԽՆԴՐԱՆՔԸ
Կառավարությունը նոյեմբերի 17-ին գույք հետ վերցնելու եւ ամրացնելու մասին որոշում կայացրեց:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին՝ խնդրելով ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ընթացքում ապամոնտաժված արգելափակոցները, երկաթբետոնյա կանգնակները հանձնել ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Հետեւաբար որոշվել է Մ-2, Երեւան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ131+500-կմ139+000,կմ142+000-կմ150+700, կմ150+700-կմ167+600, կմ182+532-կմ190+000, կմ196+000-կմ202+200 հատվածների եւ Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ97+020-կմ104+700 հատվածի հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում ապամոնտաժված ճանապարհային տարրերն ամրացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը:
ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ԶԱՐԴԱՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Երեւանում ամանորյա զարդարանքները փակցնելու ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Հանրապետության հրապարակում տեղադրում են Ամանորի խորհրդանիշ եղեւնին։ Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ 2023-2024 թվականի ամանորյա զարդարանքների համար հատկացվել է 202 մլն 406 հազար դրամ գումար՝ գրեթե 500 հազար ԱՄՆ դոլար։
Ինչպես անցած տարի, այս տարի եւս այն իրականացվել է մեկ անձից գնման եղանակով։ Երեկ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասուլիսի ընթացքում նշեց, որ չի բացառում, որ անհրաժեշտություն կարող է լինել ֆինանսական հավելյալ միջոցներ տրամադրել, սակայն խուսափեց գումարի հստակ չափ նշել։ Այս ամենը քաղաքացիների շրջանում անհանգստություն է առաջացրել, որ կարիք չկար նման մեծամասշտաբ տոնակատարություն իրականացնել եւ միլիոններ հատկացնել այն դեպքում, երբ 21-րդ դարում 2023 թվականը պատմության մեջ գրվեց Արցախը ունենալու վերջին եւ այն կորցնելու առաջին տարին։
Նախորդ տարիներին, օրինակ՝ 2018 թվականին, ամանորյա զարդարանքների համար ծախսվել է 222 մլն ՀՀ դրամ, 2019-ին՝ 355 միլիոն դրամ։ Ըստ պետական գնումների armeps.am համակարգի՝ Երեւանի քաղաքապետարանի եւ «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջեւ պայմանագիրը կնքվել է 2023թ. նոյեմբերի 7-ին։
Ըստ պայմանագրի՝ այդ ընկերությունը մայրաքաղաքում տեղադրելու է տոնական լուսավորության սարքավորումներ։ Հարկ է նշել, որ այս ընկերությունը Երեւանի ամանորյա ձեւավորումը կատարել էր նաեւ նախորդ տարի, կրկին՝ առանց մրցույթի։
Այդ ժամանակ տոնական ձեւավորման համար հատկացվել էր 191 միլիոն դրամ։ «Սինեմարտ» ՍՊԸ-ն, ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, հիմնադրվել է 2008 թվականի հոկտեմբերի 23-ին։ Ընկերության տնօրենն ու 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի ղեկավար Ռուբեն Շահինյանն է։ Քաղաքացիների մի մասը կողմ է, որ, ամեն դեպքում, արժե նման ծախսեր կատարել, եւ ինչո՞ւ պետք է Երեւան քաղաքը չունենա ամանորյա զարդարանք։ Այսպիսով, սպասենք գնումների նոր գործընթացների՝ տեսնելու համար, թե որքան կավելանա նախանշված 202 միլիոն դրամը։