ԱՐՑԱԽԻ ՇՏԱԲԸ ՉԻ՞ ԳՈՐԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 19-ից՝ արցախյան վերջին մարտական գործողություններից հետո, գրեթե 100 հազար եւ ավելի արցախցիներ բռնի տեղահանվեցին Հայաստան։

 

Տեղահանվածներից շատերը Հայաստանում ստացան աջակցություն՝ պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցների տեսքով։ Արցախը կորցնելու հետ մեկտեղ կորցրեցինք նաեւ պատմական եւ մշակութային այն արժեքները, որոնք հայ լինելու մեր ԴՆԹ-ն էին եւ Արցախում հայերի լինելու ապացույցը, հետքը։

Արցախցիների՝ Հայաստան գալուց հետո այստեղ նրանց օգնության համար ուղղորդում էին Արցախի տեղեկատվական շտաբ, որը գտնվում էր Երեւանում՝ Աբովյան 9 հասցեում։

«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր. «Հերթեր՝ Արցախի օպերատիվ շտաբի դիմաց. արցախցիների դիմումները մնում են օդում կախված»։ Օդում կախված դիմումները այդպես էլ պատասխան չստացան, քանի որ օրերս վերջնականապես փակվեց Արցախի տեղեկատվական շտաբը։ Արցախցիները պատմում են, որ դիմումներ են ներկայացնում սոցիալական աջակցություն տանալու, կացարանի կամ այլ հարցերով, բայց իրենց դիմումներն այդպես էլ չեն ընդունում։ Դրա փոխարեն՝ ուղորդում են մի կառույցից մյուսը, պատճառաբանում են, թե իրենց հերթը չի հասել, կամ էլ այդ հարցն իրենց տիրույթում չէ:

Շենքի պատին փակցված ցուցանակը, որը ուղղորդում էր քաղաքացիներին, թե որտեղ է գտնվում Արցախի տեղեկատվական շտաբը, հեռացվել է, եւ փակցված մնացել է միայն Արցախի դրոշը։ Այժմ արցախցիների եւ Արցախի կառավարության միջեւ կապը պահվում է միայն Հայաստանում Արցախի ներկայացուցչության միջոցով, որը գտնվում է  Նաիրի Զարյան 17ա հասցեում։

«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի եւ Մետաքսե Հակոբյան հետ, նրանք տեղեկություն չունեին շտաբի փակման վերաբերյալ. «Ես ձեզնից եմ տեղեկանում, որ Արցախի շտաբը այլեւս չի գործում»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Հավելենք նաեւ, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հրավեր է ուղարկել նաեւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին. վերջինս համաձայնել է։

Սամվել Շահրամանյանին քննիչ հանձնաժողով հրավիրել են ոչ թե որպես Արցախի նախագահի, այլ որպես 2018-2020 թվականների ընթացքում ԱԱԾ նախկին տնօրենի։

Հիշեցնենք նաեւ, որ վերջերս Արցախի ներկայացուցչության դիմաց լարված իրավիճակ է եղել, որի ընթացքում արցախցիները պահանջել էին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի հրաժարականը։ Սամվել Շահրամանյանն էլ իր հերթին հայտարարել էր. «Արցախի Հանրապետությունը լուծարված չէ, ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը: Սրան ես պատասխանը տալու եմ հանրային ձեւով, առաջիկայում ես այս բոլոր հարցերին անդրադառնալու եմ ե՛ւ այդ փաստաթղթին, ե՛ւ այն փաստաթղթին, որն ընդունվել է ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով։

Որեւէ մեկի մոտ թող կասկած չառաջանա, որ եթե մենք իմանայինք, որ մենք կարող ենք հաղթել այդ ռազմական գործողություններում, մինչեւ վերջ կգնայինք:

Մենք խնայել ենք մեր տղերքին, քաղաքացիական բնակչության կյանքը», – պնդեց նա։

 

 

ԿՄԵԿՆԵՆ ՀՌՈՄ

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը դեկտեմբերի 3-6-ը կմեկնեն գործուղման Իտալիա:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ից տեղեկացավ, որ Ռուբեն Ռուբինյանը եւ Արմեն Ռուստամյանը Հռոմում միասին կմասնակցեն ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին:

Նրանց գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը, կկատարվեն պետբյուջեի հաշվին:

 

 

ԳՆԴԱԿԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՇՏՈՒՄ

Տարածաշրջանում ձեւավորված նոր իրողությունների շրջանակներում մենք որեւէ խոչընդոտ չենք տեսնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։

Նա նշել է, որ, բառախաղերի փոխարեն, շատ կարեւոր է, որ հայկական կողմը կոնկրետ քայլ անի եւ նստի բանակցությունների սեղանի շուրջ։

«Մենք ասում ենք, որ, երրորդ կողմերին օրակարգ մտցնելու փոխարեն, մենք պետք է առաջ տանենք խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները: Գնդակը Հայաստանի դաշտում է»,- նշել է Հիքմեթ Հաջիեւը։

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆԴԴԵՄ ԱՄՆ-Ի

Ադրբեջանի խորհրդարանում ստեղծված հանձնաժողովը հայտարարություն է պատրաստել ԱՄՆ-ի դեմ։

Միլի մեջլիսի նիստում խոսնակ Սահիբա Գաֆարովայի առաջարկով հայտարարության ընդունման համար ստեղծվել է հանձնաժողով։ Այն գլխավորել է Զիյաֆեթ Ասքերովը, հանձնաժողովի անդամներ են դարձել Սամեդ Սեիդովը, Թուրալ Գյանջալիեւը, Հուդրաթ Հասանղուլիեւը, Քյամիլա Ալիեւան եւ Թամամ Ջաֆարովան։ Ադրբեջանի խորհրդարանի ընդունած հայտարարությունում նշված է. «Միլի մեջլիսը վճռականորեն մերժում է ԱՄՆ Սենատում ընդունված ակտը՝ ընդդեմ Ադրբեջանի, եւ այն համարում է լուրջ հարված երկու երկրների միջեւ հարաբերություններին։ Դա լուրջ խոչընդոտ է ստեղծում  տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերի համար։ ԱՄՆ Սենատի ընդունած ակտը երկակի չափորոշիչների եւ ընտրովի վերաբերմունքի վառ օրինակ է։ Երբ Հայաստանն ընդլայնեց օկուպացիան Ադրբեջանի դեմ, կատարվեցին Խոջալուի ցեղասպանությունն ու ադրբեջանցի բնակչության զանգվածային սպանությունները: Որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ՝ չփորձեցիք կանխել այդ գործողությունները, հակառակը, ընդունեցիք 907-րդ լրացումը Ադրբեջանի դեմ։ Արդյունքում ԱՄՆ ֆինանսական աջակցությունն օգնեց Հայաստանին օկուպացնել ադրբեջանական հողերը։

Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցել է անջատողական ռեժիմին, որն ստեղծվել էր Ադրբեջանի տարածքում։ ԱՄՆ ներկա գործողությունները, որպես միջնորդի, հանգեցրել են նրա հեղինակության կորստին Ադրբեջանում։ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին լիակատար ձախողման է ենթարկվել։ Այս առումով պետք է հատկապես նշել քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում եւ Աֆղանստանում։ Ադրբեջանի Միլի մեջլիսը մեկ անգամ եւս հայտարարում է, որ Ադրբեջանը, հենվելով միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա, միշտ վճռական կարձագանքի բոլոր բացասական քայլերին»։

Քննարկումներից հետո հայտարարությունը դրվեց քվեարկության եւ ընդունվեց։

 

 

ԱԼԻԵՎԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ

«Մարդկության գաղութատիրական պատմության արյունալի հանցագործությունների մեծ մասը կատարել է Ֆրանսիան»,- ասվել է նոյեմբերի 21-ին «Ապագաղութացում. կանանց ուժեղացում եւ զարգացում» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի ուղերձում (ինչպես հաղորդում է Trend-ը)։

«Ֆրանսիան, որը օկուպացրել է Աֆրիկայի, Հարավարեւելյան Ասիայի, Խաղաղ օվկիանոսի, Ատլանտյան եւ Հնդկական օվկիանոսների, Լատինական Ամերիկայի տասնյակ երկրներ, երկար տարիներ թալանել է նրանց հարստությունը եւ ստրկացրել նրանց ժողովրդին, այդ տարածքներում բազմաթիվ ռազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ հանցագործություններ է կատարել: Զինված ուժերը ցեղասպանության են ենթարկել հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների իրենց ազգային պատկանելիության եւ կրոնական պատկանելիության պատճառով: Ստրուկների առեւտուրը, որով ակտիվորեն զբաղվում էր Ֆրանսիան, մարդկության պատմության ամենախայտառակ էջերից մեկն է: Միլիոնավոր աֆրիկացիներ դարձել են ֆրանսիական ստրկատիրական քաղաքականության զոհերը:

Ես կոնկրետ փաստերով բազմիցս թվարկել եմ Ֆրանսիայի կողմից իր օկուպացված երկրներում մարդկության դեմ ուղղված բազմաթիվ հանցագործությունները եւ վայրագությունները։ Մի քանի միլիոն անմեղ մարդիկ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ, սպանվել են Ֆրանսիայի կողմից Ալժիրում, Մարոկկոյում, Թունիսում, Մալիում, Ջիբութիում, Նիգերիայում, Չադում, Սենեգալում, Բենինում, Փղոսկրի Ափ, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Գաբոն, Տոգո, Կամերուն, Վիետնամ Միությունում:  Ֆրանսիան նաեւ մեծապես պատասխանատու է 1994 թվականին Ռուանդայում ավելի քան 800,000 թութսիների սպանության համար», – նշել է նա:

Ապա նա խոսել է Ֆրանսիայի ներկայիս քաղաքականության մասին եւ ասել, որ այդ երկիրը խախտում է կայունությունը տարածաշրջանում: «Ֆրանսիան վարում է ռազմատենչ քաղաքականություն՝ զինելով Հայաստանին, խրախուսելով ռեւանշիստական ուժերին Հայաստանում եւ հող է նախապատրաստում մեր տարածաշրջանում նոր պատերազմներ սանձազերծելու համար։ Միեւնույն ժամանակ, Ֆրանսիան չարաշահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակը իր կողմնակալ քաղաքականությունը վարելու համար, աշխարհաքաղաքական ինտրիգներով է զբաղվում տարբեր տարածաշրջաններում եւ փորձում է օգտագործել արեւմտյան կազմակերպություններին՝ որպես պետությունների դեմ ճնշում գործադրելու միջոց», – նշել է նա:




Լրահոս