Նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստի արդյունքում հստակեցվեց, որ հերթական՝ 24-րդ ժողովը կանցկացվի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում:
ՀՖՖ նախագահի պաշտոնավարման ժամկետի լրացմամբ պայմանավորված՝ ժողովն ընտրական է լինելու։ Ավելի պարզ ասված՝ դեկտեմբերի 23-ին պետք է ընտրվի ՀՖՖ նոր նախագահ: Իսկ ովքե՞ր են հավանական թեկնածուները: Մամուլում մինչ այս պահը պտտվում էին մի քանի անուններ, սակայն դեռ պաշտոնապես իր թեկնածությունը հաստատել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսը՝ շոկի ենթարկելով իշխանական վերնախավին:
«Միշտ ասել եմ, որ կարիերայի ավարտին հայկական ֆուտբոլին օգուտ տամ: Կարծում եմ, որ հայկական ֆուտբոլն այժմ կարեւոր խաչմերուկի վրա է: Ես իմ թեկնածությունն եմ դնում ՀՖՖ նախագահի ընտրություններում: Իմ փորձով ու նվիրվածությամբ կարող եմ մեծ օգուտ բերել հայկական ֆուտբոլին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Օզբիլիսը:
Նրա թեկնածությունը հավանական է այնքանով, որ վերջինս փորձառու ֆուտբոլիստ է, նրան երկրպագուները սիրում են, հավանում են նրա խաղը, եւ, ահա, կարիերայի ավարտից հետո սեփական փորձով երիտասարդ ֆուտբոլիստների հետ կիսվելը յուրաքանչյուր ֆուտբոլասեր լավագույն որոշումը կհամարի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնողների ցանկում գտնվող ներկայիս նախագահ եւ նախկին մարզական լրագրող Արմեն Մելիքբեկյանի անվան շուրջ տարակարծություններն ամենաշատն են:
Նա իշխանության սիրելիներից է, սակայն քաղաքական էլիտան կարծում է, որ պետք չէ նրան որպես թեկնածու առաջադրել, քանի որ մրցակցություն, որպես այդպիսին, չի լինի այդ դեպքում: Այսպիսով, ստացվում է, որ իշխանական վերնախավը ՀՖՖ նախագահի թեկնածուի հարցում ձեռնունայն է մնացել: Մամուլում որպես ՀՖՖ նախագահի մեկ այլ թեկնածու է դիտարկվում Մխիթար Հայրապետյանը, որի առաջադրման մասին եւս որեւէ պաշտոնական խոսակցություն չկա: Իհարկե, նա եւս դասվում է ՀՖՖ լավագույն կառավարիչների թվին, որը սրտացավորեն կարող է ղեկավարել կառույցը, սակայն թե ինչ կորոշվի՝ Հայրապետյանի թեկնածության առաջադրման հետ կապված, դեռեւս անհայտ է:
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ
ՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ
Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է, որ հոկտեմբերի 5-ից մինչեւ նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը ճանապարհ է հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես Երեւանյան դարպասների կողքի գերեզմանոց։
«Սա այն 6 հայկական գերեզմանոցներից մեկն է, որը փրկվել է դեռեւս խորհրդային տարիներին Ադրբեջանի իրականացրած վանդալիզմի քաղաքականությունից։ Խորհրդային տարիներից դեռ Ադրբեջանը Շուշին որպես ադրբեջանական քաղաք ներկայացնելու, հայկական գործոնը Շուշիում իսպառ վերացնելու նպատակով հայկականության հետքերը մաքրելու քաղաքականության ծիրում քանդում էր նաեւ հայկական գերեզմանոցները՝ տեղը կառուցելով շենք-շինություններ։ Հիմա էլ, փաստորեն, ճանապարհի կառուցման պատրվակով քանդում է հյուսիսային գերեզմանոցը։ Այնտեղ կան 8 տասնյակի հասնող հայերի տապանաքարեր, որոնք իրենց արձանագրություններով բավականաչափ ինֆորմացիա են տալիս Շուշիի պատմության, այնտեղ ապրած մարդկանց կենցաղի, արհեստների, մշակութային ընկալումների մասին»,- «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանը։ 2020 թվականի նոյեմբերից ի վեր գերեզմանատներ քանդելու 5-րդ դեպքն է սա Մեծ Թաղերի, Սղնախի, Շուշիի եւ Վազգենաշեն գյուղի մերձակայքում գտնվող գերեզմանատների ավերումից հետո։
«Ձեդո-Բաբո»-ն կքանդե՞ն
Վերջերս համացանցում լուրեր էին պտտվում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամայել էր քանդել «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը: Ավելի ուշ սկսեցին խոսակցություններ տարածվել, թե ադրբեջանցիները արդեն սկսել են քանդել այն։ Այդ առիթով ArmLur.am-ը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։ «Այս պահի դրությամբ հստակ տեղեկություն չկա։ Ադրբեջանական թելեգրամյան ալիքներով տարբեր օգտատերեր կոչ են անում քանդել հուշարձանը, փոխարենը կանգնեցնել «Երկաթե բռունցք»-ը»։
ԳԱՂԹԻ ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ
«Անասելի ցավ ու կարոտ է հիմա հոգումս, մենակ տղերքն են ափսոս, որ իրենց արյունով պահած հողը հանձնեցին, վաճառեցին շներին: Երանի՜ տղերքը չզոհվեին…. Երանի՜ եղբայրներս կողքիս լինեին»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասում է Արարատ եւ Արայիկ Աբաղյանների քույրը՝ Արմինեն, որն Արցախից բռնի տեղահանվել է։
Արմինե Միրզախանյանը ծննդով Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից է: 44-օրյա պատերազմից հետո կրկին վերադարձել է Արցախ՝ ապրելու ու արարելու:
«Գաղթի ճանապարհը անբացատրելի նվաստացուցիչ էր. ինչեր ասես, որ չենք տեսել այդ 34 ժամում: Սկեսրայրս գաղթի ճանապարհին սրտի ինֆարկտից մահացավ: Երեխաներս վախվորած էին: Անընդհատ մտածում էի, որ մի վատ բան կպատահի»,- ասում է Արմինեն: 44-օրյա պատերազմն Արմինեից տարավ փոքր եղբորը՝ Արայիկ Աբաղյանին, իսկ 2023թ. սեպտեմբերի 19-ին զոհվեց մեծ եղբայրը՝ Արարատ Աբաղյանը: «Փոքր եղբայրս՝ Արայիկը, ավարտելով ծառայությունը, նորից անցավ ծառայության «Ցոր» զորամասում՝ համալրելով սպայական կազմը: Արայիկը մարտնչել է Ասկերանից Հադրութ ընկած հատվածներում: 44-օրյա պատերազմից հետո Արարատը շարունակեց ապրել Արցախում: Բլոկադայի օրերին համալրեց աշխարհազորայինների շարքը: Սեպտեմբերի 19-ին զոհվել է: Երկուսին էլ հուղարկավորել ենք «Եռաբլուր»-ում»,- պատմում է քույրը եւ հավելում, որ մահը լավագույններին տարավ՝ հարզատներին թողնելով ցավի, տառապանքի մեջ:
44-օրյա պատերազմից հետո ծնողները հաստատվել են Մասիսում, իսկ ինքն ընտանիքի վեց անդամների հետ բնակվում է քաղաք Հրազդանում:
ԸՆԴԳՐԿՎԵԼ ԵՆ ՕՐԱՑՈՒՅՑՈՒՄ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի՝ նոյեմբերի 7-ից 22-ը Փարիզում ընթացող 42-րդ նստաշրջանի ընթացքում որոշում է ընդունվել Շառլ Ազնավուրի եւ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում ընդգրկելու վերաբերյալ:Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին ՀՀ ԱԳ նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կողմից վերոնշյալ հայտերը ներկայացվել են գործընկեր երկրների հետ համատեղ՝ ստանալով զգալի աջակցություն մի շարք անդամ երկրների եւ երկրների խմբի կողմից։ Մասնավորապես, ֆրանսահայ հռչակավոր երգիչ, երգահան, դերասան Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի վերաբերյալ հայտը համատեղ կերպով ներկայացվել է Հայաստանի եւ Ֆրանսիայի կողմից՝ Անդորրայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Մոնակոյի, Պորտուգալիայի, Սենեգալի եւ ավելի քան 80 անդամ ունեցող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն դեսպանների խմբի աջակցությամբ։ Անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի վերաբերյալ հայտը համատեղ կերպով ներկայացվել է Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի կողմից՝ ստանալով Կիպրոսի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լիբանանի եւ Լեհաստանի աջակցությունը։