ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը կրկին հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել: Սա այս տարվա մեջ երկրորդ անգամ է, ինչ Վարդազարյանը հարցաքննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում: Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրված ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին հրաժարական տալ։ Աղմկահարույց զրույց-պահանջը տեղի էր ունեցել ընթրիքի սեղանի շուրջ, որին ներկա են եղել ոչ միայն Վարդազարյանն ու Ջհանգիրյանը, այլ նաեւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։ Հրապարակված ձայնագրությունից հասկանալի էր, որ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում անձամբ խոստովանել է, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ հրաժարական տալուն տրամադրելու համար։ Ավելին՝ վերջինս հայտարարել է, որ ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ, ու ինքը հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ տվել»։ Աղմկահարույց ձայնագրությունից եւ առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ եւ ենթարկվել է վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը այդ խայտառակ ձայնագրությունից հետո առողջական խնդիրների քողի ներքո պատրաստվում էր հրաժարական տալ: Եւ, ահա, հուլիսի 1-ին արդեն պաշտոնապես հաստատվեց Ջհանգիրյանի հրաժարականը: ՀՀ քննչական կոմիտեում նշված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը դեկտեմբերին կարճվել էր՝ հանցանքի բացակայության հիմքով։ ՔԿ-ում վկայի կարգավիճակով վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաեւ ԲԴԽ արդեն նախկին անդամներ Ստեփան Միքայելյանը, Սերգեյ Չիչոյանը եւ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը: Ընդ որում` վերջին երկուսի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշում էր կայացվել: Նշված որոշման դեմ Վարդազարյանը բողոք էր ներկայացրել, սակայն մինչ բողոքը կստացվեր, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը սեփական նախաձեռնությամբ վերացրել էր քննիչի որոշումը՝ ըստ քննչական ենթակայության գործը Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու որոշում կայացնելով։ Միեւնույն ժամանակ դատախազն արձանագրել է, որ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո ժամկետները չեն պահպանվել, քանի որ ավարտ հայտարարելու մասին տեղեկացնելուց հետո քննիչը ժամանակ չի տրամադրել բողոքարկման համար: Վարույթը Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխվելուց հետո փաստացի սառեցված վիճակում պահվել է երեք ամիս, ապա՝ կարճվել՝ հանցանքի բացակայության հիմքով։ Գործի վարույթը կարճելու որոշումը դատական կարգով վիճարկվել է։ Արդյունքում Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, բավարարել է Վարդազարյանի ներկայացուցիչների բողոքը՝ վերացնելով գործի վարույթը կարճելու որոշումը։ Դատական ակտը չի վիճարկվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչի կողմից, ըստ այդմ՝ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել։ Այժմ վարույթը վերսկսվել է:

 

 

 

 

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը մինչ պաշտոնապես քաղաքական արենա գալը՝ 2010-2013 թվականներին, աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում։ Եղել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։ Քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի հեղափոխությունից հետո, ինչպես խմբակցության անդամներից շատերը։ Ըստ 2022 թվականի հաշվետու տարվա եկամուտների եւ անշարժ գույքի մասին հայտարարագրի՝ Եղոյանը 2020 թվականին ձեռք է բերել միանձնյա սեփականությամբ հողամաս Տավուշի մարզի Դիլիջան համայնքում։ 2021 թվականին ժառանգություն է ստացել բնակարան Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բազմաբնակարաններից մեկում։ 2021 թվականի գրեթե նույն ժամանակահատվածում ժառանգություն է ստացել ավտոտնակ, սակայն Եղոյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 3 մլն 906 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 150 հազար դրամ։ Եղոյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 26 մլն 443 հազար դրամ, որից 9 մլն 519 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Եղոյանը հաշվետու տարվա եկամուտներում նշել է նվիրատվություն 1 մլն 200 հազար դրամ, իսկ եկամտի աղբյուրը նշել է՝ «հարսանիքի հյուրերի կողմից»։ Նա նվիրատվություն է ստացել նաեւ 900 հազար դրամ, որը Նոնա Աշոտի Եղոյանի կողմից է։ 1 մլն 697 հազար դրամը նվիրատվություն է Նելլի Սեդրակի Սիմոնյանի կողմից։ Եղոյանը ժառանգության կարգով ստացել է 1 մլն 697 հազար դրամ։           Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:

 

 

 

 

Նոյեմբերի 24-ին Երեւանի շախմատի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրություններ տեղի կունենան: Թեեւ ֆեդերացիայի նախագահի ընտրություններին հաշված օրեր են մնացել, բայց թեկնածուների շուրջ դեռ ակտիվ խմորումներ են գնում: Այժմ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է իմքայլական նախկին պատգամավոր, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը. նա Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 2019թ.-ի հոկտեմբերին: Մինչ այդ ֆեդերացիայի նախագահը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններին Մխիթար Հայրապետյանը չի պատրաստվում առաջադրվել, փոխարենը իր թեկնածությունը կառաջադրի ԱԺ իշխանական նախկին պատգամավոր, որի անունը հայտնի կդառնա առաջիկայում: Իշխանությունները փնտրում են ազդեցիկ, միջոցներ հայթայթող կերպար, որպեսզի կարողանա ֆեդերացիայի մշտապես մեծ պահանջները բավարարել: Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո շախմատի աշխարհի չեմպիոն Լեւոն Արոնյանը անվերադարձ հեռացավ Հայաստանից:

 

 

 

Հայաստանում մրցակցային միջավայր ձեւավորելու եւ պաշտպանելու պետական հանձնառություն ունեցող կառույցը խախտում է մրցակցային կանոնները: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մեկ անձից գնումներ կատարելիս բավականին ակտիվ է: Այդ կառույցի համար մերժելի սկզբունքով, օրինակ, այս տարվա օգոստոսին գնվել է 26 հատ օրատետր՝ մեկի համար վճարելով վեց հազար դրամից ավելի գումար, ընդհանուր՝ 163 հազար դրամ։ Մյուս պայմանագրով կրկին մեկ անձից գնման ընթացակարգով կառույցն այս տարվա ընթացքում  ծախսել է 934 հազար դրամ եւ կրկին գնել նոթատետրեր, օրացույցեր եւ այլ գրենական պիտույքներ։ Օրինակ՝ տպագրված գրիչներ գնելու համար կառույցը վճարել է 47 հազար դրամ, թղթապանակի համար՝ 55 հազար դրամ, իսկ, ահա, 50 օրացույց գնելու համար՝ 295 հազար դրամ։ Իհարկե, պետական կառույց է, թուղթ ու գրիչի՝ թեկուզ տարբերանշանով գրիչի կարիք, բնականաբար, ունի, բայց այս երեւույթի մեջ ամենազավեշտալին այն է, որ հենց Գեղամ Գեւորգյանի ղեկավարած կառույցը մեր երկրում պետք է մրցակցային միջավայրը պաշտպանի, բայց խախտում է հենց ինքը: Մեկ անձից կատարված գնումը նշանակում է, որ այլ ընկերություններ չեն կարող մասնակցել պետական մատակարարման մրցույթին, մինչդեռ Գեղամ Գեւորգյանի գլխավորած ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նպատակն է պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը ՀՀ-ում։ Փաստորեն, անգամ մրցակցային միջավայրի պատասխանատու մարմինը չի պահպանում մրցակցային միջավայրը:

 

 

 




Լրահոս